Ավելի քան մեկ տասնամյակ հայոց Սուրբ Փրկիչ հիվանդանոցում անբովանդակ կյանքով ապրող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար երկար սպասված վախճանը ի վերջո հասավ մարտի 8-ին: Թերի կլինի ասել, որ իր կարճ կյանքի ընթացքում նա շատ տառապեց: Նա խորագիտակ անձնավորություն էր եւ անկախ, ինքնուրույն մտածողության տեր մի հոգեւորական, որ մեծ ազդեցություն էր թողել ստամբուլահայ համայնքի կյանքում՝ ինչպես իր կյանքի ակտիվ տարիներին, այնպես էլ հետագայում, երբ կապը կտրել էր իրեն շրջապատող աշխարհի հետ:
Հայ նշանավոր գրող եւ խմբագիր Ռոբերտ Հատտեճյանն իրավացիորեն նշել է, որ նա ավելի շատ է ազդեցություն գործել համայնքի վրա, երբ կորցրել էր գիտակցությունը, քան երբ կարողանում էր վերահսկել իր ֆիզիկական ու մտավոր գոյությունը, որովհետեւ բավականաչափ վիճահարույց իրավիճակներ ստեղծվեցին իր անկարողության պատճառով: Նա վերջալույսի, անկման մի ամբողջ տասնամյակ պարգեւեց թրքահայությանը:
Բավականաչափ առողջ չէր, որ կարողանար կատարել իր պարտականությունները, որպես համայնքի հոգեւոր առաջնորդի, ոչ էլ մահացած, որպեսզի հնարավոր լիներ կտրել Գորդյան հանգույցը եւ անցկացնել իրեն փոխարինողի ընտրություն:
Համայնքը դժոխքի միջով անցավ կարողանալ մշակելու համար մի հարմար ծրագիր, իսկ թուրքական կառավարությունը ամեն ջանք գործադրեց խոչընդոտելու համար որեւէ առաջընթաց այդ բնագավառում:
Մութաֆյան արքեպիսկոպոսը պատրիարքի գահին էր բազմել Ստամբուլում 1998-ի հոկտեմբերի 14-ին եւ ավելի քան տասը տարիներ նվիրվածությամբ ծառայել էր իր հոտին, զարգացնելով էկյումենիկ կապերը այլադավան համայնքների հետ: Ի հակադրություն իր հնացած բարոյական սկզբունքների, իր խարիզմատիկ կերպարի շնորհիվ շատ երիտասարդներ վերագտան իրենց նախնիների հավատը եւ սկսեցին եկեղեցի հաճախել:
Պետության հետ իր հարաբերությունները շատ ավելի բարդ էին: Նա ստիպված էր պիրկ ձգված պարանի վրայով քայլել կարողանալ մի կողմից իշխանություններին հաճոյանալու, եւ մյուս կողմից իր հոտի շահերը պաշտպանելու համար: Նա նույնիսկ ինքնակամ թույլ տվեց, որ թուրքական կառավարությունը իրեն օգտագործի որպես «քաղաքական գործիքի», երբ սկսեց պայքարել տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերի դեմ, եւ հանուն Թուրքիայի անդամակցությանը Եվրամիություն:
Նման վարվելակերպն, անշուշտ, իր դեմ տրամադրեց ամբողջ աշխարհի հայությանը: Բայց դրանով նա չկարողացավ անվտանգության երաշխիքներ պոկել կառավարությունից: Նա ստացավ մահվան սպառնալիքներ եւ անգամ իր վարչական գլխավոր կենտրոնը ենթարկվեց ռմբակոծման:
Կարծիք կա, որ նրա ֆիզիկական եւ մտավոր առողջության քայքայումն սկսվեց Հրանտ Դինքի թաղման արարողության ժամանակ: Չնայած ինքը բոլորովին տարբեր ուղի էր ընտրել համագործակցելու թուրքական իշխանությունների հետ, Դինքի սպանությունը ամբողջապես ցնցեց նրան: Գուցե այդ ժամանակ էր, որ նա հասկացավ Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վեպի քահանայի (Ղարիբ տերտերի) կերպարանափոխվելը: Բայց այդ պահից սկսած նա հանգստություն չգտավ եւ իր ֆիզիկական ու մտավոր կարողությունները անողոքաբար վատթարացան:
Մարտի 8-ին, ժամը ուղիղ 12.15-ին, երբ պատրիարքը վախճանվեց, առաջնորդական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին էր հանդիպում Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցում: Դա, անշուշտ, խորհրդանշական զուգադիպություն էր, քանի որ այդ եկեղեցին խորհրդանշում է անձամբ իր՝ Մութաֆյան արքեպիսկոպոսի եւ իր ժողովրդի թշնամիներով շրջապատված լինելու հանգամանքը: Սուրբ Կիրակոս եկեղեցին առգրավված էր թուրքական կառավարության կողմից, հետո վերադարձված՝ հայկական համայնքին, վերակառուցված հայերի եւ տեղի քուրդ քաղաքապետի ջանքերով, ապա նորից քանդված Էրդողանի կառավարության ձեռքով, երբ վերջինս ոչնչացման քաղաքականություն սկսեց վարել քուրդերի դեմ:
Հանդիպման ժամանակ, «Բարեպաշտ ու բարեսիրտ» Էրդողանը, որ վերահսկում էր եկեղեցու երկրորդ վերականգնման աշխատանքները, թվիթերյան իր էջում ցավակցություն էր հայտնում Մութաֆյանների ընտանիքին եւ Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին… հայերեն լեզվով:
Մինչ հիվանդանոցի իր մահճում անգիտակից պառկած էր պատրիարքը, կառավարությունը ամեն ջանք գործադրում էր խուսափելու համար վերջնական ու հստակ պատասխան տալուց համայնքին՝ նոր պատրիարքին ընտրության կապակցությամբ: Այդ խուսափողական կեցվածքն էլ համայնքը բաժանել էր երկու մասի, որոնցից մեկը պահանջում էր նոր պատրիարքի ընտրություն, իսկ մյուսը՝ աթոռակից պատրիարք:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Հոդվածն ամբողջությամբ ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում