Երևանից օրեր առաջ հնչեցված դիրքորոշմանը երեկ արձագանքել է պաշտոնական Բաքուն։ Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխության, այլ դրա վերականգնման առաջարկ է։
Արձագանքելով վերոնշյալ դիրքորոշմանը՝ Բաքուն մասնավորապես ընդգծել է, թե «չկան փաստաթղթեր և որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությունը»։ Անդրադառնալով հայտարարությանն ու արձագանքին՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց.
«Ն. Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Թեև այդ հայտարարությունը արժանանացավ ինչպես ներքին, այնպես էլ Ադրբեջանի քննադատությանը, բայց նա այդ ուղեգիծը պահեց, ինչն արտաքին քաղաքականության առումով ճիշտ է։ Բանն այն է, որ ասվել է մի բան, ինչը մեծ հաշվով ընկալվում է որպես հայանպաստ։ Իհարկե, մենք երկրի ներսում կարող ենք տարբեր դիրքորոշումներ ունենալ վերոնշյալի մասին, բայց դրսում, առավել ևս՝ Ադրբեջանի կողմից, այն ընկալվում է որպես հայանպաստ տարբերակ։
Այդ պատճառով էլ վերջինս հակադարձում է։ Իսկ որոշ ժամանակ հետո հայանպաստ հայտարարությունից հետ կանգնելը կարող էր անսկզբունքային ու թույլ քաղաքականության տպավորություն թողնել, բայց, փաստորեն, Ն. Փաշինյանը մինչ այս պահն այդ ուղեգծին հավատարիմ է»,-ասաց Է. Էլբակյանը։
Քաղաքագետի խոսքերով՝ բնական է և պարզ, որ Ադրբեջանը պետք է հակադրվեր և նման կերպ արձագանքեր։ Նրա դիտարկմամբ, պաշտոնական Բաքվի երեկվա արձագանքը բառախաղերի ու մանիպուլ յացիայի դաշտից է։ «Այն, որ Արցախը բանակցային ձևաչափում միշտ է ներգրավված եղել, փաստ է, ուղղակի մասնակցության աստիճանի, մակարդակների տարբերություն կա։ Հիմա պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսվում։ Երբ ասում ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան կամ նորից բանակցային կողմ դառնա, նկատի ունենք Արցախի մասնակցության այն աստիճանը, որը կար 90-ականների վերջին։ Օրինակ, երբ համանախագահները հակամարտության լուծման փուլային, փաթեթային և ընդհանուր պետության տարբերակներն էին հեղինակում, նրանք օրինակներն ուղարկում էին Երևան, Ստեփանակերտ և Բաքու, և երեք կողմից էլ արձագանքի էին սպասում։ Այսինքն, երբ ասվում է, որ Արցախը պետք է վերադառնա, նկատի ունեն մակարդակը։ Անգամ 2000-ական թվականներին, երբ ընդունված է ասել, որ Արցախին դուրս հանեցին բանակցային գործընթացից, վերջինս իրականում եղել է գործընթացի մեջ»,-ընդգծեց Է. Էլբակյանը՝ այդ համատեքստում օրինակ բերելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այցերն Արցախ։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում