Խորհրդային տարիներից որոշ թեմաներ շրջանցելու ավանդույթ էր ձևավորվել, հավանաբար տպավորություն առաջացնելու համար, թե դրանք իրականում չկան, իսկ եթե կան, ապա մեզ չեն վերաբերում: Դրանցից մեկն էլ հոգեկան առողջության թեման էր: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ մոտեցումը մնաց ժողովրդի «մտքում» և, օրվա հոգսերով տարված, հաճախ շատերի ուշադրությունից դուրս են մնում հոգեկան տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց ու նրանց շրջապատի կյանքն ու ճակատագիրը: Չնայած ոլորտը գտնվում է պետական վերահսկողության ներքո, սակայն անցած 30 տարիների ընթացքում այն հասցրել էր բավականին խնդիրներ կուտակել, և դրանք այնքան շատ էին, որ դրանց մեկ հոդվածում անդրադառնալ հնարավոր չէ: Բայց որ այս մասին բարձրաձայն խոսելու անհրաժեշտություն կա, միանշանակ է:
Արդեն մի քանի ամիս է՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով սիրով համաձայնեց պատասխանել «Փաստի» կողմից ուղարկված գրավոր հարցերին, որոնք ներկայացնում ենք առանց լրացուցիչ մեկնաբանությունների:
– Պարոն Խաչատրյան, ձեր ղեկավարած կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերից մեկում գրված է, որ կառույցում այլևս տաբուներ չկան, բաց քննարկման ենթակա են նույնիսկ այն խնդիրները, որոնք անգամ աշխատակիցների համար են ցավոտ: Խնդրում եմ ասեք, ո՞րն է ամենացավոտ հարցը, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել:
-Խնդիրները բազմազան են, սկսած հիվանդների իրավունքների և ազատությունների պաշտպանությունից ընդհուպ մինչև հասարակ կենցաղային խնդիրները, մաքրությունը և արժանավայել կեցությունը, բուժումը, խնամքը, կոյուղին և ջրամատակարարումը, ջեռուցումը, հիվանդանոցի՝ նախկինում կուտակված տասնյակ միլիոնավոր դրամի պարտքերը… Սրանցից յուրաքանչյուրի մասին և էլի տասնյակ ցավոտ թեմաներով ժամեր կարող եմ պատմել, բայց արդեն նաև այս երկուսուկես ամիսների ընթացքում արված աշխատանքի և ակնհայտ փոփոխությունների մասին շատ բան կա ասելու:
– Ոլորտն իսկապես ծանր է, ինչ-որ տեղ նաև փորձաքար բժիշկ-մասնագետների աշխատանքի և որպես մասնագետ կայանալու համար, եթե համեմատենք այլ երկրների համանման կառույցների հետ, ի՞նչ մակարդակի վրա են Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների բուժման, նրանց հանդեպ բուժանձնակազմի վերաբերմունքի հարցերը, եթե հաշվի առնենք, որ ՄԻՊ զեկույցում բավականին ցավալի արձանագրումներ կային:
– Հոգեբուժական ծառայությունները Հայաստանում լրջագույն փոփոխությունների կարիք ունեն: Մի շատ կարևոր տարբերություն այլ երկրների հետ այն է, որ մենք կարիք ունենք ավելի շատ խոսելու հոգեկան առողջության պահպանման մասին,ավելի շատ գործ անելու այդ ուղղությամբ, քան հենց հոգեկան հիվանդությունների բուժման: Նմանություններից` մեր բժիշկ մասնագետները ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն, ի զորու են և ցանկություն ունեն լուծելու իրենց առաջ կանգնած բոլոր մարտահրավերները:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում