Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա հստակ մոտեցում-պատկերացում չի ձեւակերպել․ «Ազգ»

Մարտ 23,2019 10:35

Որեւէ երկրի ղեկավարի ասուլիսից հետո լրագրողը կամ տվյալ երկրի քաղաքացին ինքն իրեն կարող է հարցնել`ստացա՞վ երկրի համար կարեւորագույն հարցերի պատասխանը, տվե՞ց երկրի ղեկավարն այդ հարցերի պատասխանը: Մեր դեպքում` Նիկոլ Փաշինյանի երկրորդ մեծ ասուլիսից հետո կարող ենք պատասխանել`մասամբ` այո, մեծ հաշվով` ոչ: Ու թեեւ հենց ինքը, Նիկոլ Փաշինյանն ասաց լրագրողներին, թե սոցիալական ցանցերում քննարկվող եւ սկանդալային հարցերը չտվեցիք, այնուամենայնիվ, մամուլին իրականում սկանդալային հարցերը չպիտի հետաքրքրեն, այլ ողջ հանրության հուզող հարցերն ու նրանց պատասխանները:

Օրինակ` մենք չունենք այն հարցի պատասխանը, թե Արցախի հարցի լուծման ո՞ր պատկերացնումներով է Հայաստանն ընդառաջ գնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պաշտոնական հանդիպմանն ի վերջո, անկախ հնչող առաջարկներից` ո՞ր մոտեցումը, մինչեւ ո՞ր փոխզիջումն է մեզ համար ռուբիկոնը, որից այն կողմ, ինչ առաջարկ ում կողմից էլ հնչի ` մենք չենք կարող ընդունել: Առհասարակ` Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը միչեւ հիմա հստակ մոտեցում-պատկերացում չի ձեւակերպել: Իսկ բանակցությունների սեղան Արցախի վերադարձի մերժմանն ի պատասխան մեր երկրի որդեգրելիք կեցվածքի մասին «Ազգի» հարցին ի պատասխան էլ վարչապետը չխոսեց այդպիսի մոտեցումից, այլ հղում արեց կնքված նախկին եռակողմ համաձայնագրերին, ուր Արցախը հակամարտող կողմերի մեջ էր նշվում: Հա, միգուցե այդ փաստերի հիշեցումն օգտակար է երիտասարդ սերնդի համար, այդ թվում` «քայլած» երիտասարդ լրագրողների, որոնք Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքը չեն հիշում հասկանալի պատճառով, ու այդ իմաստով գովելի է վարչապետի` փաստերով զինված ասուլիսի գալը:

Իսկ քանի որ ձգձգված ասուլիսում շատ առանցքային հարցեր դուրս մնացին, մենք այդ հարցերից երկու -երեք ամենակարեւորներից հիմա՛ կուղղենք` վարչապետ Փաշինյանը միշտ էլ հնարավորություն ունի այդ հարցերին պատասխանելու, մանավանդ` բոլոր հարցերի պատասխանը բոլորը հենց նրանից են սպասում, ու դա էլ մի ուրիշ պրոբլեմ է:

ՀԱՐՑ 1. (Մեկնաբանությամբ) – Վարչապետին գերլիազորություններով օժտելիս` նախորդ իշխանությունը դա արել էր այն հեռանկարով, որ վարչապետ լիներ Սերժ Սարգսյանը` այդ պաշտոնի քաղաքական մասը վերցնելով իր վրա, իսկ տնտեսության զարգացման պատասխանատվությունը կիսեր առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այսինքն` գերմարդու լիազորություններ պարունակող իրավասությունը արդեն իսկ երկու մասի էր բաժանվելու: Մի մարդու համար իրոք բեռ է`արտերկիր բազմաթիվ այցեր, պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարների ընդունելություն, քաղաքական-աշխարհաքաղաքական խնդիրների խորքից իմացություն եւ ուղղորդում: Այս դժվար բեռից էլ ավելի դժվար է համակարգել տնտեսությունը`դա եւս գերազանց իմանալով: Մինչդեռ տնտեսության արդյունավետ կառավարման համար տնտեսական գործիքներին եւ իրողություններին խորքից եւ մասնագիտորեն իմանալը թիվ մեկ պայման է:

Երբ հետեւում ես կառավարության նիստին (դիցուք` այս վերջինին), զգում ես, որ ամեն նախարար ու պաշտոնյա, իր ոլորտը լավ իմանալով եւ հանուն ոլորտի շահի պայքարելով` վերմակը ձգում է իր կողմը, ուզում է հարցի իր պատկերացումն անցկացնել, ու դա ամբողջության մեջ երկրին այդ պահին օգո՞ւտ է, թե՞ վնաս` թվում է մինչեւ հարցի զեկուցումը ոչ ոք մինչեւ վերջ չի հաշվեկշռել: Ու ամեն ինչ կախված է լինում նրանից, թե վարչապետ Փաշինյանն այդ պահին ինչպես կըմբռնի հարցը, կհասցնի՞ խորանալ մինչեւ ամենավերջին ենթատեքստերը, կնկատի՞ այս կամ այն շահը: Այնպես որ` զուտ հասցնելու առումով չարժեր կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը, ու, քանի կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագիծն օրենք չի դարձել, արժեր մտածել այս մասին, գտնել այնպիսի մարդ, որը տիրապետում է բոլոր տնտեսական իրողություններին: Արդյոք այս ուղղությամբ մտածո՞ւմ է վարչապետը, հարցս սա է:

ՀԱՐՑ 2. – Մեր ուղեւորափոխադրման սարսափելի եւ անընդունելի պատկերը վաղուց դարձել է բոլորիս խնդիրը, ե՞րբ կսկսվի տրանսպորտի խնդրի կարգավորումը, երբ այլեւս պառկած չենք երթեւեկի, բոլորս հոգնել ենք մի ուրիշ կարգի:

ՀԱՐՑ 3. – Ե՞րբ Երեւանի հատկապես ոչ կենտրոնական թաղամասերում մայթերը կդադարեն խանութներին սպասարկող տարածքներ լինել, այսինքն` խանութներ կբացվեն այնտեղ, որտեղ հարակից տարածք կա, ու խանութի կողքով անցնող ճանապարհը, մայթերը խցանված չեն լինի առաքիչների մեքենաներով կամ ապրանքների արկղերով` տրանսպորտի համար խոչընդոտներ ստեղծելով: Սա աստիճանաբար անլուծելի խնդիր է դարձել, իսկ տրանսպորտային միջոցներն այդ տարածքներով անցնում են մեծ դժվարությամբ:

Հարցերը շարունակելի են: Առայժմ այսքանը:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031