Կառավարության որոշումը՝ ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել որպես Քաղաքացու օր, հեղափոխականների կողմից ընդունվեց խանդավառությամբ, իսկ մեկ տարի առաջ պարտություն կրածների կողմից՝ ցավով: Նման օր հռչակելու ընդհանուր տրամաբանության հետ ես համաձայն եմ. քաղաքացիները, որոնք երկու տասնամյակից ավելի վստահ էին, որ իրենցից ոչինչ կախված չէ, հանկարծ հասկացան, որ իրենք կարող են գործոն լինել:
Դա կարեւոր նվաճում է, բայց դա քիչ է՝ տոն հռչակելու համար: Տոն են նշում, երբ կան ոչ միայն հիշողություններ՝ ինչ-որ բան մերժելու մասին կամ ուրախություն՝ այս կամ մարդուն ազատազրկելու առթիվ, այլեւ դրական օրակարգ՝ ինչ-որ բան, որը գոյություն ունի, որը ստեղծվել է «մերժվածի» փոխարեն: Իսկ դա չի կարող ստեղծվել մի տարում: Քանի որ չկա, տոնն էլ «չի աշխատի»:
Ինչպե՞ս է նշվելու Քաղաքացու օրը: Հաստատ կլինի հանրահավաք եւ երթ: Գուցե արշավ լինի «մարտական փառքի վայրերով»՝ Ռադիոտուն, պետական հիմնարկներ, մետրո եւ այլն: «Պաշտոնական» լրատվամիջոցները կշարունակեն որոշակի չափաբաժիններով ցուցադրել մեկ տարվա հնության կադրեր՝ ենթադրելով, որ հեղափոխական ռոմանտիկայի հիշեցումը հասարակությանը կոնսոլիդացնող դեր է խաղում:
Հեղափոխության առաջին տարեդարձի առթիվ «Հպարտ քաղաքացի» շքանշաններ առայժմ չեն բաժանվելու՝ ակտիվիստների պարգեւատրումն, ըստ երեւույթին, սկսվելու է 3-րդ կամ 4-րդ տարեդարձից: Ակտիվիստները, սակայն, կպատմեն, թե ինչպես էին փակում ճանապարհները, ինչպես էին նրանց բերման ենթարկում եւ այլն: Արվեստի գործիչները, շոուբիզնեսի ներկայացուցիչները եւ այլ հայտնի մարդիկ տարբեր հարթակներում կրքոտ ելույթներ են ունենալու՝ ապացուցելով, որ նախորդ ռեժիմի ժամանակ իրենք հոգու խորքում (այնքան խորը, որ ոչ ոք չի նկատել) միշտ թունդ ընդդիմադիրներ են եղել ու նույնիսկ մի թեթեւ հետապնդվել են նախորդ իշխանությունների կողմից:
Մի քանի խոշոր քար կշպրտվի նախկին ղեկավարների եւ նրանց շրջապատի հասցեին: Բայց արդյո՞ք Քաղաքացու օրն այդպիսով մտնելու է մեր կենցաղի մեջ:
Կարծում եմ, տոնը, կամ որ նույնն է՝ հուշարձանը իմաստավորվում է ոչ թե միջոցառումներով, ոչ թե ասված խոսքերով, այլ արված գործերով:
Իսկ դրանք, կրկնեմ, հնարավոր չէ անել մեկ, կամ առավել եւս՝ կես տարում: Ի՞նչը կարելի է անվանել «արված գործ», ինչպե՞ս է դա չափվում: Շատ պարզ օրինակ. ասվում է, որ 2008-2018 թվականներին Հայաստանից հեռացել է 300 հազար մարդ: Եթե 2018-2023 թվականներին Հայաստան վերադառնա 150 հազար մարդ, ապա մենք իրոք բոլորս միասին կտոնենք հեղափոխության 5-ամյակը: Առայժմ 1-ամյակը տոնելը շուտ է:
Մեր մեջ ասած, հայաստանցիների մեծ մասը սրտանց տոնում է միայն մարտի 8-ը եւ Նոր տարին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ ինչու հենց Շաբաթ օրը:
«Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և կատարես քո բոլոր գործերը։ Յոթներորդ օրը Տիրոջ՝ քո Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես…» (Հմմտ նաև Բ Օր 5.12-14)։
Շաբաթ օրն արգելվում էր կրակ վառել, իսկ տոնական կերակուրը պատրաստում էին նախորդ՝ ուրբաթ օրը։ Շաբաթօրյա հանգիստը հրեաների համար հավասարազոր էր աստվածային հանգստին հաղորդակից լինելուն, ուստի շաբաթին չհետևելը և այն խախտելը ենթակա էր պատժի՝ դիտվելով Աստծու ուխտի խախտում։
Րաբբիները անգամ սահմանել էին, թե որքան կարող էր քայլել մեկը այդ օրը՝ ոչ ավելի քան մոտ 1100 մետր (Տես Գրծ 1.12)։
Քաղաքացին պետական տարրն է եւ քաղաքացու տոնը պետք է նշվի պետության մնացած պետական կառույցների տոնի հետ միասին, պետությունը եռոտանու վրա նստած գունդ է, մի ոտքը ուժային ուժն է, մյուսը՝ քաղաքական ուժն է, երրորդն էլ՝ տնտեսական ուժն է, այսօր մեր քաղաքական ուժը հավասարվեց մեր ուժային ուժին, հիմա տնտեսական ուժն էլ պետք է ուժեղացնենք ու նոր սկսենք այդ երեք ոտքերի հավասարաչափ երկարացում ուժեղացումը, հակառակ դեպքում, որպեսզի պետությունը չգլորվի այդ եռոտանուց, ստիպված կլինենք թուլացնել առաջ գնացած ուժերը, կարճ ասած՝ եթե տնտեսական հաջողության չհասնենք, մնացած հաջողությունները ջուրն են լցվելու: Էլի ներսի ջահելությունն է, որ տնտեսական հեղափոխություն կանի, իսկ դրսի ժողովուրդը որ տեսնի նրանց տնտեսական հսկայական հաջողությունները, մեծ հաճույքով նրանց կաջակցի: Մեր տնտեսության հիմքում պետք է լինի ռազմարդյունաբերությունը, դրսից մեր ազգակիցները ոչ թե փողով, այլ խելքով ու փորձով ու խորհրդով պետք է շատ արագ ու շատ կազմակերպված մասնավոր բայց պետական շահերին ծառայող լիքը մանր ու խոշոր արդյունաբերություններ բացեն ջահելության համար, իսկ պետությունը նրանց պետք է ապահովի փողով ու անվճար կրթությամբ ու անվճար առողջապահությամբ, դրանք նույնպես պետական ծառայություններ են: Այսօր մեր գիտնականն ու գործարարը պետք է հավասարվեն իրենց պետական անհրաժեշտությամբ մեր զինվորին: