Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիեւը կարող է եւ հրաժարվել այդ հանդիպումից»

Մարտ 23,2019 14:30

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում Ալիեւի մասով որեւէ նոր խոսք ակնկալելը, մեղմ ասած, միամտություն կլինի:

-Պարոն Մելիքյան, ինչի՞ արդյունք էր եւ ի՞նչ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանը չի կարող համաձայնել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը. հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

-Իլհամ Ալիեւը շարունակում է հավատարիմ մնալ ադրբեջանական կողմի բանակցային այն գծին, ըստ որի՝ Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի մի զգալի մասը եւ լինելով օկուպանտ-պետություն՝ պարտավոր է առանց ավելորդ եւ անտեղի նախապայմաններ առաջ քաշելու դուրս բերել սեփական զինուժը բոլոր ադրբեջանական «գրավյալ» շրջաններից: Ի դեպ, այդ թվում, գուցե վերջին հերթին, նաեւ նախկին ԼՂԻՄ տարածքից: Իսկ արցախայությունն էլ, ըստ կարգավորման ադրբեջանական սցենարի, ազատ կլինի որոշելու Ադրբեջանի կազմում իր կարգավիճակի հարցը: Ըստ այդմ, արցախահայությունը Ադրբեջանի կազմում կարող է ունենալ ինքնավարություն, բայց եթե նախընտրի տարալուծվել ադրբեջանական այլ վարչատարածքային միավորների մեջ, ապա Բաքուն դա եւս կողջունի ու կընդունի: Կարգավորման գործընթացի համատեքստում Ալիեւի մասով որեւէ նոր խոսք ակնկալելը, մեղմ ասած, միամտություն կլինի: Այստեղ կարեւորն այլ բան է՝ արդյոք պաշտոնական Երեւանը հանդես եկավ նոր նախաձեռնություններով հենց միայն նրա համար, որ Բաքվից մերժում ստանա ու կրկին սրի իրավիճակը ճակատային գծո՞ւմ, թե՞ իրոք ունի իրավաքաղաքական ու դիվանագիտական քայլերի այն ծրագիրը, որի միջոցով կարող է պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչներին բերել բանակցային սեղանի մոտ, որպես գործընթացի լիիրավ մասնակիցների եւ ձեւավորել այն բանակցային օրակարգը, որը կարտացոլի հակամարտության իրական պատկերն ու կապահովի հայկական կողմերի արմատական շահերի պաշտպանությունը:

– ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ կարծում է, Մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու ժամանակն է կամ դրանք, առնվազն, վերանայման կարիք ունեն: Ո՞րն է Ձեր կարծիքը եւ հետեւաբար ի՞նչ հարթության վրա հետագայում կընթանան բանակցությունները:

-Բազմիցս ասել եմ, որ Մադրիդյան սկզբունքները կողմերի համար իրական հաշտեցում եւ տեւական խաղաղություն ապահովելու հեռանկար չեն պարունակում եւ բանակցային գործընթացը պետք է կառուցվի միանգամայն նոր հիմքի վրա: Գործընկերներիս հետ միասին մշակված համապատասխան տարբերակը ունենք, իսկ թե ինչպես կնախընտրեն գործել մեր ներկայիս իշխանություններն՝ ասել չեմ կարող, չգիտեմ:

-Սամվել Բաբայանի հայտարարություննե՞րն ինչպես կգնահատեք, մասնավորապես այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո:

-Սամվել Բաբայանի կողմից բարձրաձայնված ռուսական մանդատի տարբերակն, իմ կարծիքով, բոլորովին իրագործելի չէ:Մանդատ կոչվածը, կամ այս կամ այն տարածքի հանդեպ խնամակալության իրավունքը որեւէ գերտերության էր տրվում շատ որոշակի քաղաքական, իրավական համաձայնեցումների արդյունքում ու միջազգային իրավունքի զարգացման պատմական շատ որոշակի փուլում: ՄԱԿ-ի հիմնադրումից հետո այդ պրակտիկան, ըստ էության, դադարեցվել է: Բայց դա դեռ հարցի մի կողմն է: Եթե անգամ նշված մոտեցումը կիրառելի լիներ մեր օրերում, ապա Արցախի համար դա անմիջապես տարածքային կորուստների դուռ կբացեր, քանի որ ստեղծված իրավաքաղաքական իրողություններում Ռուսաստանը կարող է այդպիսի երեւակայական մանդատ ստանձնել նախկին ԼՂԻՄ տարածքի, այլ ոչ թե ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հանդեպ, այն էլ պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պարտադրված են համադրելու իրենց ռազմական ներուժն ու քաղաքական-դիվանագիտական հնարավորությունները՝ մեզ համար ընդունելի արժանապատիվ խաղաղության տարբերակն ապահովելու համար, ուստի թող զինվորականներն իրենց գործով զբաղվեն, դիվանագետներն՝ իրենց: Բանակցային ճանապարհով մեր բոլոր, այդ թվում նաեւ տարածքային շահերն ապահովելու հնարավորությունները պահպանվում են, բայց այդ ուղղությամբ կոնկրետ մասնագիտական աշխատանք տանելու անհրաժեշտություն կա:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ առաջիկա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը նվիրված է լինելու մի շարք պարզաբանումները պաշտոնապես արձանագրելուն: Ձեր կարծիքով՝ ի՞նչ սպասել այս հանդիպումից:

-Ես չեմ բացառում, որ Իլհամ Ալիեւը կարող է եւ հրաժարվել այդ հանդիպումից ու հեռակա կարգով մերժել Մադրիդյան սկզբունքներից դուրս օրակարգով պաշտոնական հանդիպման տարբերակը: Բայց եթե այդ հանդիպումը վարչապետ Փաշինյանի նախատեսած տարբերակով կայանա էլ, ապա պետք է նախապես հասկանալի լինի, որ պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացի ընթացիկ ձեւաչափի եւ կարգավորման իր նախընտրած տարբերակի մասով զիջումների գնացողը չէ: Սա նշանակում է, որ հայկական կողմերը պետք է հանդես գան այնպիսի նախաձեռնություններով, որոնց շնորհիվ առանց գործը պատերազմի հասցնելու կկարողանան կյանքի կոչել կարգավորման հետ կապված սեփական մոտեցումները:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031