Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական եւ քաղաքական լարվածությունը եւ տնտեսական անորոշության պատճառ դառնալ»

Մարտ 23,2019 14:00

ՀԲ մասնագետները գտնում են, որ առանց հաստատակամ տնտեսական բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների:

«Թեեւ սոցիալական ցուցանիշները բարելավվել են, բայց շատ հայաստանցիներ դեռեւս ապրում են աղքատության մեջ»,-այսպիսի կարծիք են հայտնում Համաշխարհային բանկի մասնագետները: Նրանց ուսումնասիրության արդյունքները տեղ են գտել «Երկրի տնտեսական զեկույց» փաստաթղթում: Ըստ նույն աղբյուրի, 2017 թ. եւ 2018 թ. Հայաստանի տնտեսական աճի կայուն կատարողականը հանգեցրեց գործազրկության մակարդակի նվազմանը, որը 2018-ի կեսերին կազմեց 15.7 տոկոս՝ վերջին տասնամյակում արձանագրելով ամենացածր մակարդակը:

«Նմանապես, թեեւ աղքատությունը շարունակում է ազդել Հայաստանի բնակչության զգալի մասի վրա, աղքատության մակարդակը, 2016 թ. 29.4 տոկոսի համեմատ, նվազեց՝ 2017 թ. կազմելով 25.7 տոկոս: Այս կրճատումը գլխավորապես բացատրվում է այն զարգացումներով, որ տեղի ունեցան քաղաքներում, բացառությամբ Երեւանի, որտեղ, 2016 թ. 24.9 տոկոսի համեմատ, աղքատության մակարդակը ընկել է՝ 2017 թ. կազմելով 22.4 տոկոս»,-նշված է փաստաթղթում:

Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսմամբ, արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առեւտրային եւ քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները. «Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը: Միեւնույն ժամանակ, առանց նման հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման եւ ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական եւ քաղաքական լարվածությունը եւ տնտեսական անորոշության պատճառ դառնալ»:

Ըստ զեկույցի հեղինակների, աճի հիմնական շարժիչ ուժը ծառայությունների ոլորտն է եղել: 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ծառայությունները (այդ թվում առեւտուրը) աճել են 9 տոկոսով՝ 4.7 տոկոսային կետով նպաստելով այդ ժամանակաշրջանում ընդհանուր 6 տոկոս աճին: «Ամենաարագ տեմպերով են աճել առեւտուրն ու արհեստները, զվարճանքի, ինչպես նաեւ հանգստի ոլորտները (համապատասխանաբար՝ 11 եւ 20 տոկոսով): Արտադրությունը (որտեղ առաջատար է եղել սննդի եւ ծխախոտի արտադրությունը), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արձանագրել է 11 տոկոսի երկնիշ աճ: Տեքստիլ արտադրությունն աճել է 38 տոկոսով, թեեւ ցածր բազայի համեմատ, եւ զգալիորեն նպաստել է արտահանման աճին: Շինարարության ոլորտը, որտեղ 2017 թ. վերջին արձանագրված երկնիշ աճից հետո ակտիվության տեմպերը ընկել են, 2018 թ. գրանցեց 4.5 տոկոսի աճ, որը 2017 թ. աճի տեմպի (2.2 տոկոս) համեմատ՝ բարձր է»,-արձանագրված է ՀԲ-ի փաստաթղթում:

Բանկի մասնագետները փաստում են, որ վերջին տասից ավելի տարում առաջին անգամ կրճատվել է հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալը: Ըստ զեկույցի հեղինակների, աճի ցածր տեմպերը նաեւ պայմանավորված էին նվազող ներքին եւ արտաքին պահանջարկով.

«2018 թ. առաջին ինը ամսում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հանքարդյունաբերության արտադրանքը կրճատվեց 7 տոկոսով: Բարձր հաճախականությամբ կազմվող տվյալների համաձայն՝ այն կշարունակի կրճատվել տարվա վերջին եռամսյակում: Հիմնական պատճառը 2018 թ. փետրվարին աշխատանքների կասեցումն էր Թեղուտի պղնձի հանքում, որը գտնվում է Հայաստանի հյուսիսում, ինչպես նաեւ երկրի հարավ-արեւելքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շինարարության դադարեցումը: Կարեւոր է նշել, որ 2005 թ. հետո առաջին անգամ 2018 թ. տեղի ունեցավ հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալի կրճատում: 2018 թվականին, մինչ այդ արձանագրված բարձր մակարդակից հետո, ներքին պահանջարկը սկսեց նվազել՝ նպաստելով տարվա ընթացքում աճի տեմպի դանդաղմանը: Ներդրումների նպաստը ՀՆԱ-ի աճին կրճատվեց եւ 2018 թ. առաջին եռամսյակում գրանցված 12.3 տոկոսային կետի համեմատ՝ երրորդ եռամսյակում կազմեց 4.4 տոկոսային կետ, ինչը բացատրվում է ե՛ւ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային գործունեության կասեցմամբ, ե՛ւ պետական կապիտալ ծախսերի կատարման դանդաղ տեմպերով: Մասնավոր սպառման աճի տեմպը ընկավ, նախորդ տարվա երրորդ եռամսյակի 6.8 տոկոսի համեմատ, 2018 թ. նույն եռամսյակում բարձրանալով 1.2 տոկոսով, ինչը պայմանավորված էր իրական աշխատավարձերի աճի համեմատաբար ցածր տեմպով եւ մասնավոր տրանսֆերտների անփոփոխ ցածր մակարդակով: Դրա հետեւանքով 2018 թ. երրորդ եռամսյակում նրա մասնաբաժինը ՀՆԱ-ի աճում ընկավ՝ կազմելով 0.9 տոկոսային կետ (նախորդ տարվա 5 տոկոսային կետի համեմատ): Բյուջեի նկատմամբ խիստ հսկողությունը եւս երրորդ եռամսյակում նպաստեց ՀՆԱ-ում պետական ծախսերի մասնաբաժնի բացասական մեծությանը (0.5 տոկոսային կետ): Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճում արտահանումը մասնաբաժին չի ունեցել, որը հիմնականում պայմանավորված էր օգտակար հանածոների արտահանման նվազող ծավալներով: Սակայն ՀՆԱ-ի աճում ներկրման մասնաբաժինը նույնպես նվազեց, քանի որ ներքին պահանջարկի նվազման պայմաններում ներկրման ծավալները եւս ընկան»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031