Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 23-ին կայացրած իր որոշումը ուղարկել էր Թագուհի Մանսուրյանին մարտի 20-ին:
Թագուհուն մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում, Երեւանի Ս. Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, Վլ. Մարտիրոսյանի նկատմամբ «կատարել է բռնի գործողություններ», «դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ»: Մեկ այլ դրվագով էլ, Թագուհին դիտավորությամբ ճանկռել է նախկին ամուսնու թեւերը, նրա ձեռքերը` «պատճառելով թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք»: Իսկ Վլադիկ Մարտիրոսյանը Թագուհու նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, նրան պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք, նախկին կնոջը տվել սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Վլ. Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրակի 45/2 հասցեում գտնվող «Մհեր Մար» խանութի դիմաց վիճաբանել է նախկին կնոջ հոր` Վաչագան Մանսուրյանի հետ, սպանության սպառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել, որից հետո դիտավորությամբ 4-5 անգամ բռունցքով հարվածներ է հասցրել ավտոմեքենայում նստած Վաչագան Մանսուրյանի դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք: Նա շքամուտքի աստիճաններին կացնով հարվածել էր զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայրն ու դուստրը` ծանր վնասվածքներ ստացել:
Առաջին ատյանի դատարանը Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ 4 դրվագով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով եւ 80.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Դատարանը Վլ. Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառել՝ նկատի ունենալով, որ Կարինե Մանսուրյանի սպանության գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանը Թագուհի Մանսուրյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ 3 դրվագով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ եւ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի՝ 70.000 ՀՀ դրամի չափով: Թագուհու նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Թագուհի Մանսուրյանի պաշտպանը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանն էր: Նա միջնորդել էր, որպեսզի բեկանվի եւ փոփոխվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մարտին կայացված դատական ակտը, ճանաչվի եւ հռչակվի Թագուհու անմեղությունը:
Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է մերժել Վլադիկ Մարտիրոսյանի բողոքը:
Քրեական օրենսգրքի 118 հոդվածի եւ նաեւ՝ 137 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, չորս դրվագով: Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
Իսկ Թագուհու բողոքը բավարարվել է մասնակիորեն: Դատավճիռը բեկանվել է, մասնակիորեն, Քրեական օրենսգրքի 118 հոդվածի մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով: Մեկ այլ դրվագով էլ դատարանը Քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Վերացվել է ստորագրություն չբացակայելու մասին խափանման միջոցը:
Պաշտպանն իր բողոքում նշել էր, որ Թագուհին մշտապես գտնվել է իր նախկին ամուսնու հետապնդումների, սպառնալիքների տակ, առաջին ատյանի դատարանը չի գնահատել գործով եղած ապացույցները, որոնք բազմակողմանի քննության առնելու դեպքում դատարանը կարող էր հանգել այն հետեւության, որ Թագուհին անմեղ է, եւ մեղսագրվածը Վլադիկին էր վերաբերելի:
Ինչ վերաբերում է այս ընտանեկան դաժան պատմությանը, շարժառիթին, Թագուհին էլ հայտնել էր, որ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է իրենց որդին, ամուսնու կողմից բռնությունները շարունակվել են եւ իրենք բաժանվել են: Դատական կարգով լուծվել է իրենց ամուսնությունը, ինչպես նաեւ որոշվել է, որ Վլադիկ Մարտիրոսյանը երեխային պետք է տեսակցի շաբաթական երկու օր՝ իր ներկայությամբ, իսկ նրանից հօգուտ երեխայի պետք է բռնագանձվի 20.000 ՀՀ դրամ՝ որպես ալիմենտ: Նա տեսակցությունը կազմակերպելու համար երեխային տարել է ԴԱՀԿ ծառայություն, սակայն Վլադիկ Մարտիրոսյանը երեխային տեսել է մեկ անգամ, որից հետո չի եկել ԴԱՀԿ ծառայություն: Ամուսինը չի վճարել ալիմենտի գումարը, եւ միշտ հետապնդել է իրեն ու իր ընտանիքի անդամներին, բռնություն կիրառել, տվել սպանության սպառնալիքներ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
22.03.2019