Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդ հայերը տեսանելի են դարձնում հայ-լյուքսեմբուրգյան «բարալիկ» կապը

Մարտ 23,2019 13:00

Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի կառավարությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ից, իսկ 2009թ. համաձայնագիր է կնքվել երկու երկրների մշակույթի, կրթության, երիտասարդության եւ գիտության ոլորտներում համագործակցության մասին: Սակայն զուտ մշակութային կապերի առումով այդ համագործակցությունը մինչ օրս տեսանելի չէ: Մինչդեռ խորհրդային տարիներին սերտ էին մշակութային կապերը Լյուքսեմբուրգի հետ: Դրա մասին է վկայում 1960-ականների կեսերից մինչեւ 70-ականների սկիզբ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր Կամո Ուդումյանին Լյուքսեմբուրգի մեծ Դքսության բարձրագույն՝ «Մեծ խաչի ասպետ» շքանշանով պարգեւատրումը: Լյուքսեմբուրգը աշխահին հիմնականում հայտնի է ճարտարապետության եւ կերպարվեստի ոլորտների գլուխգործոցներով՝ օրինակ, 11-րդ դարի ռոմանական Վիանդեն դղյակի կապելլայով, 14-16-րդ դդ. քանդակագործական հարուստ հարդարանքով գոթական եկեղեցիներով, բարոկկո ոճի Վիտրանժով (17-րդ դար): Ինչ վերաբերում է կերպարվեստին, ապա այն կրել է ֆրանսիական դպրոցի եւ գերմանական էքսպրեսիոնիզմի ազդեցությունը: Այսօր իր աբստրակտ կոմպոզիցիաներով հայտնի է քանդակագործ Վերկոլիեն եւ այլն:

Վերջերս «Առավոտին» հայտնի դարձավ, որ Լյուքսեմբուրգի հանրահայտ Heavy Petrol ռոք խմբի համերգի ռեժիսուրան վստահել են լյուքսեմբուրգաբնակ Դավիթ Խալաֆյանցին, որի անունը որպես օպերատոր մեզ հայտնի է հայաստանյան TV-ներից եւ հիմնականում մշակութային միջոցառումներից: Նա հաճախ իրականացրել է այդ միջոցառումների լուսային ձեւավորումը: Մեզ հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետը նշեց, որ Լյուքսեմբուրգում տարբեր նախագծեր են իրեն վստահվում՝ նկարահանման ու մոնտաժային աշխատանքներով: «Հրավերներ ստանում եմ ոչ միայն կազմակերպություններից, նաեւ նախարարություններից: Օրինակ, վերջերս կրթության նախարարությունը տեղի մի հասարակական կազմակերպության հետ հետաքրքիր ծրագիր էր իրականացրել, որը վերածեցի ֆիլմի: Այնտեղ ներկայացվում էր, թե ինչպես ավարտական դպրոցի սանը ծանոթանում է իր նախընտրած մասնագիտության նրբություններին՝ պրոֆեսիոնալի հետ շփումների արդյունքում»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, թե կարճ ժամանակահատվածում իրեն վստահել են անվանի արվեստագետներ, այդ թվում՝ շոու-բիզնեսի ոլորտից: Բարձրաձայնեց միայն ճանաչված կիթառահար, ռոք երգիչ Միշել Գասպարիի անունը, որի վերջին տեսահոլովակի հեղինակը ինքն է: Դավիթը հավաստիացրեց, որ Լյուքսեմբուրգում իր գործունեության «մեղավորը» մասնագիտությամբ միջազգայնագետ կինն է՝ Աշխեն Գրիգորյանը, որը «Պատկերացրու Եվրոպան 2050թ.» ծրագրի հայաստանյան դեսպանն է: Խնդրեցինք սեղմ ներկայացնել այդ ծրագիրը: «Այն մեծ հաշվով Եվրոպայի մասին տեսլական է, թե ինչ խնդիրների կբախվեն Եվրոպան եւ աշխարհը 2050-ին, եւ որոնք կլինեն հնարավոր լուծումները»,- ասաց Աշխենը: Մեր զրուցակիցը նախ նշեց, թե ինչպես յուրաքանչյուր երկրի, այնպես էլ Հայաստանի մասնակիցը պետք է ունենա իր տեսակետը աշխարհի, մասնավորապես՝ Եվրոպայի մասին, հետո էլ հավելեց. «Այս ծրագիրն ըստ էության հնարավորություն է ընձեռում մաս կազմել ապագայի Եվրոպայի ձեւավորմանը: Դասական իմաստով՝ եթե մենք ցանկանում ենք մաս կազմել քաղաքակիրթ աշխարհի, «պարտավորվում» ենք տեղայնացնել արեւմտյան արժեքները, ինչը բարդ գործընթաց է եւ չի բացառում տեսակետների բախում ձեւավորված կարծրատիպային ու արեւմտյան մտածելակերպերի»:

Հարցին՝ ինչպիսի՞ն է այսօրվա Եվրոպան, Աշխենը պատասխանեց. «Այն, ինչ երեւում է TV-ներից կամ տեղ գտնում պարբերականներում, դա դեռ ամենը չէ: Կարճ ասած՝ այսօր աշխարհը բախվել է մի լուրջ խնդրի, այն է՝ կեղծ, ոչ ճշգրիտ տեղեկատվություն: Թեեւ աշխարհի տարբեր հետազոտական կենտրոնների վերլուծաբանները, սոցիալական մեդիաների գիտակները փորձում են լուծումներ գտնել՝ զտելու աշխարհի մեդիա դաշտը: Օրինակ, հենց վերջերս Նիդեռլանդների Ուտրիխտ քաղաքում տեղի ունեցած դեպքը: Մի տղամարդ տրամվայում կրակել էր մարդկանց վրա, 3 մարդ մահացել էր, 5-ը հոսպիտալացվել: Առաջին վայրկյաններից մեդիան դեպքը ներկայացրեց որպես տեռորիստական ակտ՝ օգտագործելով ահաբեկչություն բառը: Մինչդեռ ժամեր անց նույն մեդիան կասկածի տակ դրեց կրակոցների մոտիվը՝ ներկայացնելով այն անձնական հողի վրա տեղի ունեցած վեճի արդյունք, ու նման բազմաթիվ օրինակներ ու դիպվածներ կան»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031