Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հետքերով

Մարտ 23,2019 12:30

«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում բացվեց Հարություն Չոբանյանի՝ «Հայաստանի հետքերով» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ հայոց բնաշխարհի գեղատեսիլ վայրերի, մշակութային ինքնատիպ կոթողների ներկայացմամբ:

Հարությունը լուսանկարել է հայի հանճարեղ ձեռքով կերտված կոթողները, որոնցում ասես դարն է խոսում հայի լեզվով, ներկայացնում պատմությունը հայոց:

Ուշագրավ է հատկապես մեր մեծերի հուշարձանների, մեր քաղաքի խորհրդանիշ հանդիսացող արձանների լուսանկարների շարքը: Ցուցահանդեսի պաստառի նկար է հանդիսացել Հովհաննես Թումանյանի հուշարձանի նկարը, 16-ամյա պատանին հմտորեն որսացել է բանաստեղծի ժպիտը: Լուսանկարից մեզ է ժպտում մեծանուն բանաստեղծը իր առինքնող, վեհ ժպիտով.

Ինչքան ցավ եմ տեսել ես, նենգ ու դավ եմ տեսել ես,

Տարել, ներել ու սիրել, վատը` լավ եմ տեսել ես…

Հարություն Չոբանյանի լուսանկարներում հրաշալի ներկայացված է հայի կերպարը՝ իր մաշված ու այնքան ջրաքամված ձեռքերով, տարիների բեռից դեմքին գոյացած կնճռոտված ակոսներով Ուշու տատի, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգեւորող հայ մոր, քրոջ, հայ ռազմական ոգու հավաքական կերպար խորհրդանշող «Մայր Հայաստան»-ի…

Նրա լուսանկարների մեծ մասը սեւ-սպիտակ են, ըստ հեղինակի՝ նկարի գաղափարը առավել դյուրին է արտացոլել սեւ-սպիտակ գույներով:

«Հայաստանի հետքերով» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում բաց կլինի մինչեւ մարտի 30-ը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

22.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031