2019 թվականի սկզբին Ռաֆայել Հայրապետյանը՝ որպես ամանորյա նվեր, մանուկների սեղանին դրեց իր 5-րդ գիրքը՝ «Զվարճալի հանելուկները»: Հեղինակի եւ մանուկների մտերմությունը գալիս է տարիների խորքից: ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը ավատելուց հետո Հայրապետյանն աշխատել է ՆԳ համակարգում, սակայն սերը մանուկների հանդեպ հանգիստ չէր տալիս ապագա մանկագրին: Նրա առաջին գործերը տպագրվեցին «Պիոներ կանչ» թերթում, «Ծիծեռնակ» հանդեսում, «Ոզնի» երգիծաթերթում…., որոնք ճանաչում բերեցին նրան եւ որոշիչ եղան մանկագրի համար:
ՆԳ համակարգը թողնելուց հետո նրա կյանքում կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ. ավելի լրջորեն զբաղվեց ստեղծագործական աշխատանքով:
1999թ. անսալով ազատագրված տարածքների վերընձյուղմանը, վերաբնակեցման ծրագրին, ընտանիքով բնակություն հաստատեց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում: Դժվարությունները քիչ չէին, սակայն չէին կարող արգելք հանդիսանալ նպատակասլաց մանկագիր-առակագրի համար: Աշխատանքի անցնելով տեղի դպրոցում որպես ուսուցիչ, ապա տնօրեն, նա անմիջական կապի մեջ է մտնում իր ընթերցողների՝ դպրոցականների հետ, ինչը նրան հնարավորություն է ընձեռում ավելի մոտիկից ճանաչել եւ ընկալել մանուկների աշխարհը: Շուրջ 8 տարի Ռ. Հայրապետյանը ըմբոշխնում է երեխաների սերն ու հարգանքը, ի պատասխան՝ նրանց նվիրելով իր սերը… Այդ տարիների մտերմության արգասիքն այն գրքերն էին, որ հետագայում նա վերադարձրեց մանուկներին: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել դպրոցական դասագրքերում («Մայրենի» 3, 4)…
2007թ. վերադառնում է Երեւան: Գյուղից հեռացավ, բայց մանուկներին չմոռացավ: Ավելին, սերը նրանց հանդեպ խորացավ: Եվ այդ սերը երկուստեք էր: Ապացույցը՝ «Մայրենի» 3-րդ դասարանի դասագրքում տեղ գտած «Տանկը թանգարանում» բանաստեղծությունն էր, որը Երեւանի Գոգոլի անվան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների մեջ ցանկություն էր առաջացրել հանդիպել հեղինակի հետ: Եվ այդ հանդիպումը տեղի ունեցավ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին, գրողի տանը: Այն անցավ ջերմ մթնոլորտում՝ մեծ ոգեւորություն առաջացնելով երեխաների հոգիներում:
Ռաֆայել Հայրապետյանի նոր լույս տեսած «Զվարճալի հանելուկներ» գիրքը ճանաչողական, դաստիարակչական նշանակություն ունի. սրամիտ է ու զվարճալի: Մաղթենք, որ գրողի եւ մանուկների կապը շարունակական եւ ամուր լինի:
ՎԱՉԱԳԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ
ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ
«Առավոտ» օրաթերթ,
22.03.2019