Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը գոհ չէ Գյումրու հյուրանոցա-ռեստորանային սերվիսից 

Մարտ 22,2019 22:06

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մնում է այն կարծիքին, որ Գյումրիում պատվիրակություններ հյուրընկալել հնարավոր չէ, քանի որ առկա հյուրանոցներն ու ռեստորանները բավարար չեն։

«Պետք է շատանան, ավելանան, մենք չենք կարող շատ մեծ փառատոն կազմակերպել Գյումրիում, որովհետև չունենք համապատասխան սերվիս՝ և՛ հյուրանոցային սերվիս չունենք, և՛ ռեստորանային։ Պահանջարկը մեծ է, տեսեք Ռիժկովի ճեմափողոցը ոնց է ակտիվացել, երեկոյան նստելու տեղ չկա, ասում եք, թե ռեստորանները սարքեցին մայթի վրա, նույնիսկ այդտեղ նստելու տեղ չկա։ Էսօրվա դրությամբ մեր զարգացումը ի՞նչ ձևով պիտի լինի, մշակույթը պիտի բերենք Գյումրի քաղաք՝ ամեն ինչով, թատերականով, կոնսերվատորիայով, պետք է հասկանանք, որ սա մշակութային կենտրոն է, և եթե Հյուսիս-հարավ ճանապարհը կլինի պատրաստ, ընդամենը 50 րոպեում մարդը կարող է գալ, բնականաբար, կգա Գյումրի նաև աշխատելու, եթե, իհարկե, նորմալ ճանապարհ լինի և հանգիստ գա։ Երևանում անհնարին է արդեն ման գալը, էդքան խցանումներ, ինչքան Երևանում կա, անհնարին է․ Գյումրին հանգիստ քաղաք է, եթե, իհարկե, մենք կառուցապատենք փողոցները, անցումները»,-ասաց Սամվել Բալասայանը։

Քաղաքապետն ասում է, որ այսօր հնարավոր է Գյումրի շատ տուրիստներ բերել, բայց ներդրողները ևս պիտի մտածեն միջավայր ստեղծելու մասին։

«Ուզո՞ւմ ենք տուրիստ բերել, ուրեմն պիտի միջավայր ունենանք։ Ուզո՞ւմ ենք գումար աշխատել, ուզո՞ւմ ենք մեր բյուջեն գումար գա,  ուրեմն պիտի կարողանանք միջավայր ստեղծել, հստակ հասկանանք, թե ուր պիտի գնա տուրիստը, եթե եկավ,  ասենք տուրընկերությունը եկել է, ինձ ասում է՝ ճանապարհային քարտեզ տուր, որպեսզի ես բերեմ տուրիստին և այդ ճանապարհային քարտեզով տուրիստը կարողանա մեկ օր այստեղ մնալ, գիշերել, առավոտյան նախաճաշել, գնալ։ Դե բերեք ստեղծեք՝ քաղաքով, մասնավորով ստեղծենք, միայն քաղաքապետի ծրագրերով հնարավոր չէ ստեղծել, մասնավորը նույնպես պիտի աջակցի։ Դա հյուրանոցային, ռեստորանային, թե սրճարանային բիզնես կլինի։ Այսօր հնարավոր է բերել շատ տուրիստ, եթե Երևանում չգիտեմ տուրիստների քանակը կես միլիոնից 700 հազար է, Գյումրիում կարելի է 100 հազար տուրիստ բերել։ Տուրընկերությունները մեծ հաճույքով կբերեն՝ իհարկե, իրենց շահույթն ունենալով։ Այս ամենը բիզնես է, պիտի կարողանանք ստեղծել միջավայրը, որը և ստեղծվում է, պիտի կարողանանք քաղաքը վերականգնել»,-ասում է նա։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031