Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին եւ Երվանդ Զախարյանին` իր դեմ «գործ սարքելու» մեջ (տեսանյութ)

Մարտ 22,2019 22:30
dat

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը (լուսանկարում) պնդում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դրդմամբ կանադահայ Արփի Մերասն իր դեմ «գործ» է տվել: Այսօր, ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում էր կանադահայ բարերարի իրավահաջորդների հայցի քննությունն` ընդդեմ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի :

Իր ունեցվածքը յուրացնելու մեղադրանք Մարինա Պողոսյանին առաջադրել էր Արփի Մերասը, նրա մահից հետո, տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Արփի Մերասի որդին`Սարո Մերասը: Վիճարկելով իրավապաշտպանին արդարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը` տուժողի իրավահաջորդները պահանջում են նաեւ, որ Մարինա Պողոսյանը վերադարձնի իրենց սեփականություն բնակարանի եւ բնակարանում առկա գույքի վաճառքից առաջացած գումարը եւ ազատազրկվի յոթ տարով: Խոսքը 140 հազար ԱՄՆ դոլարի մասին է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը բողոքի հիմքում դրել է այն, որ բացատրությունները առաջին ատյանի դատարանի կողմից պետք է ճանաչվեին իբրեւ թույլատրելի ապացույց: Մարինա Պողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բացատրություն վերցնելիս անձին իր իրավունքներն ու պարտականությունները չեն բացատրվում: Ուստի, միայն դա բավարար է, որ բացատրությունն ապացույց չճանաչվի:

Ինչ վերաբերվում է բուն գործին, Լիպարիտ Սարգսյանը պնդում է` Արփի Մերասը լիազորագրեր է տվել Մարինա Պողոսյանին`2008-ին, 2010-ին, 2012-ին` նույն բովանդակությամբ, որտեղ նշված է` իրավունք ունի իր հայեցողությամբ, իր նախընտրելի գնով` վաճառել, նվիրել եւ գրավ դնել: «Այսինքն` ինչ ուզում ես արա»,- ասում է փաստաբանը` պնդելով, որ այդ լիազորագիրը թույլ է տալիս առանց լրացուցիչ ճշտումների` բնակարանի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է լիազորված անձը:

Հետաքրքրվեցինք`ի՞նչ կերպ են այդ լիազորագրերը ձեռք բերվել: Պաշտպանն ասաց, որ Արփի Մերասը գնացել է նոտարական գրասենյակ, լիազորագրերը տեղում կազմվել են եւ իր ձեռքով էլ գրել` գրավի, վաճառքի, նվիրատվության իրավունքով: «Այսինքն, վաճառելու իրավունքը  Մարինա Պողոսյանն ունեցել է»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը:

Ինչ վերաբերվում է հայցի այն պահանջին, որ բնակարանի վաճառքից գոյացած գումարը պետք է փոխանցվեր Արփի Մերասին, Լիպարիտ Սիմոնյանն ասում է`մինչ այս քրեական գործի հարուցվելը, Արփի Մերասը, նույնիսկ «Բասկին Ռոբինս» սրճարանում կատարված գաղտնալսման ժամանակ , երբեւիցէ չի ասում`«լավ, Մարինա, բա ինչի՞ բնակարանս վաճառեցիր կամ որ վաճառեցիր, բա գումարս ո՞ւր է»: Պնդում է. «Սկզբում, երբ հաղորդում էր տվել, ասաց`ոչ մի լիազորագիր չեմ տվել, ապօրինի վաճառել է, հետո, երբ լիազորագրերը գործի մեջ տեսավ, ասաց` ես չգիտեի, որ վաճառելու իրավունք եմ տվել: Հետո, երբ իր ձեռագիրը բերեցինք`սկսեցին մտածել նոր բան`բացի սա, մի այլ թուղթ էլ պետք է լիներ: Բայց այդտեղ մեծ գիտություն պետք չէ, լիազորագիրը կա, ցանկացած իրավաբան կարող է ասել, որ իրավունքը կա: Սա քաղաքացիաիրավական վեճ է, ինչն էլ ֆիքսել է ընդհանուր իրավասության դատարանը»:

Լիպարիտ Սիմոնյանը պնդում է, որ իրենք դատարանին ներկայացրել են ապացույցներ, որ Մարինա Պողոսյանն իր գումարներով է այդ բնակարանը վերանորոգել`40 հազար դոլար է ծախսել, 20 միլիոն գումար էլ տվել է Արփի Մերասին, որի վերաբերյալ փաստաթուղթ չկա, բայց, ըստ նրա, հերքում էլ չկա: Մերասն էլ պնդել է, որ 30 հազար դոլար է ուղարկել բնակարանի վերանորոգման համար`բանկով, բայց համապատասխան փաստեր փաստաբանները չեն գտել, ասում են`չկան:

Մարինա Պողոսյանի փաստաբանական խմբի անդամ Մուշեղ Շուշանյանն (լուսանկարում) էլ կասկածի տակ է առնում «Բասկին ռոբինս» սրճարանում Մարինա Պողոսյանի եւ Արփի Մերասի զրույցի գաղտնալսում-օպերատիվ հետախուզական միջոցառման թույլատրելի ապացույց ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ըստ փաստաբանի, գաղտնալսման թույլտվություն չի եղել, այն հետո է դատարանը կազմել`հետին թվով: Այդ օպերատիվ հետախուզական գործողությունը նա իր վստահորդի նկատմամբ «սադրանք» է որակում իրավապահների կողմից: Ասում է`անձի կամքի վրա այդպիսով ուղղակի ներազդեցություն է կատարվել, ինչը ՄԻԵԴ-ը համարում է մարդու իրավունքների խախտում: Օպերատիվ հետախուզական այդ գործողությունը ամբաստանյալի եւ նրա պաշտպանական խմբի կասկածին է արժանացել նաեւ այն պատճառով, որ Մարինա Պողոսյանի պնդմամբ, ինքն այդ սրճարանն իբրեւ Արփի Մերասի հետ հանդիպման վայր, պատահաբար է ընտրել, ուստի իրավապահները չէին կարող իմանալ եւ գործողություն իրականացնել: Մուշեղ Շուշանյանը ընդգծում է, որ այդ պահին, Մարինա Պողոսյանը որեւէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Պաշտպանական խմբի մեկ այլ անդամ`Մարինա Կարապետյանցն էլ այս գործը կապեց Մարինա Պողոսյանի մասնագիտական`իրավապաշտպան գործունեության հետ:

Իր ելույթում այս թեզը զարգացրեց նաեւ Մարինա Պողոսյանը: Նա պնդում է, որ այս գործն իր դեմ «սարքվել» է, քանի որ ժամանակին իր ղեկավարած կազմակերպությունը փաստեր է հրապարակել Կասկադին հարող հողատարածքների`օտարերկրացիներին վաճառելու մասին:

Մանրամասները`տեսանյութում:

Դա եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ Երվանդ Զախարյանն էլ Երեւանի քաղաքապետ էր: Մինչդեռ, ՀՀ օրենսդրությունն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին հողի վաճառքը: Մարինա Պողոսյանը պնդում է, որ այսպիսով Ռոբերտ Քոչարյանն իրենից վրեժ է լուծում: Իսկ Արփի Մերասը ներգրավվել է, քանի որ Քոչարյանների ընտանիքի մտերիմներից էր:

Դատարանում Մարինա Պողոսյանը ներկայացրեց իր դեմ «հանցավոր սխեմային» տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի մասնակցությունը, մեղադրեց պետությանն`իր քաղաքացուն չհարգելու մեջ:

Մանրամասները`տեսանյութում.

Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Հրանտ Անանյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Մարինա Պողոսյանի կողմից իրեն ուղղված մեղադրանքներն «ամբողջությամբ հերյուրանք» են, իրականությանը չեն համապատասխանում:

«Ամբողջ սուտը սկսվում է նրանից, որ նշում են, իբր ես դատարանում սխալ եմ ասել`նշելով, որ բողոքի պատճենը չեմ ուղարկել դատական ակտը կայացրած դատարան: Այդ կտրոնն ինձ մոտ է, ես դա ցանկանում էի ներկայացնել, կարող եմ նաեւ հրապարակել. նույն օրը երկու կտրոնն էլ ուղղարկվել է առաջին ատյանի դատարան, եւ սա անհաջող փորձ էր`դատարանին մոլորության մեջ գցելու համար»,-ասաց նա`տրամադրելով այդ կտրոնները (լուսանկարում):

Այս գործի հետ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ կապի մասով էլ ասաց. «Ընդհանրապես կապ չկա, քրեական գործով նման հանգամանքներ երբեւէ չեն հաստատվել: Եթե տուժողը ծանոթ է եղել Սիրուշոյի հետ, դա դեռեւս չի նշանակում, որ այս գործը սարքված է կամ Ռոբերտ Քոչարյանը կապ ունի»:

Այլ մանրամասները`տեսանյութում.

«Նախաքննության ընթացքում էլ այլ նշումներ էր արվում, թե սա քաղաքական հետապնդում է`առանց Քոչարյանի անունը նշելու»,- ասում է Հրանտ Անանյանը:

«Բասկին ռոբինս» սրճարանում իրականացված գաղտնալսում-օպերատիվ հետախուզական գործողությունների մասով դատարանում հայտնված կասկածներին էլ մեր զրուցակիցն այսպես է արձագանքում. «Շատ էլ պատշաճ կերպով է արվել, կան որոշակի թերություններ այդ օպերատիվ-հետախուզական գործողության ընթացքի հետ կապված, բայց մարդու իրավունքների եւ ազատությունների խախտում տեղի չի ունեցել: Ավելին`առավել բարձր երաշխիքով ապահովված թույլտվություն է տրվել`ավելի ցածր երաշխիք պահանջող գործողության համար: Չի համապատասխանում իրականությանը, թե հետին թվով է թույլտվությունը կազմվել: Դրա վերաբերյալ ես հարցումներ եմ արել ոստիկանությանը եւ դատարան, ձեռք եմ բերել համապատասխան փաստաթղթեր. թույլտվություն տրամադրող դատարանը հստակ նշել է, թե որ ժամին է տրամադրել թույլտվությունը, իսկ տեսագրության ուսումնասիրությամբ ակնհայտ տեսանելի է թե որ ժամին է տեղի ունեցել օպերատիվ-հետախուզական գործողությունը: Մոտավորապես մեկ ժամվա տարբերություն կա»: Հարցին`ինչպես են իրավապահներն իմացել այդ հանդիպման մասին, քանի որ Մարինա Պողոսյանի պնդմամբ սրճարանն ինքը պատահականության սկզբունքով է ընտրել եւ այդ պահին է զանգահարել Արփի Մերասին, Հրանտ Անանյանը պատասխանեց. «Գիտեք, դա ընդամենն իր պնդումն է, եւ դա քրեական գործի նյութերով չի հիմնավորվել: Իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ ծառայությունները պարտավոր չեն հրապարակել տվյալները, թե ինչպե՞ս տեղեկատվություն ստացան, ինչպե՞ս ծրագրավորեցին որեւէ գործողություն կամ միջոցառում: Դատարանը հստակ նշել է, որ թույլտվությունը տրվել է 12.30-13.00-ին, իսկ գործողությունը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ կամ 40 րոպե անց»:

Մարինա Պողոսյանի այն պնդմանն էլ, որ գործը քննվել է Արաբկիրի դատարանում, քանի որ Հրանտ Անանյանի կինն այդ դատարանում է աշխատել, Հրանտ Անանյանը հակադարձում է. «Երբ նախաքննության փուլում բողոքարկվել է կարճման որոշումը եւ բավարարվել է, արդեն մոտ յոթ ամիս էր, ինչ իմ կինը չէր աշխատում դատարանում: Այդ դատական ակտը իրենց հասանելի է դարձել, չի բողոքարկվել, հետո, արդեն դատական գործընթացի ընթացքում, տեսնելով, որ իր դեմ ապացույցները բավականին կուռ համակցություն ունեն`կրկին դիմել են առաջին ատյանի դատարան`բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու խնդրանքով: Դատարանը քննարկել է այդ միջնորդությունը: Դատարանին փորձել է նույնիսկ մոլորության մեջ գցել, թե գործի նյութերն իրեն տրամադրված չեն եղել, մինչդեռ ես տեսագրություն եմ ներկայացրել դատարան, որտեղ ինքը նշում է, որ գործի նյութերին ծանոթացել է եւ դրանցում իր համար աբսուրդային տվյալներ կան: Այսինքն, բոլոր իր նշած հանգամանքները դատարանում քննարկվել են, կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը ինքը չի բողոքարկել: Հիմա, վերաքննիչ դատարանում ասել`այսպիսի հանգամանքներ կան, դա տպավորություն թողնելու անհաջող փորձ է»:

Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը նաեւ պնդում է. «Գաղտնալսման մեջ , տուժողը հստակ ասում է`ինչի՞ ինձ չես տեղեկացրել, որ իմ բնակարանը վաճառել ես: Պատասխանում է`ես բնակարանը չեմ վաճառել, ընդամենը գրավադրել եմ, Դեմիրճյանի վրայի բնակարանը կվաճառեմ եւ այդ խնդիրը կլուծեմ, բայց այդ պահին Դեմիրճյան փողոցում գտնվող  իր բնակարանն արդեն վաճառված է եղել: Նաեւ, գործի տվյալներով երեւում է, որ Մարինա Պողոսյանն այդ բնակարանը վաճառել է Աիդա Հակոբյանին, վերջինս էլ դրել է վաճառքի`անորոշ անձանց: Եթե գրավի հարց լիներ, այն չէր հանվի վաճառքի»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031