Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարության կոշտ արձագանքը «Գարդասիլի» դեմ հանդես եկողներին

Մարտ 22,2019 18:59

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ Գարդասիլ պատվաստանյութի կիրառման «անօրինականությունը», որտեղ որոշ «մասնագետների» կողմից ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով սեփական ամբիցիաները ներկայացնել հայրենասիրական «սոուսի» շղարշի ներքո։ Թեմայի վերաբերյալ նույնիսկ իր «մտահոգությունը» հայտնեց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան՝ դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին արտախորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով։

Շտապելով հիասթափեցնել առողջապահական ոլորտի որոշ «մտահոգ» ներկայացուցիչների՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումները Հայաստանի Հանրապետության Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել են 2017թ. դեկտեմբերից և պլանային կարգով իրականացվում են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ընդմիջումով:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) դիրքորոշումը, ինչպես նաև Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» առաջարկությունը՝ 2019 թ. փետրվարից ՄՊՎ դեմ պատվաստումներն առաջարկվում են նաև 14-45 տարեկան անձանց: Հարկ է նշել, որ համաձայն ԱՄՆ-ի պարենի և դեղամիջոցների գործակալության (FDA) վերոհիշյալ դիրքորոշման, Գարդասիլ պատվաստանյութի արդյունավետությունը համարժեք է Գարդասիլ-9 պատվաստանյութի արդյունավետությանը, քանի որ այդ պատվաստանյութերը արտադրված են միանման  և կանխարգելում են ՄՊՎ-ի նույն 4 շճատիպերը։

Միաժամանակ, համաձայն Գարդասիլ պատվաստանյութի հրահանգի և արտադրանքի ամփոփ բնութագրի (Summary of product characteristics) չի սահմանվում տարիքային վերին շեմ. այն նախատեսված է կիրառել 9 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում (հղումը՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_123143/151306401564.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_123143/1512652182435.pdf): Այնպես, որ շահարկումները, թե տարիքային շեմի ընդլայնումն «անօրինական է», ամբողջությամբ ապատեղեկատվություն է և ուղղված է հանրության նպատակադրված մոլորեցմանը:

Ինչ վերաբերում է շահարկումներին, թե օրացույցում որպես տարիքային շեմ նշված է միայն 13 տարեկանը, տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ կառավարության 2016թ. մարտի 17-ի թիվ 10 արձանագրային որոշման 30-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում բացի Պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկված պատվաստումներից կատարվում են պատվաստումներ նաև համաճարակաբանական ցուցումներով: Համաճարակաբանական ցուցումով պատվաստումները կարող են կրել ինչպես զանգվածային, այնպես էլ անհատական բնույթ, երբ առկա է վարակիչ հիվանդության նկատմամբ բնակչության համապատասխան ռիսկի խումբ: Հետևաբար, 13 տարեկան անձանց շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումները կրում  են պլանային բնույթ, իսկ ավելի բարձր տարիքային խմբերում առաջարկվող ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են համաճարակաբանական ցուցումով՝ նպատակ ունենալով նաև ավելի բարձր տարիքի անձանց շրջանում՝ որպես ռիսկի խումբ, նվազեցնել վիրուսի շրջանառությունը: Գործընթացը կանոնակարգվել է Առողջապահության նախարարի 194-Ա հրամանով:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում հրաժարվել սեփական ամբիցիաներին հագուրդ տալու նպատակով ապատեղեկատվության տարածմամբ հանրությանը մոլորեցնելու վտանգավոր գործընթացից:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031