ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ողջունեց ներկա ուսանողներին և նշեց, որ ուրախ է համագործակցության համար` հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հավաքագրման և ներգրավման թիմի ղեկավարն Գոռ Նազարյանը, որը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ է, ներկայացրեց ծրագիրը` անդրադառնալով դրա նպատակներին և առավելություններին, որոնցից են մասնագիտական աճի հնարավորությունը, գիտելիքների կատարելագործումը, նոր հմտությունների ձեռքբերումը, աշխատանքը լավագույն մասնագետների հետ։
Գոռ Նազարյանը, պատմելով նպատակների մասին, նշեց այն փաստը, որ մարզային դպրոցներում տարիներ շարունակ չկան այս կամ այն մասնագիտության գծով ուսուցիչներ, ինչը նշանակում է, որ երեխաների կրթությունը լուրջ բացեր է ունենում։
«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը նպատակ ունի հասնել սոցիալական փոփոխության, որտեղ բոլոր երեխաները, անկախ նրանից, թե որտեղ են ծնվել, ապրում, ինչ սոցիալ-տնտեսական պայմաններում են, հնարավորություն ունենան ստանալու գերազանց կրթություն»,- ասաց նա:
Պատմելով վերապատրաստման փուլի մասին՝ Գոռ Նազարյանը նշեց, որ Ամառային ինստիտուտի նախնական վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները տեղաբաշխվում են համայնքներում, ապրում և աշխատում այնտեղ 2 տարի, լրիվ դրույքով դասավանդում հանրակրթական դպրոցներում, վարում համայնքային զարգացման ծրագրեր:
Նա պատմեց նաև ծրագրին մասնակցածների հաջողության պատմությունները։ Օրինակ` համայնքային ժամանակակից գրադարանի կառուցում մի գյուղում, մեկ այլ գյուղում՝ մեղվաբուծության գործունեության զարգացում: Այսպիսի հաջողության պատմությունները շատ են:
Գոռ Նազարյանը խոսեց նաև ապագա մասնակիցների հավաքագրման գործընթացի մասին։ Ըստ նրա` շատ կարևոր են մասնակիցների անձնային այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են հայրենասիրությունը, նպատակասլացությունը, հավատը երեխաների ներուժի հանդեպ և այլն։
Գևորգ Էմին-Տերյան
ԵՊՀ