Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Փարիզում մարտի 20-22-ը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) լիագումար նիստին:
Նիստին մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ոլորտում որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կազմակերպություններ, ՏՀԶԿ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Փարիզում կայացած աշխատանքային հանդիպումների շրջանակում ԹԻՀԿ ներկայացուցիչը մասնակցել է Ցանցի քարտուղարության և փորձագետների հետ երկկողմանի նախապատրաստական հանդիպմանը և քննարկել Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրված առաջընթացին առնչվող կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցների հետ կապված հարցեր։
Սոնա Այվազյանը իր ելույթում անդրադարձել է մեկ տարի առաջ Հայաստանում կայացած թավշյա հեղափոխությանը և դրա արդյունքում տեղի ունեցած Կառավարության փոփոխությանը, հեղափոխության ալիքի պատճառներին, ՀՀ-ում կոռուպցիայի թողած լուրջ հետևանքներին և այդ ոլորտի ներկայիս իրավիճակին:
«Ինչպես գիտեք, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների շնորհիվ տեղի ունեցավ թավշյա, ոչ բռնի հեղափոխություն: Հիմնական պատճառը, որը ժողովրդին մոբիլիզացրեց նախկին հակակոռուպցիոն ավտորիտար ռեժիմի դեմ, երկրում լայն տարածում գտած կոռուպցիան էր: Նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ կոռուպցիայի վերացման հիմնական խոստումով: Թեև, Հայաստանը 2003 թվականից պաշտոնապես պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն մենք դեռևս լուրջ փոփոխություններ չենք նկատում»,- նշել է Ս. Այվազյանը: ԹԻՀԿ գործադիր տնօրենը նաև ընդգծել է, որ ԹԻՀԿ-ն հավատում է, որ Հայաստանում նոր իրողությունները անհրաժեշտություն են ստեղծում, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարում ավելի տեսանելի մոտեցում ունենանք, քան սովորաբար եղել է: «Այս պահին ամենակարևոր և հրատապ խնդիրը Հայաստանի կառավարության համար պետք է լինի հակակոռուպցիոն օրակարգի ստեղծումը, տեսլականի հստակեցումը: Միևնույն ժամանակ, մենք հավատում ենք, որ ՏՀԶԿ-ի աջակցությունն ու փորձը այս առումով չափազանց արժեքավոր և քննադատական կլինի»,- ասել է գործադիր տնօրենը:
Ս.Այվազյանը նաև հավելել է, որ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն, ԹԻՀԿ-ն շարունակում է վերահսկել կառավարությանը, ընդհանուր կառավարման գործընթացները, օգնել վերջինիս քաղաքականության ներդրման գործընթացում, մասնավորապես` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակի տարածման հարցում և, որ ԹԻՀԿ-ն շարունակելու է նպաստել հակակոռուպցիոն օրակարգի ստեղծմանը և շահագրգիռ կողմերի միջև քննարկումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մոնղոլիայի և Ուզբեկստանի վերաբերյալ ՀԿՑ 4-րդ փուլի մոնիտորինգի, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի վերաբերյալ առաջընթացի զեկույցները: Ղեկավար կոմիտեի հանդիպման ընթացքում ամփոփվել է ՀԿՑ 2016-2019թթ. աշխատանքային ծրագրի իրականացման ընթացքը և ապագա աշխատանքային ծրագրի նախապատրաստումը: Որպես ՏՀԶԿ Օրինավորության շաբաթի մաս` մարտի 19-ին տեղի է ունեցել նաև Հակակոռուպցիոն և գործարար օրինավորության թեմայով կլոր սեղան հանդիպում, որին մասնակցել է Սոնա Այվազյանը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն