«Նոյեմբերին ինձ զանգեցին ԶԼՄ-ներից մեկից, թե տեղյա՞կ եք՝ կառավարությունը հավանության է արժանացրել հեռուստատեսության և ռադիոյի մասին նոր օրենքի նախագիծը և դա գնալու է խորհրդարան»,-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) կազմակերպած «Հեռարձակման ոլորտ. օրենսդրություն և պրակտիկա» թեմայով քննարկման բացման խոսքում այսպիսի դրվագ հիշեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա շարունակեց. «Սկզբից չգիտեի՝ ինչ ասել, հետո ասացի, թե հերթական անգամ իշխանությունները շրջանցեցին հասարակական կազմակերպություններին և արհամարհեցին անկախ լրագրողական կազմակերպությունների կարծիքը: Դա վերջին յոթ տարվա ընթացքում բոլոր փոփոխությունների մեխանիկական միացումն է՝ բոլոր թերություններով հանդերձ»:
Աշոտ Մելիքյանը նշեց, թե իրենց հաջողվեց կանխարգելել, և այդ օրինագիծը խորհրդարան չգնաց, բայց հետո լրիվ այլ օրենքի նախագիծ գնաց խորհրդարան:
ԽԱՊԿ նախագահն ասաց, որ թավշյա հեղափոխությունը նոր հեռանկարներ է բացել այս խնդիրների լուծման համար ու նշեց. «Փոփոխված քաղաքական- հասարակական իրավիճակը, թավշյա հեղափոխությունը հնարավորություն է տալիս փոփոխություններ իրականացնել նաև այս ոլորտում և առաջին հերթին վերափոխելով հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը»:
Աշոտ Մելիքյանը նշեց, թե ինչ վատ հետևանքներ է ունեցել օրենքի ընդունումը. «Չի հաջողվել ստեղծել մասնավոր մուլտիպլեքս՝ բոլոր հեռուստաընկերությունները խցկված են մեկ պետական մուլտիպլեքսում: Թվայնացման գործընթացից դուրս մնացին մարզերում գործող շուրջ տասը տեղական հեռուստաընկերություններ: Գործում է հնացած և վիճահարույց լիցենզավորման կարգ, հեռարձակողների սեփականության թափանցիկության խնդիրը լուծված չէ և այլն: Սրանցից բխում են տասնյակ այլ սկզբունքային խնդիրներ: Այլ մոտեցում, քան նոր օրենք գրելը, դժվար թե այստեղ ավելի ռացիոնալ լինի»:
Աշոտ Մելիքյանը զուգահեռ տարավ հարևան Վրաստանի հետ ու նշեց. «Նրանք ստեղծեցին երեք մասնավոր մուլտիպլեքս: Մարզերում գործող բոլոր տեղական հեռուստաընկերությունները թվայնացվեցին և գործում են որպես առանձին բիզնես: Որևէ հեռարձակող թվային բիզնեսում չի տուժել: Վրաստանում հրաժարվել են հնացած լիցենզավորման կարգից»:
Վրացի փորձագետ Նատյա Կուպրաշվիլին ասաց. «Մենք անցանք թվային հեռարձակման 2014-ին: Երեք մասնավոր մուլտիպլեքսները պատկանում են մեկ ընկերության: Դրանով հեռարձակվում են 20 համազգային ալիքներ. նաև լրացուցիչ վճարովի հեռարձակում ունի: Ունենք պետական մուլտիպլեքս, որը հեռարձակում է միայն հանրային հեռուստա և ռադիո ալիքները: 60 միլիոն լարի է հատկացված հանրային ալիքի համար: Ունենք առաջին և երկրորդ ալիքներ և Աջարական հանրային հեռուստաընկերություն: Այս երեքն են հեռարձակվում պետական մուլտիպլեքսներով: Հիմա Վրաստանում ունենք 100 ալիք, ինչը նորմալ չէ: Հետաքրքիր է, թե ինչպես է դա ազդել շուկայի վրա: Հեռարձակման շուկան գնալով փոքրանում է, ինչը նորմալ է, քանի որ փողերը գնում են օնլայնին: Այն ալիքները, որ աշխատել են առաջ, հիմա նույնպես ստանում են շուկայից ամենամեծ գումարները: Այն մարզային հեռարձակողներն են, որոնք 20 տարի առաջ էլ էին աշխատում»:
Նա նշեց, թե ցանկացած անձ կարող է հեռարձակման իրավունք ստանալ, եթե համապատասխանում է օրենսդրությանը, միայն թե պետք է ներկայացնի բիզնես պլան, սեփականության վկայական: Քաղաքական կուսակցությունը չի կարող լինել հեռարձակող:
Հարցին՝ վատ չէ՞, որ մեկ սեփականատեր ունեն այդ երեք մուլտիպլեքսները, վրացի փորձագետը պատասխանեց, որ այդտեղ մտավախություն չկա, քանի որ որոշումը կայացվել է մրցույթով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ ԽԱՊԿ-ի