Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանն ասաց, որ ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ հենց ԱԱԾ տնօրենը մասնակցում է հանձնաժողովի նիստի ԱԺ-ում՝ բաց ձեւաչափով քննարկելու բոլոր հուզող հարցերը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք ունենք հայտնի փախստականներ, ինչպիսիք են Միքայել Հարությունյանը, Վահագ Հարությունյանը, կարծում եմ, ազգային անվտանգության խնդիր է, ՊՆ նախկին նախարարն է կորել ու ԱԱԾ-ն պետք է զբաղվի»: Վանեցյանը միջամտեց՝ չի կորել, տեղը գիտենք: Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց. «Տեղը գիտենք, հիմա մենք ձեւը կգտնենք իրավական կամ ոչ, օպերատիվ ինչ-որ ճանապարհներով մարդը պետք է վերադառնա Հայաստան եւ պատասխանի նախաքննության մարմնի հարցերին, որոնք շատ կարեւոր են»:
Քոչարյանը նաեւ ասաց, որ նախկինում մարդիկ լիցենզիայով հանցագործներ են եղել, հանցագործություն են արել ու անպատիժ են մնացել, հիմա նրանց պետք է որեւէ հնարավորություն չտրվի:
Նիստի վերջում Անդրանիկ Քոչարյանը ֆուտբոլային հաջողություն մաղթեց Վանեցյանին. «Վաղը մեր հավաքականը կարեւոր խաղ ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ