Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող ինչ-որ մեկը պետության հետ մտնել առեւտրի մեջ ու ասի՝ կլինի՞ էսքանը տամ, էսքանը պահեմ ինձ, նման բան չկա». Վանեցյանը՝ գողոնը նվիրելու մասին

Մարտ 22,2019 17:11

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ԱԱԾ-ն մոտ 40 գործ է հարուցել. «Տպավորությունը, որ ստեղծված է, թե ԱԱԾ-ն զբաղվում է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով, իրականում այդպես չէ: Շատ եմ կարեւորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը, ոտնձգությունները այլ երկրների հատուկ ծառայությունների՝ մեր երկրի պետականությանը եւ ինքնիշխանությանը, որը պարբերաբար լինում է, պարբերաբար կան նման սպառնալիքներ, մեր առաջնահերթությունը իրականում դա է, մենք դրանով ենք զբաղվում»:

Վանեցյանն ասաց, որ 2019-ին իրենց աշխատավարձերը շուրջ 30 տոկոսով բարձրացել է, ինչը շատ կարեւոր է: Նա ասաց, որ բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են ՀՀ պետական բյուջե. «Հայաստանից գողացվածը վերադարձվելու է ՀՀ քաղաքացուն ու այս տարվա ընթացքում կտեսնեք արդյունքները: Գումարների վերադարձման հետ կապված աշխատանքներ տարվում են, բայց պետք է հասկանանք, որ արկածախնդիրների կողմից կոռուպցիոն դրսեւորումներ թույլ տվող անձանց դեմ մենք աշխատում ենք»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց, թե գողոնը վերադարձնելու իրավական ի՞նչ ընթացակարգեր կան ու եթե գույք են տալիս պետությանը, նվիրում են, քրգործերը կարճվո՞ւմ են: Վանեցյանը պատասխանեց. «Եթե բացահայտվել է գողոն, դեպք, չի կարող ինչ-որ մեկը պետության հետ մտնել առեւտրի մեջ ու ասի՝ կլինի՞ էսքանը տամ, էսքանը պահեմ ինձ, նման բան չկա: Դուք, իհարկե, հասկանում եք, որ կա նաեւ վաղեմության ժամկետ, ապացուցողական խնդիր, կան գույքեր ու գումարներ, որ ուրիշ մարդկանց անուններով են, մեր կատարած աշխատանքի արդյունքում ինչը կարողանում ենք հիմնավորել օրենքի շրջանակներում: Մի մասը վերականգնում է, քրեական հետապնդումը չի դադարում, բայց դատարանում հաշվի է առնվում՝ որպես մեղմացուցիչ հանգամանք: Մեխանիզմներ կան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031