«2019 թվականի Երեւանի բյուջեն անդեմ է, այս բյուջեով մեծ եւ լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել»,-այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր 2019 թվականի բյուջեի մասին հավելվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով, կան ծախսեր, որոնք իրենց պատկերացումներում չեն տեղավորվում, օրինակ`քաղաքապետարանի աշխատակազմի ծառայողական մեքենաների պահպանման ծախսերի ավելացումը:
Այդուհանդերձ, պարոն Խաժակյանը գտնում էր, որ դրական փոփոխություններ կան: Ըստ նրա, այս բյուջեում էլ զարգացման տեսլական չի տեսնում. «Ես տեսնում եմ հատվածական լուծումներ, բայց տարվա կտրվածքով չենք կարող այս բյուջեով էական բաներ արձանագրել:
Մեկ այլ բարեկամական խորհուրդ կցանկանայի տալ իմ գործընկերներին. տեսնում եմ, որ սոցիալական ցանցերով տարածվում է, որ բյուջեն 10 միլիարդ դրամով ավելացվում է, բայց դա պայմանավորված է նախորդ տարի չկատարված ծախսերով»: Ըստ նրա, այդ հայտարարություններով մարդկանց մոտ մեծ ակնկալիքներ են առաջացնում ինչը լավ է կարճաժամկետ, բայց վատ է երկարաժամկետ առումով` քաղաքապետարանի, հանրության համար:
Դավիթ Խաժակյանի խոսքով, ծավալների առումով էական փոփոխություններ չկան. «Այս բյուջեով մեծ եւ լուրջ փոփոխություններ քաղաքային տեսանկյունից հնարավոր չէ իրականացնել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ