Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց՝ վերջերս հրապարակվեց Վահան Շիրխանյանի բաց նամակը, ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է նամակին եւ դրա բովանդակությանը, որովհետեւ այնտեղ, ըստ իս, առերեւույթ հանցագործության մասին հաղորդում կա: Վանեցյանը տեղեկացրեց, որ իրենց կողմից համապատասխան ստուգողական միջոցառումներ են իրականացվում, բայց չի կարող բացահայտել դրանք. «Եթե կլինեն հիմնավորող փաստեր, անմիջապես կտեղեկացնենք ձեզ»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն էլ, լինելով Վազգեն Սարգսյանի կողքին, տեղեկության է տիրապետում: Նա հավելեց, որ ԱԱԾ տեսանկյունից շատ կարեւոր խնդիր կար Մեղրիի հետ կապված. «Այդ մասին հայտնել է նաեւ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, Կարեն Սերոբի Դեմիրճյանի ընտանիքի անդամները: Շատ կարեւոր խնդիր է եւ վերջին օրերի հրապարակումից հետո հայտնի ԶԼՄ-ները, կոնկրետ մարդկանց կողմից վերահսկվող, եւ թիմային անհանգստությունները խոսում են այն մասին, որ այդտեղ լուրջ խնդիր կա: Ես էլ որոշակի ինֆորմացիայի կրող եմ եւ պատրաստ եմ երբ ասեք…ինչ վերաբերում է մեր տարածքներին, դա անձեռնմխելի է, որեւէ մեկի մտքով պետք է չանցներ դա սակարկել»:
Իսկ Վանեցյանը նիստում ասաց, որ ինքը ՀՀ-ում ԱԱԾ մարմինների դպրոցի ստեղծումը շատ է կարեւորում. «Գումարները հաշվարկած ունենք, միայն շենքային պայմանների մասին է խոսքը, դասախոսական կազմն ունենք, շատ լավ կվերապատրաստեն ու կունենանք դրական ազդեցություն: ՊՆ նախարարի հետ պայմանավորվել ենք անգամ, որ մինչեւ երրորդ կուրսր սովորեն Վազգեն Սարգսյանի ակադեմիայում, վերջին երկու կուրսերը՝ մեզ մոտ: Բայց պետք է մեզ պարտադիր կարգավիճակ, որ կարողանանք տալ դիպլոմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ