Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. Նախկին քաղաքային իշխանություններն իրենց շոյված կզգային

Մարտ 22,2019 16:35

Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանին քննարկեց նաեւ բյուջեի լրամշակման հարցը: Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին ներկայացրել էին, որ 2019-ին բյուջեի եկամուտներն ավելացնելու են 2 միլիարդ դրամով, այսօր արդեն հավաքագրումները կատարվում են գերակատարմամբ: Ասաց, որ ավագանուն է ներկայացվում 2019 թվականի լրամշակված բյուջեն՝ 8 միլիարդ դրամ ավելացմամբ, որը ընդհանուր առմամբ կկազմի 91,1 միլիարդ դրամ՝ 83,1 միլիարդ դրամի փոխարեն:

Նախագծով նախատեսում են տեղական տուրքերն ավելացնել 75 միլիոն 400 հազար դրամով՝ Երեւան համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվությունների համար: Քաղաքի բյուջեն 49 միլիոն 300 հազար դրամով էլ կավելացվի՝ ի հաշիվ Երեւանի քաղաքաշինական գործունեության եւ բարեկարգման նպատակով գլխավոր հատակագծի տրամադրման համար տեղական տուրքի վճարի մուտքերից:

Երեւանի Մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման համար նախատեսված սուբսիդիայի գումարը նվազեցվել է 9 միլիոն 900 հազար դրամով եւ այլն:

Փոխքաղաքապետը նաեւ հայտնեց, որ որոշ շենքերի համար նախատեսված վերանորոգման ծախսերը կնվազեցվեն, բայց փոխարենը կավելացվեն վթարային շենքերն ամրացնելու գումարները:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Սիփան Ասատրյանը փոխքաղաքապետի ուշադրությունը հրավիրեց այն խնդրին, որ անցումները պետք է վերանորոգվեն. «Տարիներ առաջ Բարեկամության մետրոյի անցումը վերանորոգվեց, այնտեղ որեւէ էական փոփոխություններ չեղավ: Ես հասկանում եմ, որ այս պահին վերելակներ հնարավոր չէ դնել, քանի որ ծախսատար է, բայց գոնե ակտիվ սալիկները, որոնք շատ մատչելի են՝ կարելի է ձեռք բերել, տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար, դրանք ուղղորդող են հանդիսանում դեպի ելքեր դուրս գալու: Գոնե այս անգամ անցումները վերանորոգման ընթացքում հաշվի առնենք դա»:

Ի պատասխան՝ պարոն Սարգսյանն ասաց, որ տեխնիկական հսկողության պատասխանատուներին կխնդրեն, որպեսզի այդ պահանջների նկատմամբ առավել ուշադրություն դարձնեն:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մատնացույց անելով նախագծի այն կետը, որով 50 միլիոն դրամով ավելանալու է «Երեւանտրանս» ՓԲԸ–ին տրվող գումարը, հարցրեց. «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մեքենաների այն ծավալը, որ կա քաղաքապետարանում, ոչ միայն չի նախատեսվում կրճատել, այլ փոքր-ինչ ավելացվում է` հաշվի առնելով, որ դրանց պահպանման ծախսերն են ավելացել եւ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դուք չեք պատրաստվում վերանայել ծառայողական ավտոմեքենաների քանակը քաղաքապետարանում»:

Հայկ Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանի ավտոմեքենաների պարկը բավական օպտիմալ է բաշխված: «Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելով այս պարկի օգտագործումը եւ նպատակայնությունը՝ կարող ենք վստահեցնել, որ քաղաքապետարանում ավտոմեքենաների կրճատման հեռանկարը շատ թույլ է»:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ նախկին քաղաքային իշխանություններն իրենց շոյված կզգային լսելով փոխքաղաքապետի գնահատականը. «Ես, պարզապես, հիշեցի, որ 2017 թվականին, երբ «Ելք» դաշինքով մասնակցում էինք ընտրություններին, ներկայիս վարչապետը խոսում էր դրանց օպտիմալացման անհրաժեշտության մասին, սպասում էր որ տրանսպորտի վարչության պետն ինքը պետք է ծառայողական մեքենաներով երթեւեկի»:

Հայկ Սարգսյանը հակադարձեց, որ սրանով որեւէ մեկին շոյվելու առիթ չեն տալիս. «Ես չասացի, որ նախկին իշխանությունների օրոք օպտիմալ է եղել, ես ասացի, որ օպտիմալ է այժմ, որովհետեւ վերջին ամիսներին 3-4 անգամ ավելացել են քաղաքացիների կողմից քաղաքապետարան ներկայացված այն դիմումները եւ բողոքները, որոնք տարիներ շարունակ չեն ներկայացվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031