«Կառավարությունը մեզ դեռ պետք է համոզի, որ այդ փոփոխությունները պետք են»,-«Հոդված 3» ակումբում «Հարկային օրենսգրքի փոփոխություններ. հնարավորություններ եւ ռիսկեր տնտեսության համար» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության անդամ, պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նա նշեց, որ այս պահին, եթե նայենք բիզնեսի տեսանկյունից, երեք հիմնական կետ կա, որ շտապում են անել. «24 միլիոնից ցածր շրջանառություն ունեցող բիզնեսը չի հարկվի, շրջանառության հարկի շեմը գործող օրենսդրությամբ 58 միլիոն է, կդառնա 115 միլիոն և երրորդը՝ եկամտային հարկի նվազեցումը: Այս երեք բաղկացուցիչներն են, որոնք, կռահում եք, բացասական են ազդելու բյուջեի վրա, բայց բիզնեսի վրա դրական ազդեցություն են ունենալու: Այդ մինուսը լրացվել է այլ հարկատեսակների բարձրացմամբ ՝ օրինակ` ակցիզային հարկ և այլն: Առարկություններ, բնականաբար, կան, շատ թեժ քննարկումներ են եղել նաև «Իմ քայլը» խմբակցությունում, կառավարության հետ քննարկումներում: Այնպես չէ, որ կառավարությունն ինչ բերի, մենք ընդունելու ենք»:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց. «Կա դժգոհություն մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների կողմից: Ասում են՝ ինչո՞ւ մեր հարկային բեռը պետք է իջեցնեին, դրանից բարձր ստացողների համար հարկային բեռը իջեցվի: Պետք է հասկանան, որ առնվազն այս պահին ցածր աշխատավարձ ստացողը չի տուժում: Ինչ վերաբերում է 58. 35 միլիոնի շեմը մինչև 115 միլիոն բարձրացնելուն, այստեղ մենք սխալ ունեցանք նախորդ իշխանությունների դեպքում, որոնք պնդեցին, մենք առարկում էինք, որ նույնիսկ ավելի բարձրացնելն է ճիշտ: Մենք ակնկալում ենք ավելի մեծ փոփոխություն, մենք նկատում ենք կառավարության զգուշավորությունը: Հասկանում ենք տվյալ պահին իշխող ուժը՝ պատասխանատվության մեծ լինելու դեպքում փորձում է ռիսկերը չեզոքացնել: Ամեն դեպքում մենք կողմ ենք ավելի համարձակ քայլերի, որոնք հեղափոխության նախադրյալներ կստեղծեն»:
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը նշեց՝ ներկայացված չէ այն նպատակը, որը դրվել է Հարկային օրենսգրքով՝ մրցակցային առավելությունների ավելացում գործարարների համար ու հարցրեց. «Արդյոք իրականացվող քայլերը բերելո՞ւ են մրցակցային առավելությունների, թե՞ ոչ, քանի որ հարկային բեռն ուղղակի հարկերից տեղափոխում են անուղղակի հարկեր: Նվազեցնում են եկամտային հարկը, որը գործարարի համար ծախս է, հետևաբար ենթադրվում է, որ սա գործարարին որոշակի մրցակցային առավելություն կտա, երկրորդ մասով նվազեցվում է շահութահարկը: Մենք չենք կարող թույլ տալ, որ բյուջեի եկամուտներն իջնեն, այդ բեռը տեղափոխում ենք սպառման հարկի վրա: Այս իրավիճակը բերելու է բյուջեի եկամուտների նվազեցման, սակայն մրցակցային առավելություն չի տալու: Մենք չպետք է կռահենք, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները պարտավոր են ազդեցության գնահատական ներկայացնել»:
Հովհաննես Ավետիսյանը նշեց՝ կասկածներ ունի, թե ազդեցության գնահատական չեն էլ արել: Եթե կա ու չի հրապարակվում այդ գնահատականը, հարց՝ ինչո՞ւ չի հրապարակվում, եթե չկա, ուրեմն այդ կառույցները լավ չեն գործում:
Հայկ Գևորգյանը պնդեց՝ հեղափոխության տարվա ընթացքում ՀՀ-ում եղել է տնտեսական աճ, այն դեպքում, երբ հանքարդյունաբերությունը կորցրել է Թեղուտը. «Այն չի աշխատել: Իսկ գիտեք, թե հանքարդյունաբերության բաժինը ընդհանուր տնտեսության մեջ շատ մեծ է»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ տնտեսվարող կփակի իր բիզնեսը, հարկերի բարձրացմամբ հնարավո՞ր է տնտեսական հեղափոխություն իրականացնել, Հայկ Գևորգյանը պատասխանեց. «Եթե մենք 24 միլիոն շրջանառություն ունեցող բիզնեսն ազատում ենք հարկերից, դա հարկերի բարձրացո՞ւմ է, թե՞ նվազում: Օրինակ՝ գիտե՞ք՝ ինչն է բարձրանում՝ 300 ձիաուժ շարժիչով մեքենաների բնապահպանական վճարը: Սիգարետի, օղու վրա բարձրանում է հարկը, ի՞նչը ձեր դուրը չի գալիս: Գազավորված ըմպելիքների հետ կապված ես ունեմ իմ վերապահումները, բայց կարող է, եթե դրանց հարկը բարձրացնում են, ավելի՞ էժանանում են այն համով կոմպոտները, որոնք արտահանվում են Հայաստանից»:
Այս հարցին Սերգեյ Բագրատյանն այսպես պատասխանեց. «Հարկերի բարձրացումով տնտեսական հեղափոխություն չի լինում: Դրա համար հարկերը պետք է իջեցնել: Բայց նաև պատկերացրեք, որ համատարած հարկերը իջեցնենք, վաղը չեն կարողանա թոշակ վճարել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/1341393152667756/?__xts__[0]=68.ARAZ5diW2jSUTSQGXTfnUoiFkFj7g4v1FjpmptFv5oa1GneLjzp-fvj-RcMJXE7yKQ3NOpZ_7pttyuSM72XWU3FbAC0Hxlz5AI98QYtE8UoYI69w9RT7sQXA1ovjYlRXp_K6qkMHdgDm6u-JE1fvHTOVif6RMw4lD4SBjDDmlNb107YDWdeK3j2Cl96hE3gLFmwxIEGtwoH2VcXRykClphz9oxrJiyf9_oF9trp1Sjs1m9836f_5wtZrLgu4s38ozgVbJfAIauyMArBYGI3cwUCqCYFaaPZedQE0WUOrDndx4EZUspe9yZTAfKrYl_Nj8Zt_9EiWaeSnP6yFzVq-6mA7JE-jm9jPtaXauQ&__tn__=-R
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ