Երեւանի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում այսօր «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքն էր:
ԵՊՀ շրջանավարտների միավորման այս ծրագրի շահառուները 1100-ն են, ճիշտ այսքան բնակարան է կառուցվելու: Ավանի հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հա
է, կառուցապատման ընդհանուր մակերեսը՝ 227,500 քմ, մասնաշենքերի քանակը՝ 8, հարկահանությունը՝ 12, 18 եւ 32 հարկ: Ավանն ունենալու է վերգետնյա եւ ստորգետնյա 880 ավտոկայանատեղեր: Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանն ու Դավիթ Միրզոյանը:
Կառուցապատողը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունն է, որի նախագահ Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ 3 տարուց բնակարանները շահագործման կհանձնեն:
Վերջերս բնապահպանները մտահոգություն էին հայտնել, թե Դալմայի այգիներին հարող այս տարածքում ծառեր են հատվել շինարարության համար, ինչպես նաեւ սեյսմակայնության վերաբերյալ հայտարարել էին, թե այստեղ հոսող հողեր են եւ շենք կառուցել չի կարելի:
Այս առնչությամբ Քարամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բնապահպանական տեսանկյունից բոլոր փաստաթղթերը տեղին են, անցել ենք համապատասխան բնապահպանական՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություններն՝ օրենքի տառին համապատասխան: Այն բոլոր մարդիկ, որոնք նշում են բնապահպանական խնդիր կա, ուղղակի զբաղվում են պարզ շահարկմամբ»: Ըստ Քարամյանի, տարածքում որեւէ ծառ կամ թուփ չի եղել, քարքարոտ տարածք է եղել. «Ես բնապահպաններին խորհուրդ կտայի հարակից, Համալիրին հարող տարածքի այգիների չորացման մասին մտածեին, կարծես ոռոգման խնդիր կա»:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, ճարտարապետ Վահագն Վերմիշյանն էլ վստահեցրեց՝ բոլոր շինությունները 9 բալ սեյսմակայունության հաշվարկով են. «Ոչ մի սողանք…. Այստեղ ամբողջությամբ քար է, ոչ մի սողանք ոչ մի տեկտոնիկ ճաք, այդպիսի բաներ չկան: Առաջին կարգի գրունտեր են, հոյակապ գրունտներ են սեյսմակայունության տեսակետից»:
Նախկինում ծրագրի շրջանակներում ավելի ցածր էին տոկոսադրույքները, օրինակ՝ Զեյթուն կամ Ավան թաղամասերում կառուցված շենքերի դեպքում: Սակայն Վերածնունդի պարագայում հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը 7.8%-ից 10.8% է դարձել, եւ ինչպես ասաց Քարամյանը, վարկավորման պայմանները ցավոք վատթարացել են. «Բայց դա մեզանից անկախ պատճառներով է եղել: Նախկինում առանձին ֆինանսական գործիք էր կիրառվում, մեր ծրագրերի շահառուներն որոշակի մեղմ պայմաններից էին օգտվում: Վերաֆինանսավորման գործիքը, ցավոք, հիմա չկա»: Ըստ Քարամյանի, կառավարության որոշմամբ պետական նպատակային ծրագրի չափորոշիչների փոփոխություններ եղան, եւ շահառուների մեծ մասի համար հիփոթեքի մատչելիություն առաջացավ:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, ըստ որի ՀԿ-ի՝ Զեյթուն 3 թաղամասի հողհատկացման գործընթացը խախտումներով է եղել, Քարամյանն ասաց, որ ֆեյսբուքյան իր էջում մանրամասն դրան անդրադարձել է, բայց շարունակեց. «Ես գործով հարցաքննվել եմ, խնդիր չեմ տեսնում, միշտ պատրաստ եմ հարցաքննվելու: Մենք բարեխիղճ գնորդ ենք, մենք այն ձեռք ենք բերել կառավարության որոշմամբ, եւ դրանք միաձայն չեն, որոշակի շրջափուլերով են անցնում: Գնել ենք ճիշտ այնպես, ինչպես «Վերածնունդի» հողակտորը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Քարամյանի խոսքերով՝ Վերածնունդ երիտասարդական ավանն այս պահին բնակարանաշինության ոլորտում ամենածավալուն ներդրումային ծրագիրն է. «Ինչ-ինչ պատճառներով «Հին Երեւանը», Ֆիրդուսի կառուցապատման ծրագրերը չեն մեկնարկում: Սա, ըստ էության, միակ գործող մեծածավալ՝ ընդհանուր 54 միլիարդ դրամ շրջանառություն ապահովող ծրագիր է: Ծրագրի առաջին բաղադրիչը հստակ սոցիալական է: Բայց ուզում եմ շեշտել՝ այն ունի տնտեսական որոշակի հետեւանքներ, դրանք մուլտիպլիկատիվ էֆեկտով տարածվում են՝ ասենք շինարարական նյութերի մատակարարում, աշխատատեղեր եւ այլն»:
Շինարարական աշխատանքները դեռ անցյալ տարի պետք է մեկնարկեին. ուշացումը պայմանավորված էր ապրիլ-մայիսի հեղափոխական իրադարձություններով. «Ծրագիրն այն ծավալն ունի, որ չէր կարող չազդել: Ծրագրի սաղմնային վիճակում տեղի ունեցած փոփոխությունները մեկ տարի առաջ դանդաղեցրեցին ընթացքը: Դա որոշակի սրբագրումներ բերեց մեր ծրագրերի մասով՝ դարձանք ավելի կուռ, տրամաբանված ու ավելի անխոցելի: Եվ չեմ կարծում հետայսու որեւէ այլ հանգամանք կարող է ազդել մեր գործունեության վրա՝ եթե բոլորս գործենք առողջ բանականությամբ»:
Առաջին անգամ Հայաստանում այս բազմաբնակարան շենքերում ներդրվելու է կոյուղաջրերի եւ թափոնների մաքրման տեղային կայան, տանիքները կահավորվելու են արեւային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության եւ վերելակների էլեկտրասնուցման համար: Աղբի տեսակավորման աղբամաններ են տեղադրվելու, եւ ինչպես շինարարներն ու ճարտարապետներն են ասում՝ էկո-ավան է լինելու:
Այս ծրագրի շահառուներն են երիտասարդ մասնագետները ՏՏ ոլորտից, բժիշկներ, դասախոսներ, լրագրողներ, ուսուցիչներ, բանկային եւ մշակույթի ոլորտի աշխատողներ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ