Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վանեցյանը հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանի մեկնումը արդյոք եղել է ԱԱԾ-ի գիտությա՞մբ եւ նա վերադարձե՞լ է, թե՞ ոչ՝ պատասխանեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է՝ Հայաստանից բացակայելու համար առողջական խնդիրների հետ կապված եւ Քննչական դեպարտամենտի գործը քննող քննիչի որոշմամբ նրան թույլատրվել է լքել ՀՀ տարածքը:
«Այո, նա ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, հենց լինի, փաստաբանների հետ մշտական կապի մեջ ենք, անմիջապես կհրավիրենք եւ որեւէ խնդիր չի լինի»,- վստահեցրեց Վանեցյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ