«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն այսօր Երեւանի ավագանու նիստում, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվում էր նաեւ Ազատության հրապարակի ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու հարցը, ելույթի իրավունք խնդրեց եւ անդրադառնալով Ռուսաստանի դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառմանը մասնակցելու թեմային ասաց, որ իրենց խմբակցությունը քննարկումներ է սկսել եւ նաեւ բարերարի հետ է հարցը քննարկել՝ Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը անվանափոխելու:
«Երեւանի ավագանու անդամներից եւ ոչ մեկը չի կարող աչքաթող անել կատարվածը»,-ասաց տիկին Խաչատրյանը՝ առաջարկելով գեղասահքի դպրոցը վերանվանել՝ Հայ-ռուսական գեղասահքի դպրոց: Նրա համոզմամբ, սա հայերի պատվախնդրության հարցն է: Ասաց, որ նախագիծն արդեն պատրաստ է եւ մյուս խմբակցություններին եւս կոչ արեց միանալ նախագծին ու դառնալ համահեղինակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը գնում է Հայաստանի պետական շահերի մասին եւ այդ պարագայում հնարավորություն կունենան նախագիծը քննարկել հերթական նիստում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանն ասաց, որ կիսում են մտահոգությունը եւ կողմ են առաջարկին: Բայց նիստից հետո կքննարկեն համահեղինակ դառնալու հարցը: ԲՀԿ խմբակցության ղեկավարն էլ ասաց, որ կողմ են եւ ցանկացած հակահայկական քայլ դատապարտում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ