ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Սամվել Սիմոնյանին:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Սամվել Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
«Սամվել Սիմոնյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, ով, վստահ եմ, ինչպես իր նախորդ աշխատավայրում, այնպես էլ՝ Արագածոտնի մարզում, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ընդգծեց Արման Պողոսյանը:
ՔԿ նախագահի տեղակալը հորդորեց ամենօրյա քրտնաջան աշխատանքով ապահովել դրական ցուցանիշներ: Արման Պողոսյանը վստահություն հայտնեց, որ մարզային վարչության աշխատանքներն այսուհետ կազմակերպվելու է առավել արդյունավետ:
Արագածոտնի մարզային քննչական վարչության նորանշանակ պետ Սամվել Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը՝ մարզային վարչության պետի պաշտոնը վստահելու առթիվ:
«Վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը արժանանալու է թե՛ Քննչական կոմիտեի ղեկավարություն և թե՛ Արագածոտնի մարզի բնակչության գոհունակությանը»,- ասաց Արագածոտի մարզային քննչական վարչության պետը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին