Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին տա՞լ հավատարմագրային կառավարման, թե՝ չտալ. ավագանին քննարկում է

Մարտ 22,2019 13:53

Ազատության հրապարակի ստորգետնյա կայանատեղին տա՞լ հավատարմագրային կառավարման, թե՞ չտալ: Այսօր Երեւանի ավագանու անդամները այս հարցն են քննարկում: Երեւանի քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ, ելնելով կայանատեղիի գործունեության արդյունավետության բարձրացման եւ ներդրումների ներգրավման անհրաժեշտությունից՝ մրցույթ են հայտարարելու այն տալ հավատարմագրային կառավարման: Կառավարիչը ներդրումներ կանի եւ Երեւանի փոքր կենտրոնը կազատի ավտոմեքենաներից: Ասաց նաեւ, որ Երեւան քաղաքի սեփականությունը հանդիսացող եռահարկ կայանատեղին գործում է 2010 թ.-ից եւ նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: 2013-2018 թվականների ֆինանսական վերլուծությունն էլ ցույց է տվել, որ ավտոկայանատեղին, հատկապես՝ ձմռան ամիսներին գործում է թերբեռնված, նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածում ավտոկայանատեղից օգտվողների թիվը զգալիորեն ավելի փոքր է, քան մայիսից-հոկտեմբեր ամիսներին:

«Տեղադրված տեսախցիկները արդիականացման խնդիր ունեն, թույլ չեն տալիս ֆիքսել ավտոմեքենաների համարանիշները: Համակարգի արդիականացման արդյունքում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից տեսախցիկներ, որոնք որակական բարձր ցուցանիշներով կարող են օգտագործվել կայանատեղիի խելացի կառավարման համար: Կայանատեղի արդիականացումը կնպաստի փոքր կենտրոնում խցանումների նվազմանը»,-այսպես բացատրեց պարոն Սարգսյանը՝ կայանատեղին հավատարմագրման հանձնելու անհրաժեշտությունը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց՝ արդյոք պայմանագրային կառավարիչն իրավունք ունենալո՞ւ է փոխել կայանման համար սակագինը կամ հարկերից մեկն օգտագործել այլ նպատակով՝ այլ տիպի գործունեության համար:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց, որ ավտոկայանատեղիի վճարը հաստատվում է Երեւան քաղաքի ավագանու կողմից եւ այս պահին գործում է դեկտեմբերի 25-ին հաստատված ավագանու որոշմամբ սահմանված վճարը: Սարգսյանի տվյալներով, տեղական վճարի չափը՝ 1 ժամվա համար 200 դրամ է, մեկ ամսվա համար 20 հազար դրամ: «Կառավարիչը չի կարող փոխել ավտոկայանատեղիի գործունեությունը, պարզապես, կարող է իրականացնել այնպիսի գործունեություն, որից ստացած հասույթի շահույթը կարող է բաշխվել Երեւան համայնքի հետ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հարցրեց՝ ունե՞ք ձեր աչքի տակ կազմակերպություններ, որոնք հնարավոր է տեղավորվեն այն մրցութային պայմանների մեջ, որոնք նախատեսված են: Եվ, եթե մրցույթին մասնակցել ցանկացող չլինի ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն:

«Ավագանու որոշման մեջ նշված են հավատարմագրային կառավարման հանձնման էական պայմանները: Պայմանների մեջ նշված է երկու կարեւոր կետ, առաջինը՝ 300 միլիոն դրամի միջին հաշվարկային շրջանառություն եւ առնվազն երեք տարվա հավատարմագրային կառավարման փորձ»,-ի պատասխան ասաց պարոն Սարգսյանը՝ նշելով, որ աչքի առաջ նման կազմակերպություններ չունեն. «Մրցույթը բաց է լինելու, ով ուզում է՝ կարող է մասնակցել»: Ինչ վերաբերում է, ցանկացող չլինելու դեպքում ինչ են անելու, պարոն Սարգսյանն ասաց, որ կարծում են մրցութային պահանջները խելամիտ են եւ ցանկացողներ կլինեն:

«Իմ քայլի» ավագանու անդամներից մեկը հետաքրքրվեց՝ Օպերայի արտիստներին արտոնություններ տրվելո՞ւ են, ասաց, որ տեղյակ է, ամեն տարի նրանց տրվել են նման արտոնություններ: Տիգրան Սարգսյանը նշեց, որ դա հետագայում պայմանագրով արձանագրվելիք դրույթ է եւ կարծիք հայտնեց, որ արտոնություններ կլինեն:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն արձանագրելով, որ ամեն տարի մեր երկիր ներկրվող ավտոմեքենաների թիվը զգալի ավելանում է, կարծիք հայտնեց, որ ճիշտ կլինի նման պարագայում ավտոկայանատեղին մնա համայնքին, եւ չհանձնվի հավատարմագրային կառավարման, քանի որ զարգացող բիզնես է եւ ճիշտ կառավարման դեպքում բավականին եկամտաբեր է լինելու Երեւանի համար: Հարցրեց նաեւ ինչո՞ւ են 10 տարով կնքում պայմանագիրը այլ ոչ թե 5+5: Տիգրան Սարգսյանն ասաց՝ հաշվի առնելով, որ կառավարիչը պետք է իրականացնի ներդրումներ, ժամկետը նախատեսվել է 10 տարի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031