ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հրավիրված էր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ-ԵՏՄ հարաբերությունների վերաբերյալ պատգամավորներին հետաքրքրող խնդիրները քննարկելու նպատակով:
Հանձնաժողովականներից մեկը նախարարին հարցրեց. «Կոտայքի մարզում ԽՍՀՄ տարիներին տարածված էր առողջարանային տուրիզմը: ԽՍՀՄ տարբեր երկրներից գալիս էին Արզնի, Հանքավան, Ջերմուկ: Հիմա ոլորտում բացեր ունենք, մինչդեռ ՀՀ-ԵՏՄ պայմանագրի կետերից մեկը սահմանում է, որ առողջարանային տարածքները կարող են տնտեսական գոտու առանձնահատուկ տարածքներ համարվել: Այս հարցում ի՞նչ ծրագրեր կան ԵՏՄ-ի հետ»:
Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ուղղությամբ կատարված եւ ընթացիկ հարցերն ինձ հայտնի չեն, բայց մեկ այլ բան հայտնեմ: ՀՀ-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ներառված է հարց, որով մենք նպատակ ունենք շարունակել բանակցել ՌԴ կառավարության հետ եւ հասնել նրան, որ ՌԴ քաղաքացիների սոցիալական-աշխատանքային հանգստի փաթեթները ներառեն նաեւ հայաստանյան առողջարանային կենտրոնները, որոնք ի վիճակի են սպասարկել նման պահանջարկը: Այդ առողջարանների ցուցակը կտրամադրվի ՌԴ-ին: Սոցիալական այդ ծառայությունից օգտվող ՌԴ քաղաքացին կարող է հանգիստն անցկացնել ՀՀ-ում գտնվող առողջարանում»:
Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ՝ հայաստանյան կողմն առաջարկը ՌԴ-ին մանրամասն կներկայացնի եւ կքննարկի ապրիլին, իսկ այս տարի հստակ առաջընթաց եւ քայլեր են ակնկալում. «Եթե ՌԴ-ի հետ երկկողմանի հարցը լուծենք, կարող ենք համարել, որ դա ԵՏՄ-ի տեսանկյունից կարգավորված հարց է: ՌԴ քաղաքացիների պահանջարկը կարեւոր է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ