Facebook ընկերությունն իր սերվերների վրա բաց տեսքով պահպանել է հարյուր միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր: Այս մասին հայտարարել է համակարգչային անվտանգության փորձագետ Բրայան Քրեբսը՝ վկայակոչելով ընկերության անանուն աշխատակցին: Քրեբսի հրապարակումից հետո այդ մասին պաշտոնապես հայտարարել է նաև Facebook-ը՝ չնշելով օգտահաշիվների թիվը:
Քրիսբին նշել է, որ ըստ ներքին հետաքննության նախնական արդյունքների, խոսքը 200-600 մլն օգտատերերի գաղտնաբառերի մասին է: Դրանց հասանելիություն է ունեցել Facebook-ի ավելի քան 20 հազար աշխատակից: Ըստ Քրեբսի աղբյուրի՝ ընկերությունը դեռ փորձում է պարզել՝ որքան ժամանակ են այդ գաղտնաբառերը հասանելի եղել աշխատակիցներին, սակայն գաղտնաբառերի որոշ արխիվներ թվագրվում են 2012թ.:
Ընկերության ինժեներ Սկոտ Ռենֆրոն Քրեբսին ասել է, որ օգտատերերը կարիք չունեն փոխելու իրենց գաղտնաբառերը: Նրա խոսքով՝ քննությունը չի բացահայտել տվյալների անբարեխիղճ օգտագործման դեպքեր: Facebook-ում ընդգծել են, որ ընկերությունից դուրս ոչ մեկ գաղտնաբառերին հասանելիություն չի ունեցել:
Ընկերությունից նաև նշել են, որ կատարվածի մասին ծանուցումներ կստանան Facebook-ի «թեթև» տարբերակի (Facebook Lite) հարյուր միլիոնավոր օգտատերեր, տասնյակ միլիոնավոր այլ օգտատերեր, ինչպես նաև Instagram-ի տասնյակ հազարավոր օգտատերեր:
Քրեբսը նշել է, որ վերջերս հայտնի է դարձել նմանատիպ իրավիճակի մասին Github-ում և Twitter-ում, սակայն այդ դեպքերում գաղտնաբառերը հասանելի են եղել համեմատաբար քիչ թվով աշխատակիցների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ