Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դիմումները հիմնականում մերժվել է՝ հաշվի առնելով, թե դրանք ում դեմ են ներկայացված եղել. «Ժողովուրդ»

Մարտ 22,2019 12:45

2012 թվականի հունվարից 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ստացել է 83 գրություն։ Ընդ որում, 2012-2013թթ. ստացվել է 57 գրություն, իսկ 2014-2015թթ.՝ 26։ Էթիկայի կանոնների խախտմանը կամ շահերի բախման իրավիճակներին են վերաբերել շուրջ տասը դիմումներ։ Դրանց քննարկման արդյունքում հարուցվել են չորս վարույթներ։ 2014 թվականի չորս վարույթներից մեկով է արձանագրվել էթիկայի կանոնների խախտում։ 2015 թվականին ստացվել են հինգ դիմումներ, որոնցից մեկի քննարկման արդյունքներով է վարույթ հարուցվել։

Իսկ այժմ մի քանի օրինակ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին հարուցել է վարույթ ՀՀ բնապահպանության նախարար, այժմ քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով։ Այդ վարույթը հարուցվել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի դիմումի հիման վրա։ Դիմումում նշված է, որ բնապահպանության նախարարը կոնֆերանսի ընթացքում, բնապահպան ակտիվիստի դիտարկմանն ի պատասխան, ասել է. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»։ Եվ հաստատվել է, որ Հարությունյանը չի ցուցաբերել հարգալից վերաբերմունք այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվել է իր լիազորություններն իրականացնելիս։

Իսկ մեկ այլ դիմում վարույթ չի ընդունվել, որը վերաբերում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ 2016թ. ապրիլի 24-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով լրագրող Սիրանուշ Պապյանին վիրավորելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հարցով։ Սակայն հանձնաժողովն այն վարույթ չէր ընդունել, քանի որ չի ստացել կոնկրետ անձից կամ անձանց խմբից կոնկրետ դեպքին վերաբերող դիմում։

Նույն կենտրոնը էթիկայի հանձնաժողով էր դիմել նաեւ 2013 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, որտեղ շահերի բախում էր տեսել։ Սակայն էթիկայի հանձնաժողովը գտել էր, որ քաղաքապետը Երեւան քաղաքի ներքաղաքային տրանսպորտի փոխադրումներ իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների առնչությամբ չի գտնվել շահերի բախման վիճակում։ Մեկ անգամ էլ դիմում է մերժվել, որ վերաբերել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, որոշվել է, որ նա չի գտնվել շահերի բախման վիճակում։

2016 թվականին մեկ անգամ էլ վարույթ էր հարուցվել «Մարաթուկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, որը ուղղված էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դեմ։ Սակայն գործը վարույթ ընդունելուց հետո որոշում էր կայացվել գործի քննությունը կիսատ թողնել։

Եվ այս անուններից ու տվյալներից պարզ է դառնում, որ նախկինում դիմումները հիմնականում մերժվել են՝ հաշվի առնելով, թե դրանք ում դեմ են ներկայացված եղել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարում՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031