Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ է, որ հրապարակավ նման մեղադրանքներ է հնչեցնում նախկին բարձրաստիճան պաշտոնյան ու իրադարձությունների անմիջական մասնակիցը. «Հայկական ժամանակ»

Մարտ 22,2019 12:40

Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պայթած ռումբի ազդեցության ունեցավ։

Նամակում հրապարակված փաստերին կամ մեկնաբանություններին մամուլն, իհարկե, ժամանակին անդրադարձել էր՝ վարկածների կամ «շրջանառվող տեղեկությունների» տեսքով, շատերն էլ ուղղակիորեն էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնում, բայց առաջին անգամ է, որ հրապարակավ նման մեղադրանքներ է հնչեցնում նախկին բարձրաստիճան պաշտոնյան ու իրադարձությունների անմիջական մասնակիցը։ Այսինքն՝ սա արդեն ոչ թե քաղաքական գնահատական է, այլ կոնկրետ վկայություն եւ հաղորդում հանցագործության մասին։

Իհարկե՝ կարելի է նաեւ այս ամենն ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից տուժած եւ հալածանքների ենթարկված մարդու էմոցիոնալ խոսք կամ դժգոհել, որ հիմնականում հղում է արվում Վազգեն Սարգսյանի վրա, մինչդեռ նա չի կարող հաստատել կամ հերքել ասվածը։ Բայց նամակում հիշատակվում են նաեւ այնպիսի փաստեր, որոնց ականատեսն ու վկան անձամբ Շիրխանյանն է եղել (օրինակ՝ որ օտարերկրյա բանկային հաշիվների վրա «հայկական ծագմամբ» գումարների բացահայտումից հետո իր մոտ է եկել Սերժ Սարգսյանն ու պարտավորվել «ինքնակամ» 200 մլն դոլարի ներդրումներ կատարել արդյունաբերության մեջ)։ Կամ՝ հազիվ թե հնարավոր լիներ անհետ թաքցնել «կորած» 400 մլն դոլարը։

Այսպես թե այնպես՝ համապատասխան կառույցները պարտավոր են քրեական գործեր հարուցել եւ ստուգել հրապարակված փաստերը։ Նման մեղադրանքները չեն կարող օդում կախված մնալ ու պետք է կամ հաստատվեն, կամ հերքվեն։ Առավել եւս, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը շարունակում են երեւացող ֆիգուրներ մնալ քաղաքական դաշտում եւ անգամ քաղաքական լուրջ դերակատարման հավակնություններ ունեն։ Հասարակությունը պիտի հստակ իմանա՝ քաղաքական գործիչների՞ հետ գործ ունի (ինչպես իրենք են պնդում), թե՞ հանցագործների (ինչպես Շիրխանյանն է պնդում)։

Ընդ որում՝ այս ամենը պիտի արվի հնարավորինս արագ եւ հնարավորինս թափանցիկ։ Ինչո՞ւ արագ եւ ինչո՞ւ թափանցիկ։ Արագ, որովհետեւ, ըստ Շիրխանյանի, Վազգեն Սարգսյանն, օրինակ, չհասցրեց։

Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031