«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։
– Պարոն Սիմոնյան, կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
– Անձնական տեսակետս ասեմ։ Կարելի է նման բան անել, եթե դա նպատակ ունի ժողովրդի մոտ քաղաքացիական ինքնագիտակցությունը զարգացնել, ընդգծել, բայց մի փոքր էլ մտավախություն ունեմ, որ հանկարծ նման դեպքերը չշատանան, որ ամեն ինչ-որ սոցիալական հուզումների արդյունքում երբ իշխանափոխություն տեղի ունենա, անընդհատ նոր-նոր տոներ չստեղծվեն։
Բայց, որպես այդպիսին, նորմալ բան է, եթե ճիշտ շեշտադրումներով օգտագործվի, եւ որ ընդգծվի այդ օրը, որ քաղաքացիները քաղաքացիական միջոցառումների միջոցով կարողացել են, այդպես կոչված, քաղաքացու ինստիտուտը ընդգծել եւ կարեւորել, եւ դրա միջոցով հասնել իշխանափոխության։ Դա դրական է, բայց եթե դա ընկալվի հայ մարդու հաղթանակը մեկ այլ հայ մարդու նկատմամբ, դա ճիշտ չի լինի; Այդ օրը քաղաքացիները պետք է հիշեն, որ իրենք այս պետության հիմնաքարերն են, եւ այդ օրը առիթ լինի ընդգծելու քաղաքացու դերն ու նշանակությունը պետականության զարգացման գործում։ Դա կլինի կոնֆերանսների միջոցով, հկ-ների կողմից ներկայացված քաղաքացիական լսումների միջոցով եւ այլն։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում