Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:
Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը Դարիղա Նազարբարևային մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:
Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիղա Նազարբաևային:
Կարևորելով հայ-ղազախական միջխորհրդարանական կապերը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքն ամուր հիմք կծառայեն երկու պետությունների խորհրդարանների արդյունավետ համագործակցության խորացման համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ