Այսօր Երեւանի ավագանու նիստում, մինչ օրակարգի բուն հարցերին անցնելը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ վաղը՝ մարտի 23-ին, մեծ շաբաթօրյակ է լինելու՝ հասարակությանը կոչ անելով ակտիվ մասնակցել:
«Մեծ ասելով, նկատի ունեմ ոչ միայն մարդկանց մասնակցության առումով, այլեւ, որպես սկիզբ մաքուր Երեւան ունենալու: Բացի նրանից որ մենք կմասնակցենք եւ կմաքրենք եղած պրոբլեմները, նաեւ ամեն օր ուշադիր կլինենք եւ այդ խնդիրները չենք ավելացնի մեր քաղաքում»,-ասաց քաղաքապետը:
Մարությանն ասաց, որ քաղաքապետարանը ամեն ինչ կազմակերպել է՝ որտեղ են կոնկրետ վայրերը, որոնք պետք է մաքրվեն. «Պարագաները, եթե չունեք, մենք ձեզ կտրամադրենք»:
Պարոն Մարությանը առաջարկեց բակային տարածքներին ուշադրություն դարձրեք. «Մենք քաղաքապետարանով եւ մնացած գերատեսչություններով մեր վրա վերցրել ենք հանրային տարածքները, բակերը կմնան բնակիչների վրա: Ես անձամբ ամբողջ ընտանիքով դուրս եմ գալու, նախ՝ կսկսեմ մեր բակից հետո այլ հանրային վայրերում կլինենք՝որտեղ կպահանջվի մեր աշխատուժը: Սա շատ լավ առիթ է նաեւ շփվելու ընտանիքի անդամների հետ ու ընկերների»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ