«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անկեղծացավ. «Ինձ համար 365 օրն էլ քաղաքացու օր է, բայց եթե առանձնացնում են, նշանակում է՝ ցանկություն կա այն առանձնահատուկ նշելու, բարձրաձայնելու քաղաքացու գիտակցության, կարեւորության նշանակության մասին։ Միգուցե դա է պատճառը, որ առանձնացվեց այդ օրը։ Գուցե սրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի կարեւորի, որ յուրաքանչյուր օր իր օրն է», ուստի ինքն անձամբ առանձնակի չի կարեւորելու այդ օրը։ «Հատկապես, որ ապրիլ ամիսը չափազանց կարեւոր ամիս է, մենք այդ ամսին ունենք ապրիլի 24, ունենք ապրիլի 7, ապրիլի 24-ը նաեւ իմ ծննդյան օրն է, այնպես որ՝ ինձ համար հստակ տոն է, որովհետեւ ես դա վերածննդի օր եմ համարում»։
Նկատեցինք, որ այդ օրը լինելու է վարչապետի ասած՝ հպարտ քաղաքացիների տոնը, իսկ ի՞նչ անեն նրանք, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը, էլ չասենք, որ դեմ են եղել դրան։ Սակայն իմքայլականը վստահաբար հայտարարեց, որ բոլորն էլ, կամա թե ակամա, մասնակցել են հեղափոխությանը, ու դա լինելու է բոլորի օրը, հատկապես որ թե՛ ինքը, թե՛, իր պնդմամբ, Փաշինյանը բոլորին համարում են հպարտ քաղաքացիներ. «Կամա թե ակամա, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Հայաստանից դուրս յուրաքանչյուր հայ մարդ մասնակից է եղել հեղափոխությանը։ Անգամ ՀՀԿ-ն է մեծ գործունեություն ծավալել հեղափոխության առումով։ Բարիկադների երկու կողմում գտնվող, հեղափոխություն ցանկացող եւ չցանկացող մարդն էլ է եղել գործողության մեջ, եւ չենք կարող համարել, որ Ձեր ասած՝ սա խտրական վերաբերմունք է քաղաքացիների հանդեպ։ Չէ՝ որ հեղափոխությունից անմասն չի մնացել որեւէ մեկը։ Նույն Սերժ Սարգսյանի կողմնակիցները, չէ՝ որ իրենց կողմից էր նույն հրաժարականը, նույն վարչապետի ընտրությունը եւ, եւ, եւ… Սրանք հեղափոխության մասերն են, եւ էական չէ, թե որ մասերն են»։
Նկատեցինք, որ պատգամավորի թվարկածները հեղափոխության «պարտադրված» մասերն են, սակայն տիկին Հովսեփյանն անդրդվելի մնաց՝ ասելով, որ գուցե սրանք անցանկալի մասերն են, բայց, միեւնույն է՝ մաս են կազմել։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է նշվելու այդ օրը, Փաշինյանն ասաց, որ կհետեւեն քաղաքացիների առաջարկներին։ «Իմ քայլի» պատգամավորը դեմ չէ վուվուզելներով, դըմ-դըմփ-հու վանկարկումներով տոնը նշելու ոմանց առաջարկներին, իր ցանկությունն է՝ այնպես նշեն, որ յուրաքանչյուրիս գիտակցությունն այնքան բարձրանա, որ մյուս օրերն էլ դառնան քաղաքացու օր։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում