Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել Ռուսաստանից ժամանած ճարտարապետ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Վահագն Վերմիշյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Վարչապետ Փաշինյանի առաջարկով վերջինս ներկայացրել է իր կենսագրությունը. «Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, աշխատել եմ Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ, աշխատանքային գործունեությունս շարունակել եմ Ռուսաստանում, արտասահմանում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում»։ Գործադիրի նիստում Վերմիշյանը շեշտել է, որ որոշել է աշխատել իր հայրենիքի համար։
Հայրենիքում նրա գործունեության միակ հետքն առայժմ Վերնիսաժի տարածքում կառուցված սրճարանն է։
Վահագն Վերմիշյանը սրճարանի համար վկայականը ստացել է 6 ամիս առաջ, բայց շենքը կառուցվել է ավելի շուտ։ Խորհրդատվության համար Տարոն Մարգարյանը նրան գումար չի վճարել՝ Վերմիշյանը խորհրդական էր նշանակվել հասարակական հիմունքներով։
«Դուռումն» առաջացել է քաղաքային գազոնի տեղում։ Փաստորեն, գազոնը հնձել են, տեղը շաուրմանոց սարքել, եւ այժմ քաղշինկոմիտեի նախագահն այդ օբյեկտի տերն է։
Պետական ռեգիստրում այն գրանցված է Ռուսաստանի բնակիչներ Սուսաննա եւ Արամ Վերմիշյանների անունով։ Զանգահարեցինք քաղշինկոմիտեի նորանշանակ նախագահին, ուզում էինք զրուցել նրա հետ Վերնիսաժի հակամշակութային միջավայրի մասին, նրա ծրագրերի, թե արդյոք չի՞ ցանկանում այնտեղ նորից շատրվաններ կառուցել։ Բայց միայն հասցրինք ասել. «Դուռումը» Ձե՞րն է։ Նոստալգիկ գաղափար է սփյուռքահայի համար «Դուռում» անունով օբյեկտ բացել Երեւանի կենտրոնում, բայց ո՛չ երեւանցու համար։ Այդտեղ գազոն է եղել»։
«Այդտեղ գազոն չի եղել,- պատասխանեց քաղշինկոմիտեի նախագահը, դա իմը չէ, իմ որդունն է։ Այդ շենքը նա վերցրել է վարձով։ Դա կառուցվել էր սրանից մի 4 տարի առաջ, իսկ տղաս վարձել ա ընդամենը վեց ամիս առաջ»։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում