Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ դժվար է լուրջ ընդունել վարչապետի այն փաստարկը, թե ինքը զանգում էր Արմեն Սարգսյանին և չէր կարողանում վերջինիս հետ կապ հաստատել. «Իրատես»

Մարտ 22,2019 11:18

Թեև այսօրվա իշխանական քարոզչամեքենան Արմեն Սարգսյանին ամեն կերպ փորձում է մղել երկրորդ-երրորդ պլան, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի վարկանիշը բավականին բարձր է, կայուն, նույնիսկ ժամանակ առ ժամանակ հետաքրքրությունը երկրի նախագահի նկատմամբ շատ ավելի է մեծանում։

Արմեն Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։ Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ Արմեն Սարգսյանը միայն ձևականորեն հրավիրվեց Արցախում կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց` քանի որ ուշ երեկոյան է ստացվել հրավերը, տեխնիկական պատճառներով այն ընդունել հնարավոր չէր։ Որպես փորձված քաղաքական գործիչ և դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը հրավերի այս ձևը գուցե համարեց վիրավորանք, ոչ հարիր վերաբերմունք իր կարգավիճակին։

Վարչապետ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում առանձնապես չթաքցրեց, որ պրոտոկոլային որոշակի խախտումներ եղել են։ Մի քիչ դժվար է լուրջ ընդունել վարչապետի այն փաստարկը, թե ինքը զանգում էր Արմեն Սարգսյանին և չէր կարողանում վերջինիս հետ կապ հաստատել, ուստի երրորդ դեմքին է պատվիրում նախագահին հրավիրել Անվտանգության խորհրդի նիստին։ Տեխնոլոգիաների և զարգացած կապի այս դարում նման մանրուքներ վկայակոչելն այնքան էլ լուրջ չէ, մանավանդ որ այս երկու գործիչներն էլ շատ հմտորեն օգտվում են կապի նորագույն տեխնոլոգիաներից։ Եվ վարչապետի կողմից ասուլիսում հնչեցված հայտարարությունը, ըստ էության, դեմարշ էր նախագահի հասցեին։

Եվ երկրորդ դրվագը, որ երևան է հանում վարչապետի ու նախագահի միջև տարաձայնությունները. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ վարչապետն ու նախագահը առանձին-առանձին ընթրիքի են հրավիրել Վրաստանի նախագահին՝ միմյանց սակայն չհրավիրելով այդ ընդունելություններին։

Նկատենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ու նրա թիմը բավականին գրագետ են գործում։ Թե՛ PR-ի, թե՛ քաղաքական հանդիպումների տեսակետից Արմեն Սարգսյանը շատ շահեկան դիրքերում է։ Ըստ էության, նա հանդիպում է մարդկանց, ում այսօր անտեսում է Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, նախագահն ընդունեց գործող կառավարության կողմից անտեսվող Լևոն Արոնյանին։ Հավանաբար Լևոն Արոնյանի միակ մեղքն այն է, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Արմեն Սարգսյանն օրերս հանդիպում ունեցավ նաև լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի տիկնոջ հետ։ Սա նույնպես որոշակի ընտրազանգվածի վրա ազդեցություն ունեցող գործոն է։ Բացի այդ, դա կարող է լուրջ ուղերձ հանդիսանալ Ռուսաստանին, որն իր փափուկ ուժի քաղաքականությունը հիմնականում կառուցում է Հայրենական մեծ պատերազմում հայ և ռուս ժողովուրդների համատեղ պայքարի վրա։ Արմեն Սարգսյանի գործունեությունը բազմավեկտոր է։ Թե՛ Բայդենի, թե՛ Ռուսաստանի հետ կապված անձանց հետ ակտիվ շփումները հուշում են, որ ՀՀ նախագահը աշխարհաքաղաքական կենտրոններին ցանկանում է հասկացնել, որ իրադարձությունների որոշակի դասավորվածության դեպքում կարող են իր վրա խաղադրույք կատարել։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031