Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը:
Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում գրանցվում է ժողովրդավարության մակարդակի անկում, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որ ընտրեց ճիշտ ուղի.
«Հայաստանը, գտնվելով ավտորիտար հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի կողքին, իրականացրեց «Թավշյա հեղափոխություն»՝ թռիչքային աճ ապրելով հարեւանների նկատմամբ»:
Օհանյանի խոսքով, հեղափոխության ընդդիմադիրների կողմից այն «գունավոր հեղափոխություն» որակելու բոլոր փորձերը տապալվեցին, քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ինքը թույլ չտվեց «Թավշյա հեղափոխությանը» միջամտել ոչ՛ Ռուսաստանին, ոչ՛ Արեւմուտքի որևէ ուժի.
«Հայաստանում կանայք, զրկված լինելով իշխանական կառույցներում կշռուն ուժից, կենտրոնացել էին քաղաքացիական հասարակության խնդիրների վրա։ Հեղափոխության օրերին մեծաթիվ կանայք մասնակցեցին բողոքներին՝ երաշխավորելով այդ բողոքների խաղաղ բնույթը»:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ
Նյութն ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում