Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչենք մեր հերոսներին. Ընդհատված թռիչք

Մարտ 22,2019 17:00

Առաքինի մարդն անվերջ կատարելության ձգտող էակ է, որը երբևէ չի թաքցնում իր բնական մղումը, երբեք իրական կյանքի պատրանք չի ստեղծում ու կեղծ դիմակ չի դնում, ընդհակառակը, ապրում է երազելով ու ձգտում իր մշտավառ երազանքներն իրականություն դարձնել: Ահա այսպիսի իմաստալից կյանքով ապրեց ու իր ետևից լուսավոր հետագիծ թողեց արցախյան ազատամարտի հերոս, հայրենիքի անկախության ու ազատության սրբազան պայքարի նվիրյալ, փոխգնդապետ Յուրա Հովհաննիսյանը՝ 26-ի Յուրան, ում հոգին միշտ բարձունքներ էր տենչում՝ նորովի իմաստավորելով աշխարհի սեփական ընկալումը:

Յուրան էությամբ անչափ բարի էր, հավասարակշռված, ուղղամիտ, մարդամոտ ու ընկերասեր, թույլին աջակից և օգնող, բայց ըմբոստ հոգին անսպասելիորեն բռնկվում էր, փոթորկվում, վայրկենապես անճանաչելի էր դառնում, երբ շրջապատում անարդարություն էր նկատում. նրա խորաթափանց հայացքից ոչինչ չէր վրիպում: Նրա պրպտուն միտքն անվերջ ու անդադար որոնումների մեջ էր, ձեռք բերածով երբեք չէր հանգստանում, ներքին ձայնը նրան մշտապես ուղղորդում էր անհասկանալի ու անբացատրելի խիզախումների գնալ, որոնցում ցուցամոլության նշույլ անգամ չկար: Պարզապես նա մանկուց սիրում էր ամեն ինչում և ամեն տեղ առաջին ջութակը լինել ու օրինակ ծառայել՝ թե՛ դպրոցում, թե՛ մանկական պարզ  և անմիջական խաղերում, իսկ հասուն տարիքում՝ նաև իր իսկ նախաձեռնությամբ ու մտահղացմամբ կազմակերպվող տարատեսակ միջոցառումների, հավաքույթների և քայլարշավների ժամանակ: Ոչինչ հենց այնպես ու ինքնանպատակ չէր անում:

-Կյանքն անիմաստ և անպտուղ ապրելն անմտություն է, ամեն ոք իր հետքը պետք է թողնի ու անսխալ ապրի: Սեփական սխալներից ճիշտ հետևություններ պիտի անենք ու ճիշտ դասեր քաղենք, որ մարդ մնանք, ինչը քչերին է բախտ վիճակվում,- սիրում էր կրկնել նա: -Եթե վախի աչքերին հայացքներս գամենք, սրտի դողով ենք ապրելու, է՜հ, որտեղ կտրի կապը… տիրո՛ւ պապը…

Տասնամյակներ անց միայն հասկանալի դարձավ նրա խորիմաստ փիլիսոփայությունը, երբ հայրենիքի համար օրհասական օրերին շատերի համար միանգամայն անսպասելի որոշում կայացրեց, ժամանակավորապես հրաժարվեց գիտությանը ծառայելու մտքից /,,Ժամանակ միշտ էլ կգտնեմ, կհասցնեմ, երբեք ուշ չի լինի գիտությամբ զբաղվել,,- արդարացնում էր ինքն իրեն, սակայն նվիրական երազանքն անկատար մնաց/ և ինքնակամ զինվորագրվեց նախ անկախության համար օր-օրի թափ առնող համաժողովրդական պայքարին, իսկ այնուհետև զենք վերցրեց ձեռքը և Ուխտի զինվոր դարձավ:

Նոր էր զինվորագրվել ,,Սասունցի Դավիթ,, կամավորական ջոկատին, երբ հայրենի գյուղում հանդիպեցինք: Կարճ ժամանակով էր եկել, շտապում էր օր-օրի փոթորկվող մայրաքաղաք, բայց հոգին դատարկելու անհագ ցանկությունն անկարող էր զսպել, առավել ևս երբ երկար ժամանակ սրտաբաց զրույց չէինք ունեցել: Ոգևորությունն անչափ նախանձելի էր, և ինձ միանգամայն հասկանալի. միասին էինք հասակ առել ու երբևէ միմյանցից որևէ գաղտնիք չէինք թաքցրել: Ժամանակն փոթորկալից օրերն իրենց հետագիծը թողել էին նրա վրա. Յուրան ինքնատիպ տարերքի մեջ էր: Գիտեի, որ բացառիկ պահերի էր միայն անկարող սրտում կուտակվածը րոպե առաջ դատարկելու ցանկությունը խեղդել: Աչքերից ասես կրակներ էին ժայթքում, երբ ոգևորված խոսում էր Թատերական հրապարակում կատարվող իրադարձություններից, արցախահայության սկսած ընդվզումից, իսկ այնուհետև մի պահ չարագուշակ լռություն տիրեց: Ինձ հասկանալի էր նրա լռությունը, ինչ-որ բան հարցնելն անիմաստ էր:

-Ազգովի մեծ քննության առաջ ենք կանգնած: Արցախահայության ընդվզումը մեր ազգի համար ինքնաճանաչման իսկական փորձաքար է, պարտավոր ենք պատվով քննություն բռնել՝ հավատարիմ մնալով մեր նախնիների սուրբ պատգամներին, այլապես մեզ ներում-բեկում չի՛ լինի,- կարճատև լռությունը խախտեց նրա խզված ձայնը /Նրբանկատ Յուրան այդպես էլ երբեք չսովորեց հուզմունքը թաքցնել/: -Մեր ժողովրդի արյան մեջ անթեղված ցասում կա, որը մի գեղեցիկ օր դուրս պիտի հորդար, եթե նրա համբերության բաժակը լցվեր: Եկել է հատուցման ժամը, մենք ինքներս մեր ճակատագրին տեր պիտի կանգնենք, եթե փոքր-ինչ հապաղենք, բաշիբոզուկ ազերիների ախորժակն էլ ավելի կբացվի, և անչափ շատ կուշանանք: Մեր հողը հայրենիք են դարձրել մեր նախնիներն ու այն մեզ պատգամել, որևէ մեկն իրավունք չունի նրանց արյամբ սրբացած հողն աչքի լույսի պես չպահպանել:

Յուրայի սիրտն ու հոգին վաղուց էին Արցախում, որն իր համար հայտնագործել էր դեռևս ուսանողական տարիներին, հեռակա կարգով յուրատեսակ թելերով կապվել նրա հետ, իսկ հետո մի խումբ ընկերների համոզել էր և Վարդենիսից ոտքով ճանապարհ էին ընկնել երկրամասին մոտիկից ծանոթանալու, նաև իրեն անչափ հետաքրքրող մի շարք հարցերի սպառիչ պատասխանները ստանալու համար: Արկածներով ու տարատեսակ փորձություններով լի մեկշաբաթյա արշավից վերադարձել էին հարուստ տպավորություններով: Նա իր համար ասես նոր աշխարհ էր հայտնաբերել. անչափ հիացած էր տեսարժան վայրերից, վանքերից ու արցախահայերի հյուրընկալ վերաբերմունքից:

….Յուրան շարունակում էր անասելի ոգևորությամբ խոսել, իսկ ես հիացած նայում էի նրան ու նորովի ճանաչում. իմ առջև կանգնած էր արդեն իմաստնացած մի այր, որի հետ, միգուցե անհավատալի թվա, սակայն տասը տարեկան հասակում, իր իսկ մտահղացմամբ, հաննիբալյան երդում էինք տվել, ապակու կտորով ձախ ձեռքներիս դաստակներին քերծվածք էինք արել, արյուններս խառնել իրար ու հավատարմության խոստում տվել: Մենք նախանձելի ու անբաժան ընկերներ մնացինք ու երբեք երդմնազանց չեղանք: Նա անվերջ որոնող և պրպտող էր, անսպասելի մտահղացումների, ինչու չէ, նաև խելահեղ արարքների ու քայլերի հեղինակ, որոնցից շատերը երկուսով էինք անաղմուկ կյանքի կոչում և ներքուստ հպարտանում: Նոր էր կարդացել հաստափոր ,,Սպարտակ,, վեպն ու այն ինձ փոխանցել: Տարօրինակ վարքագիծ ուներ, չնայած փոխադարձ վստահությունը կար, սակայն միմյանց ստուգում էինք՝ գիրքը կարդացե՞լ ենք, թե՞ պարզապես թերթել: Այդպես Յուրան ինձ գրքի ու գրականության հավերժ սիրահար դարձրեց: Այդ տարիքում նրանց հարուստ գրադարանի գրքերի մեծ մասն արդեն կարդացել էինք, ծանոթ էինք Արշակ Երկրորդի, Սամվելի ու Գևորգ Մարզպետունու սխրանքներին և արկածներ որոնողներ էինք դարձել:

Մի օր, երբ հերթական անգամ մեր ուտելիքը պատրաստել էինք, չոր լավաշը փշրել ու պանրի կտորի հետ գրպաններս էինք լցրել, Յուրան առաջարկեց գյուղի շրջակայքին մանրամասն ծանոթանալ՝ մեր գողտրիկ անկյունն ունենալու համար /«Աշխարհի մեջ մենք էլ մեր աշխարհը պիտի ունենանք, ուր կկարողանանք անվերջ երազել»,- անսքող հպարտությամբ ասաց նա, ում համար հայրենի Այգեշատ գյուղը մեզ դեռևս անծանոթ աշխարհին նայող միակ պատուհանն էր/: Նա երթուղին նախապես մշակել էր: Մեզ համար իսկական հայտնագործություններ էին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղի տարբեր հատվածներում կառուցված կիսավեր դիտակետերն ու  դիրքերը: Նա հնագետի նման ուսումնասիրում էր կառուցվածքները, զննում, ինչ-որ ծրագրեր մտմտում: Հոգնած արևն արդեն դեպի մայրամուտ էր գլորվում էր, երբ վերջին դիտակետից մեր դեմ հառնեց հնամենի մայրաքաղաք Արմավիրի ավերակների վրա բարձրացած բլուրը, որը երբևէ այդքան մոտիկից չէինք տեսել: Մենք առաջին անգամ էինք  նման բարձր բլուր տեսնում, որը մանկական մեր վառ երևակայությամբ բարձրագահ սար էր: Բարձունքների սիրահար Յուրայի աչքերը փայլատակեցին:

Հաջորդ օրը բլրի ստորոտում էինք: Վերելքն անասելի դժվար էր, միմյանց օգնելով բարձրացանք: /-Վերելքի պահին երբեք ներքև չնայես, քեզ մոտեցող գագաթին նայիր, այլապես ներքև կգլորվես ու շանսատակ կլինես,- կեսկատակ, կեսլուրջ խորհուրդ տվեց նա, երբ առաջին տասը մետրն էինք հաղթահարել/: Մեր առջև հիասքանչ տեսարան էր բացվել, շրջակա դաշտերն ու այգիներն ասես կանաչ գորգ լինեին: Մեզ աշխարհի տիրակալներ էինք կարծում: Հոգնածությունը, ծարավն ու քաղցը մոռացած՝ հաղթանակած զինվորների նման հրճվում էինք, ձայներս գլուխներս գցած աղաղակում, երբ մեզ մոտեցավ մի տարեց մարդ ու տարակուսանքը չթաքցրեց, որ խելահեղ պատանիները համարձակվել էին ամենադժվարին հատվածով բլրի գագաթը բարձրանալ: Մայրաքաղաքից ժամանած և տեղում պեղումներ կատարող հնագետների խմբի ղեկավարը խիստ նկատողություն արեց նման ինքնագլխության համար, իսկ հետո ցույց տվեց վայրէջքի հարմարավետ ճանապարհը, ինչին մենք միանգամայն անտեղյակ էինք: Հարուստ տպավորություններով ետ վերադարձանք: Երկար ժամանակ տանեցիներից թաքցնում էինք մեր հերթական խելահեղ քայլը՝ վստահությունը չկորցնելու նպատակով: Յուրան բարձունքներ նվաճելու ինքնատիպ ցանկություն ուներ ու երբեք իր որևէ նպատակ անկատար չէր թողնում: Նրան իր նախընտրած ճանապարհից ոչ ոք և ոչինչ չէր կարող ետ պահել, առավել ևս, երբ խոսքը հայրենիքի պաշտպանությանն էր վերաբերվում:

…Տագնապալի օրերը հաջորդում էին միմյանց, մթնոլորտը գնալով ավելի էր շիկանում, ավելին, հախուռն կազմակերպվող տարատեսակ կամավորական ջոկատները սահմանները պաշտպանելու նպատակով արդեն սկսել էին հանրապետությունում տեղակայված զորամասերից և ոստիկանական բաժանմունքներից անօրինական ճանապարհներով զենք ու զինամթերք հայթայթել: Յուրան նման մի քանի հաջողված գործողությունների էր մասնակցել, սակայն չէր սիրում փակագծերը բացել ու դրանց մասին բարձրաձայնել: Ջոկատի մասին շատ քիչ էր խոսում՝ համարելով ծառայողական գաղտնիք, բայց մի առիթով, զինակիցներից խոսելիս, չթաքցվող ուրախությամբ ասաց, որ ջոկատում ծանոթացել ու մտերմացել է լեգենդար  զինվորական, աֆղանական կռիվների մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանի հետ, իսկ հետո հպանցիկ ակնարկեց, որ մարտական առաջին մկրտությունը ստացել է Իջևանի սահմանային գոտում: Հետագայում, երբ կարճ ժամանակով գյուղ էր գալիս կռվի բովում թրծված զինակիցների հետ, մեր ծանոթությունը սեղանին իսկույն հայտնվող ուտեստի, տնական անուշահամ գինու և օղու ուղեկցությամբ իսկական տոնախմբության էր վերածվում:

Օրեցօր ավելի մտախոհ ու մտահոգ էր դառնում, որովհետև Արցախից ստացվող լուրերը տագնապի ահազանգ էին հնչեցնում, իսկ վառոդի հոտն ամեն քայլափոխի զգացվում էր: Ազերիների հետ առաջին լուրջ ընդհարումը Երասխում էր: Մինչև ատամները զինված ելուզակների դեմ մեր տղաները կռվել էին հիմնականում որսորդական հրացաններով ու թշնամուն ետ շպրտել: Մարտի դաշտում հասցրել էր զինակիցներին ճանաչել: Իրենց հարևանությամբ դիրքավորված ջոկատից փոքրոգի ու վախկոտ մարդկանց էլ էր հանդիպել, ովքեր ավտոմատներ էին ստացել, սակայն վախից թաքնվել էին առվափոսում ու չէին կրակել մոտեցող թշնամու ուղղությամբ: Վատ բան կանխազգալով՝ Յուրան շտապել էր նրանց դիրքն ու հանկարծակիի եկել:

-Թուլամորթ սրիկանե՛ր, եթե մի թուրք սպանած լինեի, չէի վարանի, ձեզ հենց այստեղ կգյուլլեի, ձեզ ավտոմատներ են տվել, ամենապատասխանատու պոստն են վստահել, իսկ դուք… հանձնե՛ք զենքերն ու հեռացեք, ձեզ այլևս առաջնագծում չտեսնե՛մ,- գոռացել էր թուլամորթների վրա, ավտոմատը վերցրել ու մարտի էր բռնվել մոտեցող ելուզակների հետ:

Թուլամորթությունը, ստորաքարշությունն ու վախկոտությունը, առավել ևս քծնանքը տանել չէր կարողանում, պատեհ առիթի դեպքում դժկամությամբ էր շփվում, սակայն երբեք չէր մտերմանում նման վարքագծի տեր մարդկանց հետ, բայց նաև մեծահոգաբար ներում էր, եթե սխալ գործողն իր մեղքն ընդունում էր: Երասխի կռիվը մեկ անգամ ևս հաստատեց, որ ազերիների հետ մեծամասշտաբ պատերազմը յոթը սարի ետևում չէ, որին հարկավոր էր հիմնովին պատրաստվել: ՀԱԲ-ին միացած ջոկատի կազմում Յուրան հեռագնա ծրագրեր էր կազմում, որովհետև, զենք ու զինամթերքից զատ, կազմակերպված ջոկատների սննդի հարցը ևս օրախնդիր էր:

-Վաղ թե ուշ մենք ազգային հզոր և անպարտելի բանակ պիտի ունենանք, անկախ ու կուսակցական ջոկատները պիտի զտվեն և մի հարկի տակ հավաքվեն, ինքնագլուխ ու վտանգավոր քայլեր չանեն,- հերթական հանդիպման ժամանակ ապագայի իր տեսլականը ներկայացրեց նա: -Մենք դատապարտված ենք ինքնուրույն պետություն կերտել իր բոլոր ենթակառուցվածքներով: Ցավոք, այսօր, քան երբևէ, կուրծք ծեծողների ու ժողովրդի անունից խոսացողների պակաս չի զգացվում, թացն ու չորն իրար են խառնվել, ինքնակոչ հայրենասեր հռչակվածներն իրենց երկրի տերեր են ուզում կարգել, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Մենք օր առաջ առաջին հերթին մեր մեջ եղած մոլախոտերից պիտի ազատվենք, այլապես հետո դժվար կլինի:

Ծրագրել էր Հոկտեմբերյան շրջանի տարածքում գտնվող մի քանի արհեստական լճեր ու լճակներ, անասնապահական համալիրներ ու ազատ հողատարածքներ այդ նպատակին ծառայեցնել, սակայն իրադարձությունների անսպասելի և կտրուկ շրջադարձի պատճառով ստիպված էր ջոկատի հետ հեռանալ Արցախ: Գյուղում էր, երբ ՀԱԲ-ի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, մայրաքաղաքում զինված ընդհարում եղավ, իսկ երբ անմեղ զոհերից հետո հաբականներին վերջնագիր ներկայացվեց, հրամանատար Ռազմիկ Վասիլյանի՝ եթերով հեռարձակվող խոսքը լսելուց հետո, անտեսելով վտանգը, զենքերը թաքցրեց մեր տղաներից Սարգիս Մխիթարյանի ավտոմեքենայում և անմիջապես սլացավ Երևան: Յուրան համոզված էր, որ ինչ-որ բան այն չէ, իսկ ամիսներ անց պատմեց ճշմարտությունը, որը տարիներ անց միայն հանրությանը հայտնի դարձավ. իշխանությունում շատերին դուր չէր գալիս, որ ՀԱԲ-ն աստիճանաբար անկառավարելի զինվորական կառույց դառնալու ճանապարհն էր ընտրում, ինչը կարող էր չափազանց վտանգավոր հետևանքներ ունենալ:

Արցախի ժողովուրդը գրկաբաց ընդունեց ինքնապաշտպանական ու պարտիզանական մարտեր մղելու նպատակով օգնության մեկնած հայ արծիվներին, որոնց հոսքն օրեցօր ավելանում էր: Բարձունքների սիրահար Յուրային Արցախում բազում աննվաճ գագաթներ էին սպասում, և նա, կարճատև բաժանման խոստումով, հրաժեշտ տվեց ընտանիքին ու սլացավ իր անավարտ երազանքները կյանքի կոչելու….

Շարունակելի

Վաչիկ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031