Նախկինում ասվում էր՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան անլուծելի խնդիրներ
Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես իր մի քանի այցերով Վրաստան հստակ նպատակ էր հետապնդում՝ ընդգծել այն կարեւորությունը, որը նրա կառավարությունը տալիս է հարեւան Վրաստանի հետ հարաբերություններին։ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Հայաստան վեր հանեց պետական մակարդակով առկա որոշակի խնդիրներ, ընդ որում, նախկինում գոնե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հրապարակավ դրանք չէին ներկայացվում։
Փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտերկրյա իր առաջին այցը Ադրբեջան կատարեց։ «Վրաստանի բոլոր նախագահները բարեկամական հարաբերություններ են ունեցել Ադրբեջանի հետ, եւ ես շարունակելու եմ այդ ավանդույթը», -ժամանելով Բաքու՝ նշեց Զուրաբիշվիլին: «Ուրախ եմ իմ առաջին տարածաշրջանային այցը կատարել եղբայրական Ադրբեջան: Մեր հարաբերությունները շատ հեռանկարային են: Եվ այսօր, երբ տարածաշրջանի ու աշխարհի առջեւ բացվում են նոր հնարավորություններ, մեր կապերի խորացումը առավել կարեւոր է դառնում», – ասել էր Զուրաբիշվիլին՝ ընդգծելով, որ Բաքուն եւ Թբիլիսին այժմ քննարկում են համագործակցությանն ուղղված նոր նախաձեռնություններ:
Այն, որ Վրաստանը էներգետիկ ոլորտում որոշակի կախվածություն ունի Ադրբեջանից, որ առեւտրատնտեսական հարաբերություններում, ներդրումային ծրագրերով Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ Վրաստանը պետք է առաջնայնություն տար Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ պարզ է։ Սակայն նաեւ տարածաշրջանային հակամարտությունների հարցում Վրաստանն ու Ադրբեջանը ցուցադրում են միասնական դիրքորոշում։ Զուրաբիշվիլին Ալիեւի հետ վերջին հանդիպմանը նկատել էր, որ Վրաստանը հասկանում եւ կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: «Մենք միանման խնդիրների միջով ենք անցել, վերականգնել ենք անկախությունը եւ միեւնույն ողբերգությունը տեսել վերջին տարիներին: Այսօր մենք գիտենք՝ ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռեւս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել եւ զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»,- ասել էր Սալոմե Զուրաբիշվիլին:
Այս հայտարարություններից շուրջ 2 շաբաթ անց Զուրաբիշվիլին պաշտոնական այցով Երեւան ժամանեց: Հայաստանի վարչապետի եւ Վրաստանի նախագահի առանձնազրույցի ընթացքում Փաշինյանը նշել էր. «Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, եւ դա ընդգծում է մեր կառավարության եւ անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը եւ կարեւորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա եւ ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»:
Իր հերթին Զուրաբիշվիլին հավելել էր. «Ես եւս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, եւ կկարողանանք էլ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից եւ աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել եւս՝ կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել եւ շատ անելիքներ ունենք միասին: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:
Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդակցության՝ Փաշինյանն ու Զուրաբիշվիլին բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ կարեւորել համագործակցության հետագա զարգացումը: Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարեւորությունը եւ մտքեր փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները:
Սակայն այս այցը նշանավորվեց մեկ այլ՝ բավական տհաճ դրվագով։ Երեւանում հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փոխանակվել էին միմյանց ուղղված դժգոհություններով: ԱԺ նախագահն անդրադարձել էր տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել էր, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել էր Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա մտահոգություն էր հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի էր համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:
Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել էր, որ Վրաստանի համար կարեւոր է, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչվեն ոչ միայն խոսքերով, նա դատապարտել էր Արցախի Հանրապետությունից պատվիրակությունների այցերն Աբխազիա եւ Հարավային Օսիա: Զուրաբիշվիլին նշել էր, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացը եւ դրանց լուծման հարցում համագործակցությունը երկու երկրների համար կարեւոր է: «Եթե մենք խոսում ենք երկրի շահերի մասին, ապա հիմնական եւ միակ հետաքրքրությունը մեզ համար այն է, որ մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչվեն եւ ճանաչվեն ոչ միայն բառերով, այլեւ փաստացիորեն»,-ասել էր Ս. Զուրաբիշվիլին: «Այդ տեսանկյունից շատ տխուր է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններն այցելում են Աբխազիա եւ Հարավային Օսիա եւ հարցեր են բարձրացնում այնպես, կարծես դրանք նույն տիպի հակամարտություններ են եւ որոնում են որեւէ համաչափություն: Դա շատ տխուր եւ ցավալի է մեզ համար»,- ասել է Վրաստանի նախագահը:
Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պատվին նախագահականում պաշտոնական ճաշ էր տրվել, որի ընթացքում արձանագրվել էր, որ հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են եւ հազարամյակների պատմություն ունեն։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր. «Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ: Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաեւ ցույց կտա, որ մենք բարի եւ բարեկամական ապագա ունենք»:
Վրաստանի նախագահն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Վրացիներիս եւ հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երեւում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի եւ բազում այլ հայ մեծերով հպարտանում են ե՛ւ վրացիները, ե՛ւ հայերը: Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած եւ հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»:
Եթե պաշտոնական Երեւանը որոշել էր, որ Վրաստանի նախագահին հրապարակային պետք է մեղադրի Բաքվում արած հայտարարության համար, ապա պետք է նաեւ կանխատեսեին, որ վրացական կողմն էլ կարող է հակադարձել, հիշեցնելով՝ Արցախի իշխանությունների շփումների մասին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ, ինչպես նաեւ միջազգային ատյաններում, օրինակ, Հայաստանի քվեարկությունների մասին:
Հարեւան Վրաստանի հետ հարաբերություններն, իսկապես, կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Մինչ Փաշինյանի վարչապետության շրջանը մշտապես պաշտոնական Երեւանն ու Թբիլիսին վստահեցնում էին, որ երկու երկրների միջեւ չկան անլուծելի խնդիրներ: Հայաստանի ու Վրաստանի նոր իշխանությունները հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից որպես մեկնարկ նախընտրեցին փոխադարձ դժգոհություններով միմյանց հետ խոսելու տարբերակը: Այս արձանագրումները, եթե չօգնեն հարաբերությունները նոր մակարդակի վրա դնելու հարցում, ապա կարելի է ասել, որ մենք կունենանք ոչ այնքան հարթ հարաբերություններ Վրաստանի հետ, ինչը ամենաանցանկալի տարբերակը կլինի հարեւան երկրների համար: Կկարողանա՞ն երկու պետությունների ղեկավարները հարթել արտահայտված փոխադարձ դժգոհությունները եւ հարաբերությունները զերծ պահել նման տհաճ անակնկալներից…
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 21.03.2019