Տնօրենն ասում է՝ այնպես չէ, որ միտումնավոր աշակերտ են բերել, որ դպրոցը պահեն. մի քանի տարի առաջ շատ էին, հետո գյուղը դատարկվեց, մնաց 1-2 աշակերտ
Աշխարհի ամենաթանկարժեք աշակերտը սովորում է Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղում: Այս աշակերտի ուսումն ապահովելու համար պետական բյուջեից ամեն տարի 19 միլիոն դրամ է հատկացվում: Բայց այնպես չէ, որ այս աշակերտը շքեղ պայմաններում է սովորում: Դպրոցը սովորական գյուղական դպրոց է, ձմռանը դասասենյակը ջեռուցվում է դիզելային վառելանյութով աշխատող վառարանով:
Երեկ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց՝ Գեղարքունիքի մարզում կա 1 դպրոց, որն ունի 1 աշակերտ, եւ որի համար ծախսում են տարեկան 19 միլիոն դրամ. «Նա թերեւս աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է: Ընդ որում, այս աշակերտին բերել են բոլորովին այլ մարզից, որպեսզի դպրոցը կարողանան պահել։ Մենք մարզպետի հետ քննարկում ենք այն հարցը, որ եթե այս աշակերտը մնալու է, մենք կարող ենք իր համար շքեղ ավտոմեքենա գնել, մի թանկարժեք վարորդ վարձել նրա համար, որ դա պետության վրա ավելի էժան նստի, քան այն, որ մենք հիմա ծախսում ենք»:
«Առավոտի» հետ զրույցում Գեղաքարի դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանն ասաց, որ դպրոցում ոչ թե 1, այլ արդեն 2 աշակերտ ունեն, մեկը՝ 8-րդ դասարանցի է, մյուսը՝ 1-ին:
Նախարարի ասած ամենաթանկարժեք աշկարետը 8-րդ դասարանցին է, նա Թագուհի Աթայանի եղբոր որդին է: Արայիկ Հարությունյանի այն պնդումը, թե աշակերտին այլ մարզից են բերել, որպեսզի դպրոցը պահեն, իսկ դպրոց պահելն էլ նշանակում է ֆինանսավորում ստանալ, տնօրենը համաձայն չէ: «Այդ երեխան 8 տարի է մեր դպրոցն է հաճախում, դպրոցը պահելու համար չենք բերել: Այն ժամանակ աշակերտների քանակը շատ է եղել: Այդ երեխայի ծնողները բնակվում էին այս գյուղում, հետո տեղափոխվեցին Արարատի մարզ: Երեխան մնաց մեզ մոտ, մեր տանն է ապրում, մեր դպրոց է հաճախում»,- ասաց Աթայանը: 1-ին դասարանցին էլ այս ուստարում է ընդունվել. նա Գեղաքար համայնքից է:
Իսկ թե քանի աշակերտ է դպրոցն ունեցել նախկինում, տնօրենն ասաց՝ հնարավոր է 10. «Վերջին 2 տարում գյուղում համարյա բնակիչ չի մնացել, աշակերտ՝ նույնպես»:
Այս դպրոցում երեխաները 2 առարկա չեն կարողանում սովորել, ուսուցիչ չունեն: 5 ուսուցիչ է աշխատում 2 աշակերտների կրթությունն ապահովելու համար: Դե դպրոցն ունի պահակ, հավաքարար, հաշվապահ եւ այլն: Աթայանն ասաց, որ մոտ 10 միլիոն դրամն ուղղվում է աշխատավարձերին:
Արդյոք արդարացված է 2 աշակերտի համար դպրոց պահել ու 19 միլիոն դրամ ֆինանսավորում ստանալ, եւ արդյոք տնօրենը չպետք է դիմեր մարզպետարան ավելի արդյունավետ միջոց ձեռնարկելու համար, մեր այս հարցերին դպրոցի տնօրենն այսպես պատասխանեց. «Եթե վերցնում ենք բյուջեի տեսակետից, գուցե… բայց դժվար է երեխաներին տեղափոխել ուրիշ դպրոց: Էն մի աշակերտը ասենք կգնա իր հիմնական բնակավայրը՝ ծնողների մոտ, բայց էն առաջին դասարանցին…6 կիլոմետր հեռավորության վրա է ամենամոտիկ դպրոցը: Ձմռանը խնդիր է տանել-բերելը: Բայց եթե խոշորացնեն, փակեն դպրոցը, թող փակեն, ոչ մի պաշտոն հիմնական չէ: Ես 94 թվականից տնօրեն եմ աշխատել, պաշտոնը հիմնական չէ, դիպլոմս էլ հո ձեռքիցս չե՞ն վերցնելու, կաշխատեմ ուսուցիչ, ի՞նչ խնդիր»:
Թագուհի Աթայանն ասաց, որ նախարարի տեղեկությունը լիարժեք չէ, ամենաթանկարժեք աշակերտը՝ իր զարմիկը, 2011 թվականից է գյուղում բնակվում, նրա ծնողներն էլ այլ մարզ են տեղափոխվել 2015-ին. «Նրանք տեղափոխվել են ինչպես մնացած բնակչությունը: Բայց ես ինչ կարող էի անել, թող փակեին դպրոցը: Փակո՞ւմ էին ե՞ս էի ձեռքից բռնում: Կամ ինչի մարզպետարանը տեղյակ չի՞ եղել դպրոցի աշակերտների թվի մասին: Տարին մի քանի անգամ հաշվետվություն ենք ներկայացնում: Մեր բյուջեն տվողը ֆինանսների նախարարությունն է, մարզպետարանով հաստատվում է: Թող չտային, ինչ անեմ ես: Բայց ոչ թե պիտի դպրոցը փակեն, այլ պիտի այնպես անեն, որ գյուղն ու դպրոցը բարգավաճեն: Եթե փակեն՝ այդ մի քանի ուսուցիչներն էլ կտեղափոխվեն ու գյուղը կդատարկվի»: Աթայանն ասաց, որ հիմա գյուղում 5 ընտանիք կա, թեեւ հիմնական բնակչությունը 40 ընտանիք է, բայց փաստացի չեն ապրում գյուղում: Տնօրենն ու զարմիկը դեմ չեն նախարարի առաջարկությանը՝ թանկարժեք մեքենա՝ թանկարժեք վարորդով, որպեսզի ուրիշ դպրոցում կրթությունն ապահովեն. ասաց՝ ինչպես ղեկավարությունը որոշի:
«Դե, գիտե՞ք, գյուղի պահպանման հիմքը դպրոցն է, ամեն ձեւով փորձում ենք պահպանել: Ճիշտ է, ծախսը շատ է, ուղղակի կարելի է ծախսերը քչացնել ու դպրոցը պահել»,-մեզ հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գեղաքարի գյուղապետ Կարինե Մարտիրոսյանը: Նա վստահ է՝ եթե դպրոց չունենան՝ համայնքն էլ գոյություն չի ունենա. «Ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց, ո՛չ կուլտուրայի շենք, գյուղը քանդվում է: Գիտեք, ուսուցիչների մակարդակն էլ լավը չէ: Մարդիկ ձգտում են, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան, ու տանում են կողքի համայնք՝ Լուսակունք, Խաչաղբյուր»: Գյուղապետն ասաց, որ համայնքում հիմնականում փախստականներ են բնակվում, գրանցված է 40 ընտանիք, բայց ոչ մշտական, այսպես ասած՝ սեզոնային բնակիչներ են. «Ամառը գալիս են, ձմեռն իջնում են կողքի համայնք: Մեր համայնքը լեռնային է, ձմռանը ճանապարհը փակվում է, ու տեղաշարժվել չի լինում: Մեր միջոցներն էլ սուղ են ճանապարհը բացելու համար: էս տարի էլ 4-5 անգամ բացել ենք: Բայց ճանապարհի խնդիրը լուրջ է, երեխաներին դպրոց տանել-բերելը՝ բարդ է: Եթե դպրոցն էլ փակվի…»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.03.2019
Լուսանկարը` Վաղինակ Ղազարյանի/Մեդիամաքս