Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանի դեմ բողոքները Երեւանի քաղաքապետից մինչեւ ՌԴ դեսպանին են հասել

Մարտ 22,2019 14:30

«Գազպրոմ Արմենիայի» գազատարն ու դիտահորը «ազատազրկվել» են՝ «խափանման միջոց» ընտրելով ցանկապատը

Հալաբյան 22/1 հասցեում է գործում «Նոգրամ» ՍՊ ընկերությունը:

Ընկերության տնօրենը մեզ հայտնի Սպիտակի շրջկոմի առաջին քարտուղար, տնտեսագիտության դոկտոր Նորիկ Մուրադյանն է: Նա խնդրել էր, որպեսզի «Առավոտը» գա իր տարածք, տեղում նկարահանումներ կատարի:

Ն. Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը մարզական է: Մարզական ակումբը հիմնադրել են Ռուսաստանի քաղաքացիները՝ ՌԴ առաջին վարչապետ Ի. Սիլաեւը, «Կամազ» գործարանի նախկին տնօրեն Բեխը, ակադեմիկոս Ա. Աղամբեկյանը, ՌԴ արտաքին առեւտրի նախկին նախարար Վ. Բրյուխովեցկին եւ այլք, որոնք ներդրումներ են կատարել:

«Սպիտակ լողավազաններ» անունով հայտնի տարածք էին գալիս երեխաներ, ջրագնդակի առաջնություններ էին կազմակերպվում, կար մեծ թենիսի դաշտ, հանգստյան գոտի, սակայն ներկայումս այն աշխատում է ցածր հնարավորություններով, քանի որ խնդիր ունեն Երեւանի պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի հետ:

Նորիկ Մուրադյանը դիմել է Երեւանի քաղաքապետին, ՌԴ դեսպանին, հայտնելով, որ առանց իրենց համաձայնության, իր տարածքին կից կառույց է ձեռք բերել Ա. Սահակյանը, քանդում, եւ իրենց սեփականություն հանդիսացող հողի վրա հսկայածավալ շինքանդման աշխատանքներ են իրականացվում:

Լուսանկարում պատկերված աստիճանները՝ կանաչով պատված, այլեւս ամայի էին, իսկ քանդման հետեւանքով անգամ ընկերության շենքի ներսում ճաքեր էին առաջացել, երեխաների համար ստեղծվել վտանգավոր պայմաններ:

Նորիկ Մուրադյանի լիազորված անձը՝ փաստաբան Ռուբեն Չիբուխչյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ուր պատասխանող են ճանաչվել «Էլիզաս» ՍՊ ընկերությունը, Արման Սահակյանը, երրորդ անձ են ճանաչվել «Գազպրոմ Արմենիան», անշարժ գույքի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը, Աջափնյակի նոտար Տ. Մինասյանը:

Ն. Մուրադյանն ասաց, որ երկու տարի առաջ դեկտեմբերին իր ընկերության, «Էլիզասի» տնօրեն Ավետիկ Ավագյանի եւ Արման Սահակյանի միջեւ կնքվել է անշարժ գույքերի փոխանակման եռակողմ պայմանագիր, ինչը վավերացրել է նոտար Տ. Մինասյանը:

«Նոգրամի» սեփականությունն էր հանդիսանում 0.014625 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, Հալաբյան 20/9 հասցեի՝ 0.016 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը:

Կողմերից՝ «Էլիզասի» սեփականությունն էր հանդիսանում Հալաբյան 20/8-ում գտնվող 0.073754 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, իսկ Արման Սահակյանինը, ըստ պայմանագրի, Հալաբյան 20/4 հասցեում գտնվող 0.09 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը: Պայմանագիրը կնքելու պահին, գործում առկա է եղել բանկերից մեկի համաձայնությունը՝ գույքն առանձնացնելու, փոխանակելու, գույքը միավորելու վերաբերյալ:

Արման Սահակյանի հողամասում դեռ «կալանավորված» է «Գազպրոմ Արմենիայի» գազատարն ու դիտահորը:

Ըստ էության, եռակողմ պայմանագրի կնքելուց հետո է պարզվել այդ մասին, իսկ պայմանագրում ոչ մի խոսք չի եղել գազատարի եւ դիտահորի վերաբերյալ: Ի դեպ, անշարժ գույքի պետական կոմիտեից վերցված տեղեկանքում էլ բացակայել է գազատարի եւ դիտահորի վերաբերյալ տեղեկատվությունը:

Ահա, թե ինչու են վերջին երկուսը նույնպես ներգրավվելու դատական գործընթացների մեջ:

Ստացվել է այնպես, որ «ազատազրկված» «Գազպրոմ Արմենիան» իր իրավունքները պետք է իրացնի Արման Սահակյանի հողակտորի վրա, որը ցանկապատված է, իսկ տարածքում մոտ տասնհինգ մետրանոց փոս է փորվել, ուր նաեւ Նորիկ Մուրադյանի օրինական շինություններն են: Նշենք, որ այդ հողակտորը փոխանակվել էր, սակայն փաստացի մնացել է Ա. Սահակյանի տիրապետման տակ:

Մարզական ընկերությունը չի կարողանում տնօրինել իր գույքը, իր սեփականությունը, ուստի դատարանով պահանջում է պայմանագիրը լուծելու, որպես հետեւանք պետական գրանցումներն անվավեր ճանաչել:

Մեր հարցին, թե ինչու այդ պահանջները մինչ դատարան դիմելը չեն ներկայացվել Ա. Սահակյանին, զրուցակիցս՝ պարոն Մուրադյանն ասաց, թե ընկերության անունից անցյալ տարվա հուլիսի 24-ին դիմել են Ա. Սահակյանին՝ պայմանագիրը լուծելու հարցով, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չի ստացվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

21.03.2019 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031