Լեւոն Ջավախյանը հրատարակել է իր նոր գիրքը` «Ծնկան ծերին» խորագրով: Կառուցվածքային բովանդակությամբ ժողովածուն բաղկացած է Սերգեյ Սարինյանի` «Աշխարհը Վերնիսաժի հայացքով կամ Ջավախյանի ավետարանը» տարիներ առաջ գրած հոդվածից, «Պատմվածքներ», «Հավիտենական վերադարձ», եւ «Վերջաբանի փոխարեն» բաժիններից, ուր զետեղված են «փոքր կտավի» գործեր եւ մի ընդարձակ հարցազրույց: Ու թեեւ հեղինակը դրանք անվանում է պատմվածքներ, մինչդեռ ժանրային առումով այդ գործերը իրենց ոճաձեւույթային տեսքով, «գիտակցական հոսքերի», «ներքին սյուժեների» անսովոր մի համադրություն, սինթեզ են: Տպագրված գործերը լինելով մեր ժամանակների (նաեւ անցյալի) իրական կյանքի խճանկարային պատկերներ, ավելի շատ նման են էսքիզների, սոցիալ-հոգեբանական էտյուդների, կենցաղանկարների, հուշաերազանքային վերապրումների, քանդակների` շաղախված գրողի կենսագրական պատումներով, անկեղծության, ճշմարտության դրոշմակնիքով: Այսինքն` գրողը կարճ տարածությունների վրա կառուցում է աշխարհընկալման, թեմատիկ լայն ընդգրկումների, դատողությունների ու պատկերացումների իր աշխարհը, որը համարժեք է իրական կյանքի նեգատիվ եւ պոզիտիվ իրողություններին, դարի հակասական ռիթմերին, բարոյական անկումներին, բարու ու չարի հավերժական մրցակցությանը: Լրագրական ու գրական ժանրերի յուրահատուկ այդ սինթեզով, ինքնօրինակ աշխարհայացքով, անհատականությամբ Լեւոն Ջավախյանը վերլուծում, վրձնում, քանդակադրվագում է իրական կյանքի խայտաբղետ իրողությունները` խոհափիլիսոփայական հայացքով, ժողովրդական մտածողությամբ, բանահյուսական ատաղձով, հաճախադեպ նաեւ աշխարհաքաղաքացու մտայնությամբ նժարելով տեսանելին ու անտեսանելին, զատելով կարեւորը անկարեւորից: Առօրյա կյանքը «քննաբանելով» Վերնիսաժի դիտակետից` Լեւոն Ջավախյանը լայնքով ու խորքով բացահայտում է մեր ապրած ժամանակների դրաման ու էպիկան եւ բաց ու փակ տեքստերի շրջանակների մեջ է ներառում ազգի, աշխարհի, շարքային մարդու ճակատագիրը:
Գրողը իր անձի ու կենսագրության օրինակով, միաժամանակ պանծացումի կոչ է հնչեցնում մարդուս իրավունքի, ազատության, ստեղծագործ ոգորումների, արարումների մասին` գեղարվեստորեն հիմնավորելով դրանք կենսաբանական ու հոգեբանական գործոններով՝ պոլեմիկ բնույթ տալով պատումներին:
Լեւոն Ջավախյանը հընթացս անդրադառնում է գրողի կոչման առաքելության, հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքի խնդիրներին: Ժողովածուի գլխավոր հերոսը հեղինակն է: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ ստեղծագործությունների պատումները շարակարգված են առաջին դեմքով, այլ դա գեղարվեստական ոճի, արտահայտչականության, կարելի է ասել` նաեւ մեթոդի դրսեւորման յուրահատուկ բնույթ է:
Այդօրինակ լիցքերով ու երգիծական երանգով են տոգորված «Աստան», «Մխիթարյան 10», «Դառնա դեղին օր», «Գրողը», «Էսսե (մ)», «Ես այդ ես եմ» գործերը:
Լեւոն Ջավախյանը կենսաբանական ու հոգեբանական «գաղտնիքների», ռելիեֆային նրբագծերի, «բաց» եւ «փակ» տեքստերի գրող է` մարդակենտրոն իր մեկնաբանություններով, դատողություններով ու խոհերով, ժողովրդական մտածողությամբ: Չխորշելով «անկիրթ», «անհաճո» արտահայտություններից ու ձեւակերպումներից՝ Լեւոն Ջավախյանը հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի բազում թաքստոցներ է բացահայտում` մերժելով ինչ-ինչ արժեքներ, որ բրածոյի նման դարեր շարունակ ուղեկցել են մեզ: Իր էությամբ ձուլված լինելով հայրենի բնաշխարհին, անափ սեր տածելով ծնողների, ընկերների նկատմամբ, շրջապատին ընդհանրապես, համոզվում ես, որ «Հավիտենական վերադարձ» շարքի գործերը յուրահատուկ հիշատակարան-օրագրեր են` ինքնախոստովանության, երախտագիտության, պանծացումի, սիրո ու հավատարմության, մերժումի ու ցավի շեշտերով: Ամեն մի պատումային շրջանակում, կոնկրետ իրավիճակում Լեւոն Ջավախյանը անհատին` տարբեր խավերի ու զբաղմունքի մարդկանց հայտնագործում, բնութագրում է միանգամայն նոր կողմից: Մարդու ու նրա գոյի խնդիրները` ազատությունը, իրավունքը, արժանապատվությունը, պատասխանատվությունը, առանցքային տեղ են գրավում նրա ստեղծագործություններում: Գրողի ընտրած նյութի ոչ միայն թեմատիկ, այլեւ գեղարվեստական լուծման առումով ուշագրավ են «Մոր նամակն իր անարժան որդուն` Լեւոն Ջավախյանին», «Իբրեւ պատասխան մորս նամակին», «Երջանկության գինը», «Խաղաղ հողեր», «Թակարդ», «Իմ պայքարը», «Փախուստ», «Հորս երջանկությունը», «Նմանը չկա՞ն», (Հրաչիկ Մաթեւոսյանին նվիրված) «Վենձը», «Ծնկան ծերին», «Ծանր է Խորենացու մեդալը» եւ այլ գործեր:
«Վերջաբանի փոխարեն» հարցազրույցը, Վարդուհի Սիմոնյան, 2013թ., ըստ էության, Լեւոն Ջավախյանի գրական հավատամքի, բարոյաքաղաքական հայացքների, ազատ ապրելու, մարդուն երջանիկ տեսնելու, կյանքին ճշմարիտ աչքերով նայելու ժողովածուից արտածված բանաձեւումներ են:
Եվ որովհետեւ Լեւոն Ջավախյանի «Ծնկան ծերին» հավաքածուի «աստառն ու երեսը» կառուցվածքային առումով գրեթե նույնական են եւ ցոլացնում են մեր իրական կյանքի բազում կողմեր, ընտրեցի գրախոսության տարբեր տեսակներից կառուցվածքային ձեւը, որը համահունչ է գրողի մտածելակերպին ու գործերի ոգուն:
Այնուհանդերձ, վերջակետից առաջ ուզում եմ մեջ բերել տարիներ առաջ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի գնահատանքի խոսքը. «Լեւոն Ջավախյանը ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից է, եւ նրա ստեղծագործությունը նշանակալից երեւույթ է 21-րդ դարի նորաոճ գրականության զարգացման հեռանկարում»:
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
21.03.2019