Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդակարգ՝ առանց ծայրահեղությունների

Մարտ 22,2019 12:30

«Եթե սննդակարգում մի օր միս չի եղել, համարում եմ, որ այդ օրը ոչինչ չեմ կերել»,- ասում է 21-ամյա Մայա Հախվերդյանը։ Մայայի համար միս-բանջարեղեն մենամարտում հաղթողն առաջինն է։ Սեղանի շուրջ էլ ընտրությունը հստակ է. «Առաջին հայացքից ինձ դուր կգա թարմ ու գունավոր աղցանը, բայց քանի որ աղցանների հիմնական մասում լոլիկ կա, իսկ ես տանել չեմ կարողանում այն, հաստատ կընտրեմ մսային կերակուրը»։

Հարցնում եմ՝ իսկ եթե աղցանը մսով է ու լոլիկ էլ չկա՞։ Ծիծաղում է, ասում՝ մեկ է՝ աղցանը չէր ընտրի։ Կարճ ասած՝ Մայան ու բանջարեղենը իրար հետ «ընկերություն չեն անում»։ «Ամիսներ առաջ ինձ վիրահատել էին։ Ասացին, որ 3 ամիս պիտի հեռու մնամ արագ սննդից՝ ներառյալ տապակած միսը։ Ես էլ, որպես այլընտրանք, սկսեցի խաշած միս ուտել։ Ես, իհարկե, կողմ եմ առողջ սննդին, բայց երբ տարբեր տեսակի դիետաների ժամանակ մարդիկ ամբողջությամբ իրենց սննդակարգից բացառում են միսը, կարծում եմ՝ սխալ է»,-ասում է նա։

26-ամյա Սոնա Մանուկյանն էլ հենց 2016թ.-ի նորամուտին միս ուտելու անհրաժեշտությունը հարցականի տակ դրեց ու որոշեց գլխիվայր շուռ տալ սննդակարգը. «Մամային խնդրեցի, որ մսով քիչ ուտելիքներ պատրաստի Նոր տարվա համար, որ բանջարեղենով էլ ինչ-որ բաներ լինեն: Բայց մամաս նույն ուտելիքները պատրաստեց, ինչ-որ ամեն Նոր տարուն։ Ես էլ սկսեցի միս չուտել. հոգնել էի։ Զգում էի, որ բանջարեղեն ուտելու կարիք ունեմ: Որոշեցի փորձել միս չուտել, տեսնել՝ ինչ կլինի հետս: Սկզբում շատ դժվար էր, որովհետեւ փնտրածս բոլոր նյութերը՝ միս չուտելը օգուտ է, թե՝ վնաս, հակասական էին: Բայց միս չուտելն ինձ դուր էր գալիս ու էդպես էլ շարունակեցի։ Բացի այդ, արդեն մեկ տարի է՝ վեգան եմ՝ դիետայի համար։ Կար նաեւ ժամանակ, որ հումակեր էի»։

Հիմա «Նոր տարի- հայկական ընտանիք- վեգան Սոնա» հարաբերությունները կարծես թե լավ են։ Սոնան ասում է, եթե սկզբում որոշումն ընտանիքին տարօրինակ էր թվում, ապա հիմա ընդունում ու հարգում են իր ընտրությունը. «Հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել, ընտանիքիս անդամների համար էլ նորմալ է, որ բուսակեր եմ։ Էլ անսովոր ու վախենալու չի, փաստն ընդունել են։ Դեռ մի բան էլ մեծ ոգեւորությամբ մտածում են, թե ինչ եմ ուտելու։ Ինչ վերաբերում է Նոր տարվան, ապա ամեն օր պատրաստում եմ այն, ինչ ցանկանում եմ, ես միշտ թարմ սնունդ եմ ուտում»։ Սոնան ասում է՝ հիմա ավելի մտածված է ընտրում սնունդը՝ հաշվի առնելով դրա՝ օրգանիզմի վրա ունեցած հնարավոր հետեւանքները. «Գիտեմ՝ ինչ եմ ուտում, երբ ու ինչ քանակությամբ։ Բացի սննդակարգից, ցանկալի կլինի, որ կենդանիները չշահագործվեն տարբեր նպատակներով, չդառնան բռնության ու վատ վերաբերմունքի առարկա, բայց կարծում եմ՝ մոտակա ժամանակներում լուծելի հարց չէ։ Դեռ էդ տեսակ գիտակցական մակարդակ ակնկալելը միամտություն է»։

Իսկ այ բուդդայական կառավարիչ, բուսակեր Աշոկային նման մտքի իրականացումը միամտություն չթվաց։ Դեռեւս մ.թ.ա. 3-րդ դարում ապրող կառավարիչն իր կայսրությունում հասցրեց անգամ կենդանիների պաշտպանությանն ուղղված օրենք ընդունել։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասն էլ, օրինակ, որ բացի իր մաթեմատիկական թեորեմներից, հայտնի է նաեւ՝ որպես «բուսակերների հայր», սեղանին չուներ ո՛չ միս, ո՛չ լոբազգիներ։ Սննդակարգի այս տեսակը կոչվել է «Պյութագորասյան դիետա», մինչեւ որ 1980-ականներին սկսվեց ժամանակակից բուսակերական շարժումը։ Այնուամենայնիվ, բուսակերությունն ունի գաղափարական ու պատմական դարավոր հիմքեր։ Բուսակերների հիմնական սկզբունքն էլ իրենց կողքին ապրող մեկ այլ կենդանի օրգանիզմին չվնասելն է, սա փաստում է նաեւ մասնագետը։

Դիետոլոգ Գայանե Շախատունին ասում է՝ բուսակերությունը հին ուսմունքներից ու յոգական արվեստից սերվող երեւույթ է, ինչ-որ առումով՝ նաեւ փիլիսոփայական մոտեցում է կրում իր մեջ. «Շատ տեսություններ կան՝ առաջադրված բուսակերների կողմից, որ կարեւոր չէ՝ սպիտակուցները բուսական են, թե՝ կենդանական, միեւնույն է, ազդեցությունը նույնն է։ Բայց մենք՝ դասական սննդաբանության մեջ ե՛ւ քիմիականորեն, ե՛ւ կենսաբանորեն ապացուցել ենք, որ այն ամինաթթուները, որոնք կան կենդանական սպիտակուցների մեջ, այդ թվում՝ ձվի եւ մսի, հնարավոր չէ փոխարինել որեւէ բուսական սպիտակուցով։ Դեռ ավելին՝ բուսակերների մոտ հաճախ զգալի է երկաթի պակասը, քանզի հենց կարմիր մսից է սինթեզվում երկաթային մասը։ Բուսակերները պարբերաբար պետք է արյան անալիզ հանձնեն՝ իմանալու համար երկաթի մակարդակն արյան մեջ։ Եթե այն անհրաժեշտ մակարդակից ցածր է, պետք է հավելյալ պրեպարատներ օգտագործել, իհարկե՝ բժշկի հսկողությամբ։ Կամ էլ սննդակարգում ընդեղեն, կաթնաշոռ ու լոբազգիներ ընդգրկել։ Հարկ է նշել, որ բուսակերների օրգանիզմն, այսպես ասած, ավելի մաքուր է, որովհետեւ միսը, բացի ամինաթթուներից, պարունակում է նաեւ տոկսիններ, որոնք վտանգավոր են»։ Դիետոլոգն ասում է՝ ամեն ինչում պետք է գտնել ոսկե միջինը՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու։ Սննդային արվեստում կարեւոր են երկուսն էլ։

ՍՈՖԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

21.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031