ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ վաթսուներկուերորդ
ՀՈՐԻՆԱԾ ԱԶԳ
Եվ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ասում ես՝ Ղազախում երկրորդ անգամ ձրի ե՞ք խոսացել», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Կորյունն ասաց՝ «բայց առաջին անգամ ադրբեջանական փողերով ես խոսացել», եւ Հայկունին զարմացած նայեց Կորյունին ու ասաց՝ «դոլարն ադրբեջանական փող չի, տղա ջան», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծագումն ադրբեջանական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ադրբեջանցիք են տվել», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա՝ հենց ամերիկացիք էլ տվել են», եւ Կորյունը զարմացած նայեց Հայկունուն ու հարցրեց՝ «ամերիկացիք ինչի՞ պիտի տային», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու քմծիծաղով Կորյունին ասաց՝ «էդ արդեն Արշակն ու դու պիտի իմանաք», եւ Արշակն ասաց՝ «եթե ամերիկացիք ժողովուրդների միջեւ թշնամանքը վերացնելու նպատակով փող են ծախսում, էդ շատ լավ ա», եւ Արիկն Արշակին ասաց՝ «փաստորեն, ամերիկացիները ձեր փայից իրանց էլ են փայ հանել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դուշմանի փողն ուտելը հալալ ա», եւ ես ժպտալով Արիկին հարցրի՝ «հիմի դուշմանն ո՞վ ա՝ ամերիկացի՞ք, թե՞ ադրբեջանցիք», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «էրկուսն էլ», եւ Կորյունն արհամարհական նայեց Արիկին ու ասաց՝ «դուշմանն ամերիկացիներին ու ադրբեջանցիներին նույնացնողն ա», եւ Արիկն արհամարհական նայեց Կորյունին ու հարցրեց՝ «գոնե գիտե՞ս, որ էդ բառն իրանց բառն ա», եւ Կորյունը հարցրեց՝ «ո՞ր բառը», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «էդ դուշմանը» եւ մի քիչ մտածեց ու Կորյունին հարցրեց՝ «որ էդքան հայրենասեր ես, ինչի՞ ես իրանց բառն օգտագործում», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ադրբեջանցիք բառ չունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երբեք էլ չեն ունեցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընդհանրապես ադրբեջանցի ազդ գոյություն չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ ազգը Լենինի հնարած ազգն ա», եւ Արիկն ասաց՝ «ընդհակառակը. Լենինն իրանց Կովկասյան թաթար ա անվանել», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «մեր էս սաղ խոսակցությունները գրելու ե՞ս», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «երեւի կգրեմ», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «նույնությա՞մբ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «թե՞ որոշ բաներ փոխելու ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «փոխելու բան չկա», եւ Կորյունը ժպտալով ինձ ասաց՝ «ոչ կավելացնես, ոչ էլ կպակասացնես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մի անգամ մի շուն տաճիկ հայհոյեց իմ ազգին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, Շեքսպիրն ու Օթելլոն էլ են էդ անասուններին ատել», եւ Արիկն ասաց՝ «առաջին անգամ եմ լսում, որ Շեքսպիրն ադրբեջանցիներին ատել ա», եւ Կորյունն ասաց՝ «Շեքսպիրը ոչ թե ադրբեջանցիներին ա ատել, այլ՝ թուրքերին»:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: