Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարգեւատրումները եղել են այս ամիս, լինելու են նաեւ առաջիկայում, բայց լինելու են հանրային ընկալման տեսանկյունից խելամտության շրջանակներում». Անանյան

Մարտ 21,2019 23:22

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ-ում փակ հանդիպում էր ունեցել ԲՀԿ պատգամավորների հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ բազմազան հարցեր են քննարկել պատգամավորների հետ. «Հարցերը վերաբերում էին Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների հետ կապված իրենց մտահոգություններին, տնտեսական հեղափոխության հետ կապված հարցադրումներ ունեին: Զրույցը ավելի շատ ոչ թե ՊԵԿ-ի գործառույթների շրջանակներում էր, այլ՝ ավելի շատ տնտեսության, պետություն-տնտեսվարող սուբյեկտներ հարաբերությունների»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կախված արտոնությունների մասին խոսակցություն եղա՞վ՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Բացարձակ նման բան չի եղել: Զրույցը շատ հաճելի էր: Որոշակի քննադատություններ եղան ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված, որ իրենց կարծիքով այս կամ այն գործառույթը հնարավոր էր ավելի պատշաճ իրականացնել: Զրույցը եղել է միայն ընդհանուր տնտեսություն, հարկեր, հարկային վարչարարություն, տնտեսական հեղափոխություն, այդ շրջանակներում: Պարոն Ծառուկյանի բիզնեսներին որեւէ անդրադարձ չի եղել»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլում տեղեկություն կա, որ մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը հրահանգ է իջեցրել, որ մեկ ամիս շարունակ խոշոր գործարարներին ապրանք ներկրելու մաքսերից ազատեն, ինչը առաջացրել է պատասխանատուների դժգոհությունը, ասվել է, որ դա ֆինանսական լուրջ հարված է լինելու բյուջեին: Հարցին՝ նման հրահանգ եղե՞լ է, տեղեկությունը ճի՞շտ է՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Նրա կողմից այդպիսի հրահանգ չէր կարող իջեցվել: Եթե այդպիսի հրահանգ եղել է, պետք է իջեցվեր իմ կողմից, ես նման բան չեմ հիշում, ես նույնիսկ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը»:

Անդրադառնալով պարգեւատրումներին, հարցին՝ այսքան աղմուկից հետո նորից պարգեւատրումները փաստորեն շարունակվում են, հասարակական աղմուկը զսպող դեր չունեցա՞վ՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Չէի ասի հասարակական աղմուկ, եկեք դրա անունը դնենք հանրային վրդովմունք: Նախորդ տարվա պարգեւատրումների հետ կապված թե՛ հանրային քննարկումների, թե՛ կառավարության ներսում կատարված քննարկումների եւ որոշումների առումով մենք որոշակի վերադասավորումներ ենք արել ու այսօր մենք պարգևատրումներ վճարում ենք ոչ թե որպես պարգեւատրումներ, այլ համարենք, որ այդ պարգեւատրումները աշխատավարձի հավելավճարներ են: Վարչապետն իր ասուլիսի ժամանակ հանդես եկավ թեզով, որ մենք այդ պարգեւատրումներին պետք է նայենք որպես պետական ծառայողին արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ: Այո, պարգեւատրումները եղել են այս ամիս, լինելու են նաեւ առաջիկայում, բայց լինելու են հանրային ընկալման տեսանկյունից խելամտության շրջանակներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031