Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների զբաղվածության խնդիրը:
Նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնում էր 2018 թվականի կատարողականը:
Պատգամավորը, մասնավորաբար, առաջարկում է ՔԿՀ-ների գրադարանները վերանորոգել եւ «ակտիվացնել»: Նա նախագիծ էլ ունի, այսօր, պարզապես, ցանկանում էր լսել դրա վերաբերյալ նախարարի կարծիքը: «Որպեսզի դատապարտվածների մոտ բարձրացնենք ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, առաջարկում ենք, այն դատապարտյալը, որը որոշակի գիրք կկարդա, այդ չափով նվազեցվի պատժաչափը: Պայմանական ասած՝ մեկ գիրք կարդալու դեպքում երեք օր նվազեցվի պատժաչափը: Հանձնաժողովը կստուգի կարդացած գրականության ցանկը եւ կփոխանցի փորձագետներին»,- իր մտահղացում-նախագիծը ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը:
Սա, սակայն, չի նշանակում, որ անվերջ կարդալով, դատապարտյալը կարող է «հաղթահարել» կալանքը: Կալանքի նվազեցումը մեկ տարվա ընթացքում, սահմանափակվելու է մեկ ամսով:
Առաջարկը ծիծաղ առաջացրեց: Սերգեյ Բագրատյանը չհանձնվեց`նախատեց ներկաներին, որ անտեղյակ են միջազգային ընդունված պրակտիկայից: Նախարարն էլ այսպես արձագանքեց պատգամավորին. «ՔԿՀ-ներում գրադարանները բավական հարուստ են: Իհարկե, գիրքը իր տեղը զիջում է էլեկտրոնային կրիչին, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք»:
Ինչ վերաբերում է պատգամավորի առաջարկին, նախարարն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք ամեն տարի նիստ արվի` տեսնենք կարդացել է, թե ոչ: Մենք այլ ուղղությամբ ենք շարժվում: Այդ աշխատանքը, գիրք կարդալը հանդիսանալու են գնահատման օբյեկտ դատապարտյալի ռեժիմները փոխելու, պայմանական վաղաժամկետ ազատելու համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ