Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից Գյումրու պատմական կենտրոնում կառուցվող «Գյումրի ֆլորենս» ռեստորանն արդեն պատրաստ է, շուտով այն կհանձվի շահագործման։
Այս մասին իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Ըստ քաղաքապետի, փաստն ուշագրավ է նրանով, որ այն «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում կատարված ամենախոշոր ներդրումն է և ի տարբերություն մյուս մեծահարուստների ու պաշտոնյաների, որոնք իշխանափոխությունից հետո հրաժարվեցին Գյումրու պատմական միջուկում իրենց ներդրումներից, Կարեն Կարապետյանը շարունակեց շինարարությունը։ Հիշեցնենք, որ նախկին վարչապետը մտադրված էր Գյումրու կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ու այդ նպատակով ստեղծել էր «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը, վերանորոգել Ռուսթավելու անվան պատմական փողոցը։
Aravot.am-ը «Գյումրի ֆլորենս» ռեստորանի տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե հաջողվե՞ց արդյոք կադրեր ընտրել Գյումրիից․ վերջինս ի սկզբանե հայտարարել էր, որ ռեստորանի աշխատակազմը պետք է լինի Գյումրիից․ Կարեն Կարապետյանի՝ Գյումրիում կատարած ներդրման իմաստն այն է, որ աշխատատեղեր ստեղծվեն այս քաղաքի բնակչության համար։
«Ներկա պահին ունենք 45 աշխատատեղ, բոլոր կադրերը ընտրված են ու բոլորը Գյումրիից։ Իհարկե, ընտրել ենք մեծ դժվարությամբ, անցել են մրցույթի տարբեր փուլեր․ խորհարարները, հրուշակագործները, բարմենները և մատուցողները ներկա պահին վերապատրաստվում են Երևանի «Ֆլորենս» ռեստորանում։ Թափուր աշխատատեղերի մասին թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ համացանցով հայտարարություն տարածելուց, զբաղվածության կենտրոնին դիմելուց հետո «մասնագետների» հետ հարցազրույցներ ենք արել, պրոֆեսիոնալ կադրերը, որոնք մեզ անհրաժեշտ էին, չկային։ Մենք, իհարկե, կարող էինք նրանց վերցնել, վերապատրաստել, դարձնել պրոֆեսիոնալ, բայց այնքան չէին համապատասխանում, որ պարզապես չէինք հասցնի անել։
Շատ երկար փնտրտուքներից հետո կարողացանք գտնել հիմնական մասնագետներ, մենք ուզում էինք, որ հենց գյումրեցին աշխատի այստեղ։ Ասեմ, որ ինքնակենսագրականներ ենք ստացել Վրաստանից, Ռուսաստանից և երկու հատ Եվրոպայից։ Սա շատ հետաքրքիր է, նրանք բոլորը գյումրեցիներ են ու պատրաստ են վերադառնալ հայրենիք, հայրենի քաղաք։ Մի հոգու հետ ներկա պահին ակտիվ բանակցությունների մեջ ենք․ նա 30 տարեկան երիտասարդ է, բնակվում է Շվեդիայում, խոհարար է․ աշխատում է Ստոկհոլմի օդանավակայանում, պատրաստ է վերադառնալ Գյումրի։ Ամեն ինչ անում ենք, որ գյումրեցին վերադառնա հայրենիք»,-ասաց Կարեն Հարությունյանը։
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ կադրերի մրցույթի ժամանակ ամենաշատ խնդիրն ունեցել են սպասարկող անձնակազմ ընտրելիս․ գյումրեցու մենթալիտետը թույլ չի տալիս մատուցող աշխատել։
«Գյումրեցին կարող է գնալ մայրաքաղաքում մատուցող աշխատել, բայց ոչ իր քաղաքում։ Ճիշտ է այլընտրանք ունենք Երևանից, բայց խոստմանը համաձայն, ընտրություն ենք կատարելու գյումրեցիներից, այս հարցը ևս լուծման ընթացքի մեջ է, մինչև վերջին պահը ամեն ինչ անելու ենք, որ Գյումրիից լինի։ Աշխատավարձը բավական բարձր է, շուկան ուսումնասիրել ենք, գնային քաղաքականությունը մշակելիս ևս հաշվի ենք առել, թե որ քաղաքում է գտնվում, գյումրեցու գրպանին համապատասխան գներ են սահմանվելու։
Ունենք նաև հյուրընկալի հաստիք, միգուցե սա նորություն է Գյումրու սպասարկման ոլորտում, հյուրընկալը յուրաքանչյուրին անհատական մոտեցում պիտի ցույց տա, սրահները ցուցադրի»,-ասաց մեր զրուցակիցը։
Թե ինչով կտարբերվի Կարեն Կարապետյանի ռեստորանը Գյումրու մյուս ռեստորաններից, Կարեն Հարությունյանն ասում է ՝ գունային լուծումներով, դիզայնով, կոլորիտով․․․
Ի դեպ, Կարեն Կարապետյանն այս ընթացքում պարբերաբար այցելել է Գյումրի, տեղում փոփոխություններ կատարել, որպեսզի գյումրեցիներին կառույցը հարմարավետ լինի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարեն Հարությունյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից