«Մենք վերացրել ենք պարտադիր, կենտրոնացված կառավարվող մոլախաղերը ՔԿՀ-ներում»,- այս հայտարարությունն այսօր, ԱԺ-ում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում արեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը ներկայացնում էր 2018 թվականի հաշվետվությունը:
«ՔԿՀ-ներում, մեր ունեցած տեղեկություններով, կանխիկ գումար չի պտտվում, նաեւ չկա չխաղալու տուրք, հանվել է: Ժամանակին կար, պետք է խաղաս, դրանից որոշակի տուրք վճարես համապատասխան հիերարխիայի անձին, կամ եթե չես ուզում խաղալ՝ պետք է վճարես մինիմալ տուրք»,- մանրամասնեց նախարարը:
Նիստին ներկա ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ այլ մանրամասներ հայտնեց` տուգանքի չափը 20 000 դրամ էր:
Պատասխանելով պատգամավորների հարցերին, նախարարն ասաց, որ այս պահին չեն կարող բացառել մեխանիզմները, որ խաղում են ներսում, դրա համար գումարները վճարում են դրսում. «Բայց դրան ուղղված միջոցառումներ ենք իրականացնում, նախագիծ կա այս մշակույթի կրողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու: Եթե մենք կարողանաք այս ամբողջը համալիր իրականացնել, գուցե հասնենք երանելի վիճակին»:
Արտակ Զեյնալյանը հավաստիացնում է` կալանավորների հերթով քնելու բացասական երեւույթը եւս վերցված է: Ասում է` դա մինչեւ համաներումն էր վերցված: «Հիմա ունենք հիմնարկներ, որտեղ պլոմբած խցեր կան, որովհետեւ լրակազմը չի լցվում»,- հավաստիացնում է նախարարը:
Նախարարը նաեւ պնդում է, որ կալանավորներին ընտանիքների կողմից փոխանցվող հանձնուկներն էլ են պակասել, քանի որ ՔԿՀ-ներում սննդի որակը բարելավվել. «2018-19թթ-ի ամանորին, ամբողջ համակարգում ստացվել է այնքան հանձնուկ, որը մեկօրյա «Նուբարաշեն» ՔՀԿ-ի հանձնուկներն են եղել: Դա լավ է, սոցիալական բեռը թեթևանում է: Իհարկե, այստեղ էլի անելիքներ ունենք: Նաեւ ճաշարաններն են վերանորոգվում, որպեսզի նոր սանիտարահիգիենիկ խոհանոցային պարագաներով լցվեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ